Սամվել Գալստյան. «Մի ցանեք կարտոֆիլ, ցանեք ցորեն»
«Այս տարի նախորդ տարիների հետ համեմատած` կլիման ավելի բարենպաստ է եղել, սակայն կան ոլորտներ, որտեղ մենք չխուսափեցինք խնդիրներից»,- այսօր «Դե Ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:
Ներկայացնելով գյուղատնտեսության մի քանի ուղղություններ` նա մատանշեց հատկապես հացահատիկային բույսերի խնդիրը: «Այս տարի ունեցել ենք 171.500 հեկտար հացահատիկ եւ հատիկաընդեղեն մշակաբույսեր, ինչը գրեթե հավասար է նախորդ տարվա արդյունքին` 415.000 տոննա համախառն բերք, այս տարի` 361.500 տոննա»:
Ս. Գալստյանն նաեւ ասաց, որ վերջին 5 տարիներին նկատվում է հատկապես ցորենի նվազման տենդենց: Դրանից ելնելով` Կառավարությունը մշակել է աջակցության ծրագիր` առաջարկելով մեկ հեկտարի համար 35.000 դրամ:
Անդրադառնալով հացահատիկային բույսերի որակին` Ս. Գալստյանն ասաց. «Մենք ունենք բարձր որակի սերմնացուի կարիք, դրա համար բանակցություններ են անցկացվում ՌԴ-ի հետ` ավելի լավորակ սերմերի ներկրման համար»:
Խոսելով տնտեսության մեկ այլ ճյուղի` խաղողի արտադրության մասին` նա ասաց. «ՙԱյս տարի մենք ունեցել ենք 205.000տ համախառն բերք` անցյալ տարվա 185.000 տոննայի դիմաց, սակայն մթերում ավելի քիչ է իրականացվել, քան անցյալ տարի: Սա ավելի շատ պայմանավորված է արտահանության մեծ քանակությամբ, ինչպես նաեւ գյուղացիների` սեփական իրացման միջոցներով: Մթերման մեկ կգ-ի գինն այս տարի եղել է 114 դրամ` անցյալ տարվա 140 դրամի փոխարեն, իսկ պայմանավորված որակական հատկաիշներով` նաեւ 70-130 դրամ»:
Այն, որ հաճախ մթերում ընդունող ձեռնարկությունները պարտադրում են իրենց ձեռնտու գինը` առաջարկելով տվյալ տարի ընդունված գնից ավելի ցածր գին, Ս. Գալստյանը հերքեց` ասելով, որ բոլորը վճարում են ` ըստ ընդունված գնի:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալի խոսքերով` ոլորտում կարտոֆիլի արտադրության մեջ գրանցվել է ռեկորդային թիվ նախորդ տարիների համեմատ, այն դեպքում, երբ մենք ունենք հացահատիկային բույսերի կարիք. «Օրական արտահանվում է 30-100 տ կարտոֆիլ: Այսօր մենք ունենք կարտոֆիլի արտադրության ավելցուկ: Իհարկե, կա չիպսերի գործարան, օսլայի գործարան եւ այլն, սակայն այսքան շատ կարտոֆիլ մեզ պետք չէ»:
Այն, որ ցորենի արտադրության դիմաց 1 հեկտարի համար առաջարկվող աջակցության ծրագիրը ֆինանսական առումով զիջում է կարտոֆիլի արտադրությանը, պրն. Գալստյանը չհերքեց, սակայն գյուղատնտեսական ընկերություններին հորդորեց. «Մի ցանեք կարտոֆիլ, ցանեք ցորեն»:
Մարիամ Մուղդուսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել