HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Օտարների որս յուրայինների մեջ, կամ մեր բարքերի զոհերը

09-12_Toxatyan-Azaryanwww.youtube.com կայքում տեղադրված տեսանյութը հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին հասարակական ուշադրության առարկա է դառնում: Դրա պատճառը միայն այն չէ, որ սկանդալների կարոտ որոշ լրատվամիջոցներ անմիջապես կուլ տվեցին նետված խայծը:

Այլ նաև այն, որ այդ տեսանյութերի կապակցությամբ որեւէ տրամաբանական մեկնաբանություն չհնչեց թե անմիջական մասնակիցների, թե նկարահանումն իրականացնողների, մոնտաժողների և կայքում զետեղողների կողմից: Նման դեպքերում հետևող առաջին արձագանքը, սովորաբար, այն է, թե եթե չեն արձագանքում, ուրեմն ճշմարտությունն է հրապարակվել: Սա ընկալման առաջին, պրիմիտիվ մակարդակն է և, թերևս, այդ տեսանյութը ինտերնետով տարածողների առաջնահերթ նպատակը: Խնդիրն իրականում բազմաշետ է և մեր հասարակության մեջ ձևավորվող բարքերի ուղղակի արտահայտությունն ու ցուցիչն է: Նախ` անկախ նրանից դա լավ է, թե վատ, երկրի իշխանություններին ու դրանց ներկայացուցիչներին հայհոյում են ամեն տեղ` տանը բազկաթոռի մեջ հարմարավետ տեղավորված, բակում` հարևանների հետ բլոտ կամ նարդի խաղալիս, խնջույքներին` քաղաքականությունից մեծ-մեծ բրդելիս: Այդ նույն հայհոյողները, սակայն, անհրաժեշտ պահին նույնպիսի ջերմեռանդությամբ օրհնում են «էն սհաթը», երբ ընտրությունից ընտրություն նույն իշխանության ներկայացուցիչները հայտնվում են իրենց բակում ու տանը, սին խոստումներով կերակրում ու հեռանում: Նրանք նույն ջանասիրությամբ նույն իշխանություններին հայհոյելով 5 հազար դրամով վաճառում են սեփական ձայնը ու անմեղսունակի նույն պահվածքով հաջորդ պահին սկսում հայհոյանքների հերթական շարանը նույն իշխանության ներկայացուցիչների հասցեին: Հրանտ Թոխատյանը և Ալբերտ Ազարյանը այս իմաստով որևէ սենսացիոն բան չեն ասում կամ անում, եթե, իհարկե, տեսանյութն արտացոլում է իրականությունը, որի ժխտման անհաջող փորձ արել է միայն Ալբերտ Ազարյանը: Սակայն ինչպես բոլորը, այնպես էլ այս երկու գործիչները նման արտահայտություններ թույլ են տալիս շատ նեղ, իրենց շատ մոտ համարող մարդկանց շրջապատում` առանց համարձակվելու դրա մասին ասելու բացահայտորեն: Թերևս նկարահանող խմբին նրանք այդպիսին էլ համարել են և չեն ենթադրել, որ մի օր ինչ-որ մեկի թեթև ձեռքով դրանք կտեղադրվեն համացանցում ու համահասարակական քննարկումների առարկա կդառնան: Այս իմաստով Ալբերտ Ազարյանը և Հրանտ Թոխատյանը հայտնվել են ծուղակում, դարձել են պրովոկացիայի զոհ: Նրանց փոխարեն կարող էր հայտնվել ցանկացած ոք: Հետևաբար, այս գործիչների վրա ոչ թե պետք է ծիծաղել կամ չարախնդալ, ինչպես արվում է հիմա, այլ խղճալ, ինչպես ամեն մեկը կարող է խղճալ սեփական անձը նման իրավիճակում հայտնվելու դեպքում: Այս իրավիճակը հասարակության յուրաքանչյուր անդամի առաջին հերթին պետք է ստիպի հայացք նետել այն արժեհամակարգին, որի պայմաններում ինքն ապրում ու գործում է: Քննարկման առարկա է, իհարկե, թե արդյո՞ք բարոյական է հայհոյոյել պետական գործիչներին, այդ հայհոյանքներն ուղղված են պետական ինստիտուտների՞ն, սիմվոլների՞ն, թե՞ դրանք զբաղեցնող անձերին: Սակայն տվյալ դեպքում խնդիրն այդ չէ: Այլ այն, թե ինչո՞ւ է հիմա` ընտրություններից մոտ երկու տարի անց, այդ տեսանյութը հրապարակվում, ինչո՞ւ հենց այս մարդկանց վերաբերյալ, և ո՞րն է դրա հիմնական նպատակը: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը: Ակնհայտ է, որ սա ընդդիմության կողմից նետված խայծ չէր: Նախ` որովհետև եթե ընդդիմությունն ունենար այս կադրերը, դրանք հրապարակելու ավելի հարմար ժամանակ ուներ: Հիմա ընդդիմությանը նման փաստերի հրապարակումը որևէ իրական դիվիդենտ չի տալիս: Երկրորդ` պարզ է, որ նկարահանումը կատարվել է Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, և այն գտնվել է նրա թիմի ներկայացուցիչների ձեռքին և կարող էր բազմացված լինել հազարավոր տիրաժներով ու հայտնված բոլորի ձեռքերին: Սակայն բոլորը չէին կարող դրանք հրապարակել, որովհետև չէին կարող չմտածել հետևանքների մասին: Այսինքն` այդ տեսանյութը տարածել են մարդիկ, ովքեր նման հետևանքների մասին մտածելու խնդիր չունեն: Եթե անգամ բուն հրապարակողները կարող էին ընդդիմության հետ կապ ունենալ, վերջինս չէր կարող իրական աղբյուրը լինել: Այս տեսանյութի հրապարակմամբ նաև հանրապետության նախագահին կամ Երևանի նախկին քաղաքապետին վարկաբեկելու խնդիր չէր դրվել: Ուղղակի հայհոյանքներով վարկաբեկելը ակտուալ և արդյունավետ չէ այնպիսի հասարակության պայմաններում, որը իշխանության հասցեին հիշոցներ շաղ տալը համարվում է ամենօրյա զբաղմունք, և սեփական անզորությունը թաքցնելու լավագույն միջոց: Այդ տեսանյութերն ուղղված են կոնկրետ Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի դեմ և հատկապես նրանց վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Թե մեկը, թե մյուսը մարմնավորում են իշխանամերձ մտավորականությանը և պարզ է, որ հատկապես այս շերտին վարկաբեկելու «գործիքներ» են դարձել: Տեսանյութի հրապարակման ուղերձը, ենթատեքստը շատ պարզ է. բոլորի համար կան կոմպրոմատներ, որոնք կարող են հանրության սեփականությունը դառնալ ցանկացած պահի: Սա սրճարանում գաղտնալսող սարքերի միջոցով արթուրբաղդասարյաններին մերկացնելու, շենքների պատերին «կաշառակեր դասախոսների» նկարներ փակցնելու տրամաբանության շարունակությունն է, շղթայի հերթական մասը, որը ոչ առաջինն է, ոչ էլ, վստահաբար, վերջինն է լինելու: Բոլոր այս դրսևորումներն ունեն միևնույն ընդհանրությունը. ցանկացած դեպքում վարկաբեկման թիրախները սեփական արժանապատվությունը պաշտպանելուն ուղղված քայլեր չեն ձեռնարկում: Եվ վարկաբեկողները գիտեն, որ չեն ձեռնարկելու: Այդ թիրախները թույլ են տալիս, որ ազատորեն քայլեն իրենց վրայով: Եվ քանի որ թույլ են տալիս, ցուցադրում են, որ երկնչում են, որ վախենալու առիթ ունեն, և դա իրենց համար ավելի կարևոր է, քան սեփական արժանապատվությունը պաշտպանելը: Սա հզոր քարոզչական-հոգեբանական արշավ է` ուղղված մտավորականության դեմ: Սա վերջիններիս մոտ վախի մթնոլորտ ձևավորելու տոտալ գրոհ է, որը մերթ ընդ մերթ ակտիվացվում է հասարակական տրամադրություններ ստեղծելու նպատակով: Այսուհետ ոչ Արթուր Բաղդասարյանը, ոչ մի գիշերում «կաշառակեր դարձած» դասախոսները և ոչ էլ Հրանտ Թոխատյանն ու Ալբերտ Ազարյանը և նրանց նմանները չեն համարձակվելու պարզ խոսել անգամ ամենամտերմիկ շրջապատում: Չեն կարող վստահել նրանց, ում հավատացել են: Եվ այս պատմության մեջ ամենաողբերգականը հենց սա է: Այս գրոհը, սակայն, ուղղված չէ միայն հասարակության այս ակտիվ շերտերին: Այն անուղղակիորեն նաև հանրային տրամադրությունների վրա ազդելու միջոց է: Գործում է շատ պարզ տրամաբանություն. եթե յուրայիններին կարող են «զոհաբերել», ապա ի՞նչ բարդ է շարքային քաղաքացու հետ հարաբերություններ պարզելը: Դրա համար էլ բոլորը նախընտրում են հայհոյել տանը` բազկաթոռների մեջ հարմարավետ նստած, բակում` նարդի խաղալիս: Իսկ ընտրությունների ժամանակ լայն ժպիտով վաճառում են սեփական ձայնը ու լուռ չարախնդում, երբ հերթական թիրախն է դրվում զոհասեղանին:

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ քննարկումները` www.sard.hetq.am բլոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter