HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյան. «Ադրբեջանի վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը»

29_10-E-NalbandyanՆախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա են եղել Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի  բարձրաստիճան ներկայացուցիչներ: Արտգործնախարարները գնահատել են համագործակցության նոր ձեւաչափի շրջանակներում կատարված աշխատանքները եւ ուրվագծել ձեռնարկվելիք քայլերը, մտքեր են փոխանակել Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները: Անդրադառնալով գործընկեր երկրների հետ նոր որակի իրավա-պայմանագրային հարաբերություններ հաստատելու ԵՄ մտադրությանը՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ դա վկայում է վերջին տաս տարիներին հաստատված համագործակցության դրական արդյունքի մասին, եւ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել Հայաստան-ԵՄ Ասոցիացման համաձայնագրի մշակման եւ խորացված ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Ընդգծելով, որ գործընկերության ծրագրով առաջարկված բոլոր նախաձեռնություններն էլ կարեւոր են Հայաստանի եւ մյուս գործընկերների համար, նախարար Նալբանդյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: Նալբանդյանը կարեւորել է նաեւ Արեւլյան գործընկերության շրջանակներում ռեգիոնալ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: «ԵՄ գործընկեր պետության կողմից նման վարքագիծը վարկաբեկում է համագործակցության բուն գաղափարը, իսկ մասնակից երկրների կողմից արձագանքի բացակայությունն էլ ավելի է այն արժեզրկում»,- ընդգծեց Նալբանդյանը: Հանդիպմանը որոշում է ընդունվել նախարարական հաջորդ նիստն անցկացնել հաջորդ տարվա երկրորդ կեսին, իսկ 2011 թ.-ին` Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter