
ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ բնական է, որ Թուրքիան մշտապես փորձում է խաղարկել Ղարաբաղի հարցը: Բնական է նաև, որ Ադրբեջանը նույնպես զգում է, որ իր բոլոր ջանքերը` ճնշումներ գործադրելու թե' հայ թուրքական գործընթացի, թե' ընդհանրապես Ղարաբաղի հարցի լուծման վրա, ապարդյուն են:
«Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ բավականին հաստատակամ է: Կարծում եմ` որոշ քաղաքական ուժեր շատ էմոցիոնալ են վերաբերվում հարցին, քանի որ կտրականապես որևէ բան փոփոխված չէ: Հայաստանն ուղղակի պետք է պարզ հասկացնի իր հակառակ կողմերին, որ մինչև Ադրբեջանը չհասկանա, որ այս փուլում պետք է ճանաչի ԼՂ-ի անցումային կարգավիճակը և անցումային կարգավիճակով սկսի բանակցություններ ԼՂ-ի օրինականորեն ընտրված իշխանությունների հետ, որևէ առաջընթաց ղարաբաղյան գործընթացում լինել չի կարող»,- ասաց նա:
Հ. Բաբուխանյանի խոսքով` անցումային կարգավիճակն էլ Հայաստանի ու Ղարաբաղի կողմից զիջում է, բայց մենք կարող ենք գնալ այդ զիջմանը, որպեսզի ԼՂ-ն դառնա բանակցային կողմ:
«Համաշխարհային քաղաքականությանն անհրաժեշտ է տեղափոխել Կասպյան նավթը: Նախապես որոշել էին Վրաստանով տեղափոխել, բայց այն դարձավ անկայուն, վտանգավոր երկիր, որտեղ բախումներ են սպասվում: Մեկ այլ ճանապարհ է Հայաստանը: Այն կայուն երկիր է, բայց խնդիր ունի Ադրբեջանի հետ: Ու բնականաբար Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտափույթ լուծեն իրենց խնդիրը: Հիմա ով կզիջի առաջինը, նա էլ կտուժի»,- ասաց նա` նշելով, որ Արևմուտքի համար միևնույնն է` ով կզիջի:
«Կարևորը` ճանապարհները բացվեն, իրենք նավթը սկսեն տեղափոխել: Երկու կողմերի վրա էլ ճնշում կգործադրեն. ով ավելի ճիշտ ու կարծր կներկայացնի իր դիրքորոշումը, նա էլ կշահի»:
ՍԻՄ նախագահը վստահ է, որ Թուրքիան վավերացնելու է ստորագրված արձանագրությունները: Նրա կարծիքով` եթե Հայաստանը շահագրգռված է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա նույնքան էլ Թուրքիան է շահագրգռված այդ հարցում:
«Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն ավելի շատ են խոսում Ցեղասպանության հարցի շուրջ, քան մինչ այս գործընթացի սկիզբը: Սա կարելի է դիտարկել որպես դրական գործընթաց` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում:
Անդրադառնալով հայկական կողմի զիջումներին հայ-թուրքական հարաբերությունների հարցում` Հ. Բաբուխանյանն ասաց, որ այն, որ մենք թուրքերին բարև ենք տալիս, արդեն զիջում է:
«Այն, որ մենք առանց նախապայմանների թուրքերի հետ նստել ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեծ զիջում է: Բայց Հայաստանը, ելնելով իրականությունից, սեփական շահերից ու տարածաշրջանում գլոբալ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակներից, գնաց այդ զիջումներին»:
Անդրադառնալով Օբամա-Էրդողան հանդիպմանը` Հ. Բաբուխանյանն ասաց, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ներկայիս խնդիրների ցուցակում հայ-թուրքական հարաբերությունների հարցը միակը չէ:
«Ու թեև կարևորներից մեկն է, բայց կան նաև մոտ մի տասնյակ հարցեր, որոնք Միացյալ Նահանգները լուծում է Թուրքիայի հետ: Այս առումով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև այսօր կան բազմաթիվ հակասություններ: Ու չեմ կարծում, թե Էրդողանը սուպերջերմ ընդունելության արժանացավ»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել