Հայաստանում առաջին դպրոցական ավանի կառուցումը ձգձգվում է բյուրոկրատական քաշքշուկի պատճառով
Կպահվի՞ մինչև այս տարվա վերջ ավանի հողահատկացումը ձևակերպելու խոստումը
Եթե թղթաբանական քաշքշուկը և ձգձգումները չլինեին, պետության կողմից անհատույց տրամադրված և Երևանի Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա տարածքում արդեն կսկսվեին «Այբ» կրթական հանգույցի` Հայաստանում առաջին դպրոցական ավանի կառուցման աշխատանքները: Սակայն, ինչպես այսօր «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը,
«մեզ մոտ նրան, ինչ ասվում է, որևէ հետևողական լուծում չի տրվում: Ասենք, կարող է պետությունը հայտարարել, որ «սա իմ ամենաամբիցիոզ ծրագիրն է», հետո ամեն մակարդակում մի-մի հատ իշխանիկ ասել. «Էս սարը, էս ծառը մերն է, ու սկսել չգիտեմ ինչեր անել»: «Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական ավանի կառուցման ծրագիրը անցյալ տարի ներկայացրել է ՀՀ նախագահին, կառավարությանը: Պետությունը ծրագիրը որակել է իսկապես առաջատար և մասնակցել դրան հողհատկացմամբ: Պետությունը ֆինանսավորելու է նաև ծրագրի 10%-ը: Մինչ ճգնաժամը կատարված հաշվարկների համաձայն` ամբողջ ավանի շինարարությունը 47 մլն դոլար արժեր: Սակայն ճգնաժամից հետո «Այբ» հիմնադրամը որոշել է ծրագիրն իրականացնել ոչ թե մի անգամից, այլ 3 փուլով: Առաջին փուլում ֆինանսները կենտրոնացվելու են միայն ավագ դպրոցի շինարարության վրա, որը ծրագրի ամենաթանկարժեք մասն է: Խնդիրն այն է, որ հողահատկացման ձևակերպումը դեռևս արված չէ: «Եթե այս հողահատկացման ձևակերպումը, որ լրջորեն խոստացվել է մինչև այս տարվա վերջ, լուծվի, և նախագծի հաստատումը արագ տեղի ունենա, մենք ուղղակիորեն պատրաստվում ենք մյուս տարվանից սկսել շինարարությունը: Ավագ դպրոցը մենք ծրագրում ենք ավարտել 2 տարուց: Եթե մյուս տարի սկսենք, փաստորեն, 2011 թ.-ին ծրագրում ենք ավարտել ավագ դպրոցը»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա խոսքերով` քանի որ ծրագիրը ձգձգվում է հիմնականում հենց հողահատկացման պատճառով, հետևանքը լինում է այն, որ տվյալ բարերարը կորցնում է այն գումարը, որ պատրաստ էր հենց այսօր տալ, և այժմ իրենից կտրելով է այդ փողը տալու: «Այն հարակից հողերը, որ մենք խնդրել էինք տրամադրել, որպեսզի կարողանայինք նաև եկամուտներ ունենալ այդ տարածքների համար, արդեն վաճառված են: Այսինքն` մեր ծրագիրը ներկայացնելուց հետո մարդիկ շահագրգռություն տեսան: Մեր ծրագրի այդ մասը սրբագրվեց շատ արագ: Այնպես որ մեզ վրա մնացել է միայն ծախսային մասը»,- ասաց Տեր Մեսրոպը: Նա հավելեց, որ ամաչում է նրանից, որ չի կարողանում ճարտարապետներին ասել հողի ճշգրիտ սահմանը: Քանի որ հողահատկացումը ձևակերպված չէ, «Այբ» հիմնադրամը չի կարողանում նաև ծավալների վերջնական գնահատում անել, ավարտին հասցնել բիզնես պլանը: Իսկ առանց բիզնես պլանի` չես կարող որևէ լուրջ գործարարի ասել. «Տուր այն միլիոնը, որ խոստացել ես»: «Այսինքն` գնադակը այս պահին մեր խաղադաշտում չէ: Մենք համառորեն սպասում ենք, որ այս տարրական լուծումները տրվեն, մենք կարողանանք այս գործը շարունակել: Հուսանք, որ այդ պրոցեսի միջից մենք այս տարի դուրս կգանք և կզբաղվենք լուրջ ստեղծագործական, դրամահավաքային և մնացած այլ գործերով»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նա նշեց, որ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո` նույն օրը, «Այբի» բոլոր անդամները ֆինանսական որոշում են կայացրել և հայտնել, որ ծրագրի իրականացման համար իրենցից պահանջվող մայր գումարն ապահովված է: «Այս ծրագիրը իրականության մեջ այնքան կապիտալիզացված է, որ արդեն մեզ քաշքշում են ամենատարբեր ուղղություններով, ասում են. «Եկեք ձեզ փողը տանք, ուրիշ տեղ փորձեք»: Բայց մենք կոնկրետ այս հողատարածքից չենք կարող հրաժարվել, որովհետև սրա վրա կատարված հսկայական աշխատանք կա և ներդրում` էսքիզային նախագծերով և այլն: Այսինքն` այս ծրագիրը մի անգամ արդեն դարձել է MIT-ի աշնանային սեմեստրի պրոյեկտը: Եվ եթե ես այսօր այդ ճարտարապետներին ասեմ. «Այն հողը չեղավ. հիմա մի հատ այս մյուս հողի վրա եկեք փորձենք», մենք` որպես ժողովուրդ, անլուրջ տպավորություն ենք թողնելու»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել