Շատ հիմնավոր քննություն
Բանից պարզվում է` հարցաքննության ժամանակ քննիչը Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանին հարցրել է նաև, թե ինչպես է նա վարվել դեռևս 1922 թվականին Հովհաննես Թումանյանի` մատենադարանին նվիրաբերած գումարների հետ:

«ՉԻ» - Այս քննիչին, իհարկե, կարելի է միայն ողջունել. մարդը «փողերի վատնման» գործ է քննում և պարտավոր է իմանալ, թե ուր են կորել Հովհաննես Թումանյանի նվիրած փողերը: Հետո՞ ինչ, որ Արշակ Բանուչյանը «ալիբի» ունի` նա այն ժամանակ դեռ ծնված չի եղել:
Եվ, այնուամենայնիվ, քննիչն ակնհայտորեն թերացել է: Ստույգ հայտնի է, որ դեռևս 13-րդ դարում Զաքարե Ամիրսպասալարը մեծ գումարներ է հատկացրել եկեղեցիներին` հեռագիր մատյաններ ստեղծելու նպատակով, և պատկերացրեք` ոչ մի գրավոր փաստաթուղթ չկա այն մասին, որ մոնղոլ թաթարական արշավանքի ժամանակ այդ գումարներն առգրավվել են: Նույնիսկ հաշիվ-ապրանքագրեր չեն պահպանվել: Այնպես որ, «մեղադրող կողմը» Արշակ Բանուչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու լրջագույն հիմքեր ունի, և իզուր է ընդդիմությունը փորձում քաղաքականացնել այս գործընթացը:
Ավելի համառորեն
Դեկտեմբերի 7-ին բարաք Օբամայի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումից հետո Անկարան ավելի համառորեն է պնդում, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվելու:
Եթե մինչ Օբամա-Էրդողան հանդիպումը թուրք պատգամավորները չէին բացառում, որ Օբաման Էրդողանին կարող է համոզել` մինչև ԼՂ հարցում տեղաշարժը վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա այժմ պարզ է, որ ոչ միայն նման բան տեղի չի ունեցել, այլև Էրդողանն էլ ավելի է կոշտացրել դիրքորոշումը:
Օբամայի հետ հանդիպումից անմիջապես հետո Էրդողանը լրագրողներին հայտարարել է, թե այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է կամք դրսևորել և հայկական զորքերը դուրս բերել ԼՂ հարակից 5 շրջաններից, նաև` Լաչինից և Քելբաջարից:
Իսկ ավելի ուշ Էրդողանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար ժամկետ կա, որից առաջ ԼՂ հարցը պետք է կարգավորվի:
Նշանակեք, էլի, ինձ դեսպան
«Իմ նշանակման հարցն օրակարգում է, բայց դեռ որոշում չի կայացվել»,- «Թուրան» գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով` նա սպասում է ԱՄՆ վարչակազմի որոշմանը:
«Անձամբ ես շատ կցանկանայի աշխատել Ադրբեջանում, ԱՄՆ հիմնական գործընկեր երկրներից մեկում»,- նախկին համանախագահն այսպես է արտահայտել իր ակնկալվող պաշտոնի ոգևորությունը:
Թե ինչո՞ւ է Բրայզայի երանությունը դանդաղում իրականություն դառնալ, ինքը` դիվանագետը, պարզաբանել է, թե ընդհանրապես ԱՄՆ դեսպանների նշանակման գործընթացն է բավականին երկարատև:
Նախադրյալներն ապահովված են
«Գալիք տարի տնտեսական աճի համար անհրաժեշտ նախադրյալներն ապահովված են: Իհարկե, տնտեսական աճի 1,2 % ցուցանիշը փոքր առաջընթաց է ենթադրում, սակայն տասնյակ երկրներ, նաև եվրոպական բազմաթիվ զարգացած պետություններ գալիք տարում իրենց տնտեսության համար անկում են նախատեսում:
Հետևաբար, մեր բյուջեի արդյունքային ցուցանիշը կարելի է ոչ շատ մեծ, սակայն լավատեսական աճ համարել»,- կարծում է Գագիկ Մինասյանը:
Նոր պետ
Երեկ տեղեկացանք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Տիգրան Նավասարդյանը, որը երկար տարիներ աշխատում է այս համակարգում, եղել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի, ապա դատապարտյալների հիվանդանոցի պետ:
«Նուբարաշենի» պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանը, որն ընդամենը մի 4-5 օր մնաց այս պոստում, վերադարձել է իր հիմնական` ՔԿՀ անվտանգության բաժնի պետի աշխատանքին:
Չերչիլն էլ է 4 կուսակցություն փոխել
«Մեզանում կուսակցական ֆետիշիզմ գոյություն ունի, որը գալիս է խորհրդային 70 տարիներից: Բոլորը կարծում են, որ կուսակցական անդամակցությունը կարծրացած երևույթ է»,- «Առավոտի» հետ զրույցում ընմոստացավ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նույնիսկ հիշեց իր քաղաքական իդեալին` Չերչիլին, ով 4 կուսակցություն է փոխել:
«Քաղաքացին իրավունք ունի ընտրություն կատարել և վերանայել իր ընտրությունը, եթե տեսնում է, որ տվյալ թիմը հավատարիմ չէ իր խոստումներին: Եթե տեսնում ես, որ այդ ժամանակահատվածի համար մեխանիզմը չի աշխատում, պետք չէ բարդույթավորվել և չհրաժարվել իր խոստումները չկատարած կուսակցությունից, ասենք, ՕԵԿ-ից կամ «Ազգային միաբանությունից»,- կարծում է Հմայակ Հովհաննիսյանը:
Բախում պատգամավորի և լրագրողի միջև
Ընդդիմադիր թերթերի մի քանի լրագրողներ երեկ փորձում էին համոզել պատգամավորին, որ միանան միջնորդությանը` ազատ արձակելու 8 տարվա բանտարկության դատապարտված և այժմ առողջական խնդիրներ ունեցող Սասուն Միքայելյանին:
Այդ ընթացքում բախում տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի և «ՀԺ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանի միջև, որն ուղեկցվեց անձնական վիրավորանքներով ու սպառնալիքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել