Խճճված պատմություն` օպերատիվ հանգուցալուծմամբ
Դեկտեմբերի 6-ին` ժամը 22:20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գյուլիքեխվյան փողոցի թիվ 9 շենքի բակում վիճաբանության ժամանակ 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել 23-ամյա Գևորգ Տ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հաջորդ օրը` ժամը 2.50-ին, ոստիկանության նույն բաժնում հաղորդում է ստացվել, որ փախցրել են Նորքի 1-ին զանգվածի թիվ 12 շենքի բակում կայանված, 58-ամյա Բորիկ Ս.-ին պատկանող «Շևրոլետ-Տիակկեր» մակնիշի ավտոմեքենան:
Երկու ժամ անց նշված ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել է Նորքի 4-րդ զանգվածի թիվ 30 շենքի բակում: Իսկ նախօրեին Բորիկ Ս.-ն և 46-ամյա Արամ Փ.-ն ենթարկվել են բերման:
«Պարզվել է, որ նրանք շահադիտական դրդումներով Գևորգ Տ.-ի հորից 100 հազար ԱՄՆ դոլար պահանջելու նպատակով Գյուլիքեխվյան փողոցի թիվ 9 շենքի բակում գտնվող ավտոտնակում ծեծի են ենթարկել Գևորգ Տ.-ին` փորձելով ավտոմեքենայով նրան առևանգել: Սակայն վերջինիս բարձրացրած աղմուկից Բորիկ Ս.-ն և Արամ Փ.-ն դիմել են փախուստի` վերը նշված հասցեում թողնելով Բորիկ Ս.-ի ավտոմեքենան:
Պարզվել է նաև, որ վերջինս սուտ հաղորդում էր տվել իր ավտոմեքենայի փախցնելու մասին: Բորիկ Ս.-ն և Արամ Փ.-ն ձերբակալված են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել