Դուբայի ամենակարևոր դասը
Որքան էլ դու գտնվես ֆինանսապես լավ, բարվոք վիճակում, չի կարելի շքեղ ու տնտեսապես չհիմնավորված ծրագրեր իրականցնել: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սամվել Ավագյանը` անդրադառնալով Դուբայում ստեղծված իրավիճակին: Արաբական Միացյալ Էմիրությունների «Dubai World» պետական ֆոնդը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ չի կարողանում անել հերթական վճարումը` 3,5 մլրդ դոլարը, և միակողմանի կարգով 6 ամսով հետաձգել է վարկատուների պարտքի վճարումը: «Dubai World»-ի ընդհանուր պարտքը կազմում է 60 մլրդ դոլար:
Սամվել Ավագյանի խոսքերով` Դուբայը, ըստ էության, մի օազիս էր համաշխարհային տնտեսության մեջ: 2008-2009-ին Դուբայը ընդհանրապես չի զգացել ճգնաժամի ազդեցությունը: Դուբայում անշարժ գույքի գներն անկում չեն գրանցել, որևէ ներդրումային ծրագիր չի կասեցվել:
«Ու հանկարծ այս փուչիկը (իրականում, փաստորեն, փուչիկ է եղել) պայթում է, որովհետև իրենք, լինելով շատ հարուստ, շատ բարեկեցիկ երկիր, ունենալով հսկայական ֆինանսական ռեսուրսներ, կարողանալով ռեսուրսներ ներգրավել այնքան, ինչքան ցանկանում են, մսխել են այդ գումարները շքեղ, տնտեսապես չհիմնավորված ծրագրերի վրա: Սա ամենակարևոր դասն է` ինչպես կարելի է լավ վիճակում գտնվելով` ֆինանսական ռեսուրսներ օգտագործել վատ ու հասնել ճգնաժամի, որը նաև ասում է այն մասին, որ գտնվելով վատ վիճակում, ունենալով քիչ ֆինանսական ռեսուրսներ` կարող եք լավ օգտագործել այդ ռեսուրսները ու դուրս գալ իրավիճակից»,- ասաց վերլուծաբանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել