HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սամվել Ավագյան. «1 մլրդ դոլարով կարելի է սարեր շուռ տալ»

s-avagyan_8.12.09Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկի` Արաբական Միացյալ Էմիրությունների «Dubai World» պետական ֆոնդը հայտարարել է, որ չի կարողանում վճարել վարկատուների պարտքը: Հայտարարությունից հետո 3 օր շարունակ համաշխարհային բորսաներում գրեթե բոլոր ցուցիչները մոտ 3-4 % անկում գրանցեցին: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սամվել Ավագյանը:

Նրա խոսքերով` այժմ ամերիկյան և ճապոնական բորսաներում վիճակը կայունացել է, սակայն եվրոպական բորսաները դեռ չեն վերականգնվում, քանի որ Դուբայի անշարժ գույքի հիմնական գնորդները եվրոպացիներն են: «Dubai World» պետական ֆոնդը իրականացնում է մի շարք խոշորածավալ ծրագրեր, որոնցից մեկը արմավենիների կղզյակների կառուցումն է: Այս նպատակով ֆոնդը պարտքներ էր վերցրել հիմնականում եվրոպական բաներից: Դեկտեմբերի 14-ին ֆոնդը պետք է աներ հերթական վճարումը` 3,5 մլրդ դոլար, բայց նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ միակողմանի կարգով 6 ամսով հետաձգում է այդ վճարումները: «Dubai World»-ի ընդհանուր պարտքը կազմում է 60 մլրդ դոլար: Սամվել Ավագյանի խոսքերով` սակայն, վտանգը 60 մլրդ դոլար պարտքը չէ: 60 մլրդ-ը համաշխարհային մասշտաբով շատ փոքր թիվ է. միայն Դուբայի բորսայում ներկայումս 1 տրիլիոն դոլարի շրջանառություն կա: Վտանգը այն է, թե որքանով Դուբայի դեպքերը կանդրադառնան այլ շուկաների վրա` որքանով կառաջանա դուբայական սինդրոմ: Ընթադրվում է, որ վերջինը կհարվածի անշարժ գույքի շուկաներին աշխարհի այլ կետերում, մասնավորապես այն գոտներում, որտեղ անշարժ գույքի հետ կապված շքեղ ծրագրեր են իրականացվում (Պանամա, Սինգապուր, Եգիպտոս): «Այսինքն` եթե այս հարցը լոկալ մասշտաբով փակվի, որևիցե համաշխարհային ճգնաժամի կամ 2-րդ ալիքի համար կարելի է չանհանգստանալ: Բայց եթե դուբայական սինդրոմը տարածվի ողջ աշխարհում, որի հավանականությունը նույնպես մեծ է, այդ դեպքում մենք կբախվենք ճգնաժամի հերթական ալիքին»,- ասաց վերլուծաբանը: Նրա խոսքերով` Արժույթի միջագային հիմնադրամը կանխատեսել էր այս սցենարը: Ըստ կանխատեսումների` մինչև 2009 թ. վերջը և 2010 թ. սկիզբը ճգնաժամի նոր ալիքներ անպայման պետք է լինեն հատկապես անշարժ գույքի շուկայում, քանի որ «անշարժ գույքի փլատակները լրիվ չեն մաքրվել»: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում Դուբայում, հենց «փլատակների մաքրման գործընթաց է», որին արևմտյան կառավարությունները պատրաստ են: Նոյեմբերի 27-30-ը ֆինանսական շուկաներում 3-4 % անկում է գրանցվել: «Դա այս տարվա ամենախոշոր անկումներից մեկն է: Բայց համեմատած անցյալ տարվա անկումային պրոցեսների հետ` հիմա ավելի փոքր ալիք է, ու բոլոր բորսաների ցուցիչները դեռևս չեն գտնվում իրենց նվազագույն կրիտիկական կետում. իրենք հիմա բավական բարձր մակարդակում են: Ուղղակի գործընթացն է սկսվել»,- ասաց Սամվել Ավագյանը: Նրա խոսքերով, այս անկումը Հայաստանի վրա անմիջական ազդեցություն չունի, քանի որ Հայաստանը Դուբայի ներդրումային գործընկերը երբեք չի եղել և այժմ էլ չէ: Դուբայից Հայաստան կատարված ներդրումների ծավալը այնքան չնչին է, որ եթե անգամ այդ ներդրումների ծավալը զրոյացվի, դա Հայաստանի տնտեսության վրա չի անդրադառնա: «Մի անուղղակի ազդեցություն կա, այն էլ` դրական կարող եմ համարել: Դա այն է, որ Դուբայի դեպքերի ազդեցությամբ տեղի է ունենում եվրոյի դիրքերի թուլացում և դոլարի ուժեղացում: Հաշվի առնելով, որ Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է (հատկապես մարտյան իրադարձություններից հետո մենք գնում ենք դեպի դոլարիզացիա)` մեր ընկերությունները, որոնց խնայողությունների հիմնական մասը այսօր դոլարով է, շահում են, քանի որ իրենց խնայողությունները արժևորվում են: Այլ ուղղակի ազդեցություններ չկան»,- ասաց Սամվել Ավագյանը: Նա միաժամանակ չբացառեց, որ եթե հետագայում ճգնաժամի ալիքը իսկապես բարձրանա, ապա այն շղթայական ռեակցիայով որոշակի ազդեցություն կունենա հատկապես Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Վերլուծաբանի խոսքերով` ենթադրվում է, որ Դուբայի ճգնաժամը առաջին հերթին ազդելու է անշարժ գույքի շուկաների և շինարարության ծավալների վրա ամբողջ աշխարհում: Սրա հետևանքով ողջ աշխարհում կնվազեն ներդրումները անշարժ գույքի շուկա, ինչպես նաև ոլորտի նկատմամբ պահանջարկը: Հայաստանի անշարժ գույքի շուկան ևս չի կարողանա խուսափել պահանջարկի անկումից և շինարարության մեջ ներդրումների կրճատումից: «Դեկտեմբերի 14-ից հետո շատ բան կհստակեցվի, որովհետև եթե առաջիկա օրերին իրենք չկարողանան համաձայնեցնել վարկատուների պարտքի հետաձգման պայմանները, ապա այդ կծիկը պահել չեն կարողանա»,- ասաց վերլուծաբանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք իրատեսակա՞ն է 2010 թ. բյուջեով նախատեսված 1-2 % աճը` հաշվի առնելով այն, որ խոսում են ճգնաժամի 2-րդ փուլի մասին: Սամվել Ավագյանը պատասխանեց, որ 1-2 % աճը ՀՆԱ-ին է վերաբերում, և բյուջեում աճ նախատեսված չէ: Բյուջեով նախատեսված է եկամուտների նվազում, իսկ ծախսերը պահպանվում են մոտավորապես նույն մակարդակի վրա: «Ես առանձնապես այդտեղ մեծ ռիսկեր չեմ տեսնում: Եթե համաշխարհային ֆինանսական շուկայից նոր ցնցումային ալիքներ չտեղափոխվեն Հայաստան, միջազգային շուկաներում կայունությունը պահպանվի (որը քիչ հավանական է), ՀՆԱ-ի 1-2 % աճը նույնիսկ քիչ եմ համարում. կարելի էր ավելի շատ նախատեսել, որովհետև իրենց տնօրինության տակ հիմա ֆինանսական հսկայական ռեսուրսներ կան: Կառավարությունը դրսից ներգրավված մոտ 1 մլրդ դոլարի ռեսուրս ունի, որը այս տարի և հաջորդ տարի կարող է օգտագործվել ճգնաժամի դեմ»,- ասաց Սամվել Ավագյանը: Նրա խոսքերով` շինարարական կազմակերպություններին երաշխիքներ տրամադրելու ծրագիրը, որ իրականացրել է Հայաստանի կառավարությունը, ըստ էության, չի աշխատում, քանի որ նախատեսված 20 մլրդ դրամ երաշխիքից մինչ այժմ ընդամենը 4-5 մլրդ-ն է տրամադրվել: Սամվել Ավագյանը պարզաբանեց, որ վիճակագրության համաձայն` Հայաստանում ճգնաժամ է ապրում  բացառապես այն շինարարությունը, որ իրականացնում էին անհատ քաղաքացիները: Իսկ այն շինարարությունը, որն իրականացնում էին մասնավոր ընկերությունները (էլիտար շենքերի շինարարություն և այլն), ըստ էության, անկում չի ապրել (ընդամենը 4 % անկում): «Երբ Քոչարյանի, Անդրանիկ Մարգարյանի ժամանակ մենք խոսում էինք շինարարական բումի մասին, այս շինարարության 90 %-ը եղել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարություն: Հիմա այն 4 անգամ կրճատվել է: Այստեղ կառավարությունը անելիք չունի, որովհետև նա չի կարող ստիպել մարդկանց` գնան տներ կառուցեն: Կառավարությունը անելիք ունի միայն իր պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի հետ կապված, ու նա իրոք ավելացրել է շինարարության տեմպերը, որոնք ֆինանսավորում են պետական բյուջեից: Ընդ որում` աճը բավականին մեծ է. նախորդ տարվա համեմատ մենք պետական բյուջեից ֆինանսավորման մոտ 30-40 % աճ ունենք: Ու կառավարությունը կարող է աջակցել մասնավոր ֆիրմաներին, որպեսզի նրանք չկանգնեցնեն կամ չհրաժարվեն իրենց շինարարական ծրագրերից, որոնք հիմա էլի անում են, բայց ոչ մեծ ակտիվությամբ»,- ասաց Սամվել Ավագյանը: Նրա համոզմամբ` այս առումով կառավարության ակտիվությունը նորմալ է, և սրանից ավելին չարժե անել, քանի որ կառավարությունը կարող է չափից շատ օժանդակել մասնավոր ընկերություններին, բայց էլիտար տների նկատմամբ պահանջարկը նվազի, և այդ ընկերությունները, միևնույն է, սնանկանան: Սամվել Ավագյանը ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը գնահատեց «2+»` հաշվի առնելով այն, որ հոկտեմբերին ՀՆԱ-ն անկում է ապրել սեպտեմբերի նկատմամբ: «Մենք չպետք է հոկտեմբերի 5,1 % անկումը ունանայինք` հաշվի առնելով այն ծրագրերը, որ իրականացվում են, որովհետև ճգնաժամը հենց այդտեղից էր սկսվում: Եթե նոյեմբերին էլ, ասենք, իրավիճակի չբարելավվի, մենք արդեն կարող ենք համարձակորեն խոսել այն մասին, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը չի աշխատել այս տարվա դրությամբ: Դրա համար մի քիչ պետք է սպասել, տեսնել գոնե ինչ տվյալներ են հրապարակում: Ես իրավիճակը լավ չեմ գնահատում այս պահի դրությամբ: Ես այս պահի դրությամբ արդեն սպասում էի ավելի լավ արդյունքների, որովհետև իրենց ռեսուրսները թույլ տալիս էին նման լավատեսություն»,- ասաց վերլուծաբանը: Նա նշեց, որ կառավարությունը չի կարողանա նոր խոշոր պարտքեր վերցնել, քանի որ պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասնում է թույլատրելիի սահմանին: «Այն գումարը, որ վերցվել է, բավականին մեծ է: Այդ 1 մլրդ դոլարով կարելի է սարեր շուռ տալ: Կարելի է նաև, ենթադրենք, Դուբայի նման ինչ-որ մի շքեղ կղզի կառուցել, որ մեր օլիգարխներին նվեր տան: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ 1 մլրդ դոլարը ինչպես կօգտագործեն: Իմ անձնական կարծիքով, եթե դրա կեսն էլ վերցնեն, բայց ճիշտ և արդյունավետ օգտագործեն, էլի մենք լուրջ խնդիրներ չենք ունենա: Հայաստանը փոքր տնտեսություն ունեցող երկիր է: Իրոք թերություն է, որ ռուսական վարկի կեսը պետք է օգտագործվի մյուս տարվա համար` չնայած տոկոսները տրվում են ընդհանուր մայր գումարից: Բայց կառավարության քաղաքականությունն այն է, որ 2 տարվա ընթացքում բաշխվեն ֆինանսական ռեսուրսները, որպեսզի այս տարի սպառումից հետո մյուս տարի մենք լուրջ խնդիրների առաջ չկանգնենք, այսինքն` ներդրումների հաջորդականություն ապահովվի»,- ասաց Սամվել Ավագյանը Նրա խոսքերով` եթե կառավարությանը հաջողի, վարկերը օգտագործելով, տնտեսական աճ գրանցել (իհարկե կանխատեսված 1,2-1,4 %-ից բարձր), ապա կառավարությունը ի վիճակի կլինի պարտքերը մարել: Իսկ եթե տնտեսական աճի տեմպերը լինեն կառավարության կանխատեսածի շրջանակներում, ապա Հայաստանը ստիպված կլինի նոր պարտքեր վերցնել` եղած պարտքները մարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter