HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանները դիմում են վարչապետին և փոխվարչապետին

Էկոլոգիական հասարակական դաշինը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին և ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանին

Հերթական անգամ մենք` քաղաքացիական հասարակության անդամներս հայտնում ենք մեր մտահոգությունը ՀՀ կառավարության, մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և գաղտնի գործելաոճի վերաբերյալ:

Իր և ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանը առաջարկել է պետական արգելոցներում ստեղծել հատուկ խորհուրդներ` բավականին լայն լիազորություններով, և ներկայացրել ՀՀ կառավարության որոշումների նախագծեր, հիմնավորումներ, տեղեկանքներ:

Նշյալ որոշումները վերաբերում են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Արգելոցապարկային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Շիկահող» պետական արգելոց», «Արփի լիճ» ազգային պարկ», «Արեւիկ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպություններին: Դրանք ներկայումս կառավարվում են տնօրենների կողմից (կառավարման կոլեգիալ մարմին չկա), սակայն ներկայացված նախագծերով առաջարկվում է ստեղծել նորաստեղծ խորհուրդներ:

Հարցը ներառվել է ՀՀ կառավարության 08.09.2011թ. օրակարգում:

Ավելորդ է խոսել մեր հանրապետությունում քաղաքացիական հասարակության ձևավորման և ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների գերակայության մասին, քանի դեռ ՀՀ կառավարությունը բաց և հրապարակայնորեն չի համագործակցում շահագրգիռ հասարակայնության հետ, իրավական ակտերի նախագծերի ընդունման ամենավաղ փուլում չի ապահովվում թափանցիկությունն ու նրանց մասնակցությունը: Ինչը թույլ է տալիս մեզ ասելու, որ մեր հանրապետությունում դեռևս չի ստեղծվել այն հարթակը, որը կծառայի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև շփման և արդյունավետ փոխհամագործակցության համար:

Որպես կանոն, պետության շահագրգիռ հասարակայնությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել որոշումների ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության վրա: Օրինակ վերը նշված նախագծերի հեղինակի կողմից շահագրգիռ հասարակայնությունը պատշաճ կարգով և ժամկետում չի տեղեկացվել և առհասարակ չի քննարկվել պետական արգելոցներում հատուկ խորհուրդներ ստեղծելու նույնիսկ գաղափարը:

Թեև, ՀՀ բնապահպանության նախարարությունը 02.08.2011թ. իր պաշտոնական կայքում տեղադրել է վերը նշված որոշումների նախագծերի փաթեթը, այնուամենայնիվ չի ապահովել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 և ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշման պահանջները` նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպումն ու իրականացումը:

Հավանաբար, սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 25.03.2010թ. թիվ 296-Ն որոշման կատարման նկատմամբ չկա վերահսկող մարմին: Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից, 01.01.2011 թվականից սկսած մինչև օրս, մենք խնդիր ունենք այդ որոշման պահանջների կատարման հետ, որի մասին անընդհատ տեղեկացնում ենք Ձեզ, բայց սայլը տեղից չի շարժվում:

Մենք մեկ անգամ ևս արձանագրում են, որ ՀՀ կառավարության կողմից բացահայտ խախտվում է ոչ միայն իր օրենսդրության պահանջները, այլ նաև իր իսկ /ՀՀ/ կողմից 2001թ. մայիսի 14-ին վավերացված Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կովենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) պահանջները, արհամարվել են նաև Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ընդունված թվով երկու եզրակացություններն ու առաջարկությունները, որոնցով Հանձնաժողովը հաստատեց ՀՀ հասարակական կազմակերպությունների կողմից բերված փաստարկներն ու հիմնավորումները, որ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայում Կոնվենցիայի պահանջները չկատարելու կամ արհամարելու ուղղությամբ:

Հետաքրքրական է, թե ՀՀ կառավարության 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշումն ի±նչ նպատակով է ընդունվել, որ ՀՀ կառավարության անդամների, այդ թվում նաև ՀՀ բնապահպանության նախարարության կողմից բացահայտ չի կիրառվում, ուրեմն կարող ենք հայտարարել, որ այս որոշումը դեկլարատիվ բնույթ է կրում և ՀՀ կառավարության վերահսկողությունն իր որոշումների կատարման նկատմամբ բացակայում է:

Ելնելով վերոշարադրյալից, դիմում ենք Ձեզ խնդրելով`

  1. ձեռնպահ մնալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացված և 08.09.2011թ. օրակարգում ընդգրկված երկու որոշումների նախագծերը քննարկելուց կամ հավանություն տալուց, քանի դեռ վերջինս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետում չի ապահովել հանրային քննարկումը,
  2. հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարությանը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27, 27.1 հոդ. և ՀՀ կառավարության 25.03.20102. թիվ 296-Ն որոշման պահանջներին խիստ համապատասխան ապահովել վերը նշված որոշումների նախագծերի մասին շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման գործընթացը,

Օգտվելով առիթից մեկ անգամ ևս առաջարկում ենք Ձեզ.

  1. ձեռնարկել կոնկրետ քայլեր շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցությունը խթանելու, ՀՀ օրենսդրության պահանջների և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ,
  2. շրջակա միջավայրին և բնապահպանական ոլորտին առնչվող հարցերը մատչելի դարձնել շահագրգիռ հասարակայնությանը, դրանով իսկ խթանել նաև ՀՀ մարզերում հասարակայնության մասնակցությունը և հանրային քննարկումների արդյունավետության բարձրացմանը, այդ նպատակով օգտագործել նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված «Օրհուս կենտրոններ» ռեսուրսը
  3. խիստ վերահսկողություն սահմանել ՀՀ կառավարության անդամների և գերատեսչությունների կողմի հանրային քննարկումներ կազմակերպելու և իրականացնելու գործընթացը:

Ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը 5-օրյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter