HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տեր Մեսրոպ. «Մենք կրթական ոլորտում լուրջ արժեքներ, լուրջ կառույցներ այս տարիների ընթացքում չենք ստեղծել»

27_11-T-Mesrop«Բոլոր այն բացասական երևույթները, որ ի հայտ եկան այս անցումային շրջանում, ամենացավալի տեսքով առկա են կրթության ոլորտում: Կրթությունը ամենաշատ տառապած ոլորտն է այն բոլոր արատներից, որ մենք այսօր ունենք մեր հասարակական կյանքում: Բայց ուրիշ ճանապարհ էլ չկա` խորքային փոփոխությունների գնալու, քան կրթությունը: Նոր սերունդ կերտելու, նոր գիտակցություն ձևավորելու միակ ճանապարհը իսկապես կրությունն է»,- այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագիրը «Այբ» կրթական հանգույցի ստեղծումն է, որը լինելու է դպրոցական ավան և հայկական դպրոցի նախատիպ: Այս դպրոցին «Հետքը» արդեն անդրադարձել է («Հայաստանում «Ապագայի դպրոց» է կառուցվելու»): Այսօրվա քննարկմանը հրավիրված էր ավելի քան 40 գործարար: Ինչպես նշեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, այսօրվա հավաքի նպատակն է հասկանալ, թե ինչպես է բիզնեսը պատկերացնում իր ներկայությունը դպրոցում, դպրոցի ներկայությունը իր բիզնեսում, ինչպես նաև դպրոցի շրջանավարտների ապագան: «Լինելով դարեր շարունակ կրթությամբ և մեր հոգևոր արժեքներով գոյատևած ժողովուրդ` այսօր իսկապես մենք չունենք մեր տաղանդին և մեր ազգային պոտենցիալին հարիր կրթական միջավայր, կրթական համակարգ, որը հնարավորություն տա իսկապես իրագործելու մեր ազգային պոտենցիալը: Այսօր կրթական համակարգը ինքը ոչ միայն այդ խնդիրները չի լուծում, այլ նաև շատ լուրջ կաշկանդող և հետ քաշող ազդեցություն է ունենում ընդհանուր մեր զարգացման վրա»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա հավելեց, որ բոլոր ժողովուրդները ամենաերկարատև ներդրումները կատարում են հենց կրթության ոլորտում` հավատալով, որ կրթությամբ կարող են վերափոխվել ու բարձր իդեալների հասնել: Հայերը ևս 5-րդ դ-ում հայ թարգմանիչների կատարած աշխատանքի և հայկական դպրոցի հիմնադրման շնորհիվ կարողացել են 20-30 տարվա ընթացքում մարսել ամբողջ համաշխարհայինը, դրա կողքին ստեղծել հայկականը և դասվել մշակութապես ամենահզոր ազգերի շարքը: Մինչդեռ, Տեր Մեսրոպի խոսքերով, այսօր պատկերը հակառակն է: «Ըստ էության, մենք կրթական ոլորտում լուրջ արժեքներ, լուրջ կառույցներ այս տարիների ընթացքում չենք ստեղծել: Եվ կրթական նոր ստեղծված հաստատությունները ուղղակի տառապում են ամեն տեսակ խնդիրներով` սկսած նյութականից, վերջացրած ամբողջական գիտակցության, տեսլականի բացակայությամբ, և ընդհանրապես չեն գիտակցում, թե ինչ է կրթությունը 21-րդ դ-ում»,- ասաց Տեր Մեսրոպը: «Այբ» կրթական հիմնադրամը ուսումնասիրել է տարբեր երկրների կրթության փորձը, ինչի հիման վրա էլ սահմանել է ապագայի հայկական դպրոցի չափանիշներն ու պատկերացումները: Հիմնադրամը նաև ուսումնասիրել է սփյուռքի տարբեր գաղթօջախների փորձը և սփյուռքահայերի ակնկալիքները հայկական դպրոցից: «Այբը» քննարկումներ է անցկացրել աշխարհի առաջատար մասնագետների, այդ թվում Հարվարդի համալսարանի մասնագետների հետ: Այս շրջանակներում Հայաստան է այցելել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատվիրակությունը: Տեր Մեսրոպը նշեց, որ «Այբ» կրթական հանգույցի ճարտարապետական լուծումների ծրագիրը դարձել է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ծրագիր: «Ես անձամբ եմ այցելել արտասահմանյան առաջատար կրթական հաստատություններ, և պետք է խոտովանեմ, որ թեպետ և շատ շրջագայած, և շատ բաներ տեսած անձնավորություն եմ, բայց այն, ինչ ես տեսա, իմ լայն երևակայության սահմաններից այնկողմ էր, թե ինչի՛ են հասցրել մարդիկ կրթություն հասկացությունը: Այսօրվա առաջատար դպրոցների լաբորատորիաները արդեն դարձել են լուրջ գիտական միջավայրեր, ուր կարելի է ամենալուրջ ուսումնասիրությունները կատարել: Երեխաները դպրոցներում կատարում են այնպիսի պրոյեկտներ, որոնց իրականացումը առաջ նույնիսկ համալսարաններում չէր կարելի պատկերացնել: Մարդիկ օժտված են գրավոր և բանավոր խոսքի արտասովոր կարողություններով: Եվ դրա վրա շատ մեծ շեշտադրում է կատարվում»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա խոսքերով` այդ տեսանկյունից Հայաստանի կրթական ոլորտի` 20 տարի «քնած» մնալը աններելի է: Տեր Մեսրոպը նշեց, որ եթե Հայաստանում 21-րդ դ.-ի դպրոց է նախատեսվում կառուցել, ապա դրա առանձին տարրեր պետք է սկսել իրագործել հենց այսօր: Այդ իսկ պատճառով «Այբ» հիմնադրամը մի շարք դպրոցներում նորագույն լաբորատորիաներ է հիմնել: Շուտով հիմնադրամը նախարարության հետ պայմանագիր կստորագրի և կսկսի վերահսկել ավագ դպրոցներում լաբորատորիաների ներդրման ամբողջ ծրագիրը: «Այբ» հիմնադրամը նաև մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթն է կազմակերպել: Տեր Մեսրոպի խոսքերով` չնայած այն պնդումներին, որ հայկական հեռուստասերիալները ոչնչացրել են ողջ արժեքային համակարգը, և մրցույթը հետաքրքրություն չի առաջացնի, մրցույթին ռեկորդային թվով` 30 հզ. երեխա է մասնակցել: «Նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում, որը շատ կարևոր է` հասկանալու համար, թե ինչ է մնացել Հայաստանում այս անցումային տարիներին: Ասեմ, որ շատ ոլորտներում պատկերը ուղղակի կատաստորաֆիկ է: Մենք նաև ռեգիոնում բավականին հետ ենք մնում: Մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք, որ մաթեմատիկայի մեր օլիպիադական թիմը գոնե Ադրբեջանից առաջ է, Վրաստանի հետ նույն մակարդակի վրա է: Այսօր Ադրբեջանից էլ ենք արդեն անմխիթար հետ մնացել: Եվ գնալով ամեն ինչ վատանաում է»,- ասաց Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նրա համոզմամբ` կրթությունը այն ոլորտը չէ, որ ինքնահոսի թողնես կամ կաշառակերության ճահճի մեջ խեղդես: «Մենք դարձել ենք մի երկիր, որտեղ վճարում են չսովորելու համար: Ամբողջ աշխարհում վճարում են սովորելու համար, մեզ մոտ վճարում ենք, որպեսզի չսովորենք: Այս արատավոր երևույթների դեմ, իհարկե, միայն այսպիսի ծրագրերով չես կարող պայքարել: Կաշառակերությունը ուղղակի պետք է պատերազմական գործողություններով արմատախիլ արվի կրթական համակարգի միջից: Ուրիշ ձև չկա: Շոյելով, մինիատյուր փոփոխություններով մենք երբեք արդյունքի չենք կարող հասնել»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա նշեց, որ այժմ իրենք քննարկում են նաև Ծաղկունք գյուղում նմանատիպ ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Քննարկվում է նաև սփյուռքում մի այսպիսի դպրոց կազմակերպելու հարցը, քանի որ սփյուռքահայությունը ևս պատշաճ դպրոցներ չունի: «Տեսեք` հրեաները ունեն իրենց դպրոցական բրենդը` հրեական դպրոց: Այդ հրեական դպրոցը իրենք ամեն տեղ` ցանկացած երկրում, կարող են կիրառել: Դա որակի չափանիշ է: Կորեացիները ունեն կորեական դպրոց: Այսօր մեկը մյուսի հետևից Ամերիկայում և Եվրոպայում բացվում են կորեական դպրոցներ: Շատ բարձր որակի դպրոցներ են: Դրանցով իրենք և իրենց ազգային-մշակութային խնդիրներն են լուծում, և նաև հսկայական թվով մարդկանց դարձնում են իրենց երկրի բարեկամներ և ընկերներ, որովհետև այդ դպրոցներում կարող են նաև օտարներ սովորել»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Մինչդեռ սփյուռքահայությունը, նրա խոսքերով, տեսնում է, որ իր ժողովուրդը չունի պատշաճ կրթական համակարգեր, և մտածում է, որ այս ժողովուրդը իրեն տալու բան չունի: «Եվ տեսնում է, որ ուրիշ միջավայրերում ինքը ունի իրագործվելու շատ փայլուն հնարավորություն: Սրա պատճառով է, որ այսօր Ստամբուլում հայ երիտասարդները ընդհանրապես հայերեն չեն խոսում: Մատների վրա կարելի է հաշվել հայերեն խոսողներին: Նախընտրում են թուրքերեն խոսել, որովհետև թուրքական դպրոցները, թուրքական կրթական հաստատությունները այսօր ունեն շատ բարձր որակ: Նախկինում հայերի կրթության որակը և մակարդակը ամբողջ Թուրքիայի տարածքում համարվել են չափանիշ, իսկ այսօր մենք կորցնում ենք այդ ամբողջ մշակույթը: Մի խոսքով, մեր ազգային գոյատևման համար դրսում և մեր երկրի ապագայի համար այս հարցը իսկապես էքզիստենցիալ հարց է»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter