Փաստաբանների գործի քննությունը կշարունակվի 2010 թվականին
Այսօր Արաբկիր եւ Քաղաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը հետաձգել է փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պատճառը մեղադրյալ Արթուր Գրիգորյանի վատառողջությունն է եղել, որի համար փաստաբանը ներկայացրել է բժշկական տեղեկանք: Փաստաբանների գործը կքննվի 2010 թվականի հունվարի 19-ին:
Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել, թե արդյո՞ք քրեական օրենսգրքի 343 հոդվածը չի հակասում Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանն արդեն սկսել է Պաշտպանի դիմումի քննությունը, որը կշարունակվի հունվարի 14-ին: Չի բացառվում, որ փաստաբաններին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, որից հետո փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:
Նշենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով, որի դատաքննությունը կասեցվել է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել