
Այսօր «Հետք»-ին Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Վարդազարյանը հայտնեց, որ ռեկտորատի որոշմամբ դեկտեմբերի 14-ից-18-ը ներառյալ Բժշկական համալսարանում դասեր չեն լինելու` «Խոզի գրիպի» պատճառով:
Առայժմ քննարկման փուլում է, թե այդ մեկ շաբաթը երբ է լրացվելու, բայց Վարդան Վարդազարյանի հավաստմամբ` ուսումնական ծրագիրը դրանից չի տուժելու և անպայման բացթողնվածը լրացվելու է:
Երևանի պետական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ առայժմ պետհամալսարանում նման որոշում չկա, այդ հարցը չի էլ քննարկվել, քանի որ «Խոզի գրիպի» հետևանքով բացակայությունները զգալի թիվ չեն կազմում: Նման որոշում կկայացվի` ելնելով իրավիճակից, իսկ առայժմ` իրավիճակը նման որոշում չի թելադրում:
ԿԳ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից հայտնեցին, որ մյուս բուհերի վերաբերյալ առայժմ ռեկտորատները որոշում չեն կայացրել և այս պահի դրությամբ, բացի Բժշկական համալսարանից, որևէ այլ բուհում դասերը չեն դադարեցվելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել