HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության իրավունքի խոչընդոտները

nist-sara_10.12.09«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը դեկտեմբերի 3-ին ՀՀ փաստաբանների պալատում հրավիրել էր կլոր սեղան «Պաշտպանության իրավունքի խոչընդոտները թեմայով»: Հանրապետության երեք մարզերում` Կոտայք, Գեղարքունիք եւ Արագածոտն, կազմակերպության իրականացրած ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած պաշտպանության իրավունքի խոչընդոտները ներկայացրեց «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը: Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգությունները ներկայացրին կլոր սեղանի մասնակիցները` Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի օգնական Վահան Յանիկյան, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյան, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության բաժնի պետ Արսեն Այվազյան, Կոտայքի մարզի հանրային պաշտպան Անուշ Մխիթարյան, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանի գրասենյակի քրեական իրավունքի ծրագրի ղեկավար Կիթ Պետերսոնը: Ս. Պետրոսյան- Մեր խնդիրը հանրապետության երեք մարզերում` Գեղարքունիք, Կոտայք եւ Արագածոտն, հանրային պաշտպաններից (հ/պ) հրաժարումները ուսումնասիրելն է, բայց մեր գործունեության ընթացքում հանդիպեցինք դեպքերի, որոնք ընդհանրապես վկայում են պաշտպանության բացակայության մասին: Այդ իսկ պատճառով մենք այս անգամ ցանկանում ենք խոսել ոչ միայն հ/պ-ներից հրաժարումների մասին, այլեւ` առանց փաստաբանների մասնակցության գործերի քննության, կամ պաշտպանի մասնակցության իմիտացիա ստեղծելու մասին, որին դիմում են ե’ւ նախաքննության ժամանակ, ե'ւ դատարանում: Վիճակագրական տվյալներով 2009 թ. հանրապետությունում արձանագրվել է աղքատության աճ` 90.000-ով, հանցագործությունների աճ, որը նշված մարզերում գրեթե կրկնակի է, իսկ հանրային պաշտպանների մասնակցության առումով, եթե նախորդ տարիների համեմատությամբ նվազում չի արձանագրվել, գոնե թիվը չի էլ ավելացել: Նշված երեք մարզերում մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ օրենքով պաշտպանի մասնակցության պարտադիր դեպքերում, օրինակ, զինվորական գործերով, անչափահասների, ընդ որում վերջիններիս կողմից կատարված հանցանքների քանակն ավելացել է, պաշտպաններ չեն ներգրավում նախաքննությունների ժամանակ, հաճախ նաեւ դատաքննությունների ժամանակ: Հայտնի է, որ Գեղարքունիքի մարզը սոցիալապես ամենախոցելին է, հետեւաբար անվճարունակության պատճառով այստեղ ավելի մեծ թվով մարդիկ պետք է որ օգտվեն հանրային պաշտպանի ծառայությունից, սակայն անցյալ ամսում հ/պ-ի մասնակցությամբ Գեղարքունիքում ընդամենը 2 գործ է քննվել: Բացի այդ, այստեղ կա զինվորական կայազոր, սակայն անգամ այս գործերով հ/պ չեն ներգրավում այն պատճառաբանելով զուտ տեխնիկական խնդիրներով: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում մասնակցել ենք զինվորական գործերով դատաքննությունների, որոնցով նախաքննության ու դատաքննության ժամանակ պաշտպան չեն ունեցել: Միաժամանակ, զինվորական մի քանի գործերով մեր կատարած ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինները քրեական գործերին կցում են փաստաբանական օրդերներ, ցույց տալու համար, որ իրենք պաշտպանի մասնակցությունն ապահովել են: Քանի որ նրանք հ/պ չեն, քննիչն այս դեպքում չի գրում այդ ծեծված նախադասությունը, թե մեղադրյալը հրաժարվեց պաշտպանից: Հանրային պաշտպաններից հրաժարումների խնդիրն ուսումնասիրել ենք բոլոր փուլերում, այդ թվում նաեւ դատաքննության ընթացքում: Վերջինի դեպքում քաղաքացիների դժգոհության պատճառը մեկն է` հ/պ-ների վատ աշխատանքը, որն անվստահություն է առաջացնում այս ինստիտուտի նկատմամբ: Այս երեւույթին հանդիպել ենք ե’ւ Գավառի, ե’ւ Կոտայքի մարզում: Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ եթե հանրային պաշտպանի որդին մարզի ոստիկանությունում քնչական բաժանմունքի պետ է աշխատում, հասարակությունը չի կարող վստահություն ունենալ, որ հայրը դատարանում իր դեմ չի գործելու: Այլ իրավիճակներ էլ են եղել, երբ հ/պ-ն են ունեցել, որի ծառայությունից, ի դեպ, շատ գոհ են եղել եւ մեր ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ պաշտպանը հնարավոր բոլոր գործողությունները կատարել է մեղադրյալի իրավունքները պաշտպանելու համար: Սակայն նախաքննական մարմնի հարկադրանքով քննության ավարտին նրան դուրս են մղել պաշտպանությունից: Պաշտպանների ներկայութունը ձեւական է նաեւ արագացված դատաքննությունների ժամանակ, որը նույնպես օրենքով պաշտպանի պարտադիր մասնակցությամբ քննվող տարբերակներից մեկն է: Շատ են դեպքերը, երբ նրանք նախաքննության ժամանակ պաշտպան չեն ունեցել, դատարանում էլ ներգրավում են պատահական փաստաբանի, (քիչ չեն դատարանի առջեւ հերթապահողները), որոնք գործին անտեղյակ, պարզապես ֆիզիկապես ներկա են գտնվում կամ իրենց օրդերն են տրամադրում որոշակի գումարի դիմաց: Ընդ որում, շատ հաճախ նրանց հրավիրողը դատավորն է: Այդ է պատճառը, որ ամբաստանյալները ենթադրում են, թե նրանք հ/պ են եւ նրանց կողմից պաշտպանություն չիրականացնելը բացատրում են նրանով, որ իրենք չեն վճարում, հետեւաբար շահագրգիռ չեն իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Սա նույնպես վկայում է կեղծ պաշտպանություն իրականացնելու մասին: Քաղաքացիական գործերով մասնակցության դեպք գրեթե չկա հ/պ-ների մոտ, սակայն բազմաթիվ են մարդիկ, որոնք իմանալով, որ լրագրողներ ենք` դիմում են մեզ նման հարցերով: Մարդիկ անտեղյակ են, թե հ/պ-ներն ինչ գործառույթ են իրականացնում եւ ինչպես պետք է դիմել նրանց: Մարզերում այս ամենին մեկ ուրիշ խնդիր էլ է գումարվում: Առանձին փաստաբաններ սերտաճել են տեղի իրավապահների ու դատավորների հետ եւ նրանց համար առաջնայինը իրենց պաշտպանյալի շահը չէ: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, երբ նրանց կանոններով չգործող պաշտպանները չեն կարող գործունեություն ծավալել այդ համակարգում: Բերեմ մի օրինակ, երբ Գեղարքունիքի մարզում գործող երկու հ/պ-ներից մեկը մշտապես գործերի մեծ քանակություն է ներկայացնում, իսկ մյուսին չեն ներգրավում գործերում, անգամ այն ժամանակ, երբ Գավառի պաշտպանը արձակուրդում էր գտնվում: Ստացվում է, որ մարզերում աշխատելու համար պաշտպանը ոչ միայն մասնագիտական կարողություններ պետք է ունենա, այլեւ այդ միջավայրի կանոններին հարմարվելու եւ նրանց կանոններով գործելու պատրաստակամություն: Ամփոփելով ասելիքս նշեմ, որ 1. պետությունն իր մասով պարտականությունը կատարել է, երբ ստեղծել է  գրասենյակ եւ ֆինանսավորել է այդ կառույցին, իսկ կատարողները, որոնց մեջ նկատի ունեմ նաեւ քննչական մարմիններին ու դատարանին,  մեծապես թերանում են այդ հարցում: 2. Իրազեկվածության մեծ պակաս կա բնակչության շրջանում. հանրային պաշտպանի ինստիտուտը ներդրվել է, սակայն քարոզչական աշխատանք չի տարվել հանրությանը ներկայացնելու հ/պ-ների դերն ու խնդիրները, նրանց գործունեության շրջանակը եւ իրավասությունները: 3. Հանդիպել ենք դեպքերի, երբ ե'ւ նախաքննության, ե'ւ դատաքննության ժամանակ պաշտպան չեն ունեցել, սակայն անօգնական վիճակում հայտվածի հարազատները պաշտպանություն են ակնկալում ինչ-որ մեկից: Պատին փակցված են հ/պ-ի մասին տեղեկություններ, սակայն նրանք չգիտեն որ դեպքերում եւ ինչպես պետք է դիմել նրան: v-enikyan_10.12.09Վ. Յանիկյան-Նախ, եթե պաշտպանության իրավունքի մասին է խոսքը, ապա պետք է շեշտը դնել խոչընդոտների վրա: Իրոք, 2008 թ. այդ երեք մարզերում հ/պ-ներից հրաժարումները կազմում էին 220-230 դեպք, իսկ հիմա այդ մարզերն ունեն 15-20 հրաժարում: Պատճառն այն չէ, որ սկսել են լավ աշխատել կամ էլ այն ժամանակ վատ էին աշխատում դրա համար էին հրաժարվում: Պատճառներից մեկն այն է, որ քննիչները պարզապես օրենքը չգիտեն: Պաշտպանյալը, որին քննիչը լավ չի բացատրում իր իրավունքները ասում է, թե պաշտպան չի ցանկանում, քննիչն էլ հրավիրում է հ/պ եւ նրա ներկայությամբ արձանագրում է, որ հրաժարվեց: Իրականում, օրենքը չի պարտադրում քննիչին, որ նա պաշտպան հրավիրի, նա պարզապես պետք է բացատրի կասկածյալին, պաշտպան ուզում է, թե` ոչ: Եթե ցանկություն հայտնի, հետո պետք է հարցնի` վճարովի պաշտպան է ցանկանում, թե` անվճար, եթե հնարավորություն չունի` պետությունն անվճար պաշտպան կտրամադրի: Կան քննչական բաժիններ, որտեղ շատ լավ գիտեն, որ պարտադիր չէ հ/պ-ի  ներկայությամբ արձանագրել պաշտպանից հրաժարումը: Օրինակ, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ մարդիկ անհամեմատ աղքատ են, տարվա ընթացքում մեկ-երկու անգամ  են  հ/պ ներգրավել: Դա նրանից է, որ քննիչն ասում է` ես ե'ւ քո պաշտպանն եմ, ե'ւ դատավորը: Փաստորեն, նրանք առանց այդ մարդու ցանկությունը հաշվի առնելու` հրաժարեցնում են: Հարցը նրանումն է, որ նաեւ դատարանը ուշադրություն չի դարձնում այս խնդրին, որովհետեւ չի կարող պատահել, որ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում, որտեղ տարեկան ավարտում են ասենք` 250 գործ, 1-2 հոգի հ/պ ցանկանան: Պատճառն, իհարկե, շատ քողարկված է: Այդ մարզերում այս տարի ընդամենը 15-20 հրաժարման դեպք է եղել, որովհետեւ պաշտպաններն արդեն չեն գնում, որ իրենց ներկայությամբ հրաժարումը արձանագրեն: Նշեմ նաեւ, որ հանցագործությունների քանակով չի պայմանավորված հ/պ-ների ներգրավվածության վիճակը: Այս տարի հ/պ-ների մասնակցությունը չի նվազել, դեռ մի բան էլ ավելացել է: A-Ayvazyan_10.12.09Ա. Այվազյան-Իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, ցանկացած պարագայում, որտեղ կա աշխատանք, կա նաեւ քննադատություն: Եթե ասենք, որ հ/պ-ների կարիքը չկա կամ այնքան էլ լավ չեն աշխատում, ես այդ կարծիքն այնքան էլ չեմ կիսում: Ավելին, անձամբ առնչվել եմ հ/պ-ների հետ եւ շատ դեպքերում տարբերություն չեմ տեսել հ/պ-ի հետ գործ ունենք, թե` վճարովի պաշտպանի: Եկեք չփնովենք նրանց աշխատանքը եւ չասենք նաեւ, որ քննիչները համոզում են, որ մարդիկ հրաժարվեն հ/պ-ներից: Կարծում եմ, այստեղ խնդիրը միանգամայն այլ է, ոչ թե քննիչի կամ հ/պ-ի մեղավորությունն է, այլ իրականում իրազեկման պակասն է: Շարքային քաղաքացիներից շատերը նույնիսկ չգիտեն հ/պ-ի գրասենյակի գոյության մասին, ինչ վերաբերվում է քննիչների աշխատանքին, կարող եմ վստահեցնել, որ մեծմասամբ քննիչները պարտադիր կարգով իրազեկում են մարդուն, բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանում են պաշտպան ունենալու նրանց իրավունքը: Այստեղ խոսք գնաց, որ շատ դեպքերում հ/պ-ի ներկայությունը պարտադիր է, բայց քննիչներն անտեսում են, դատավորներն էլ աչք են փակում: Նման բան հնարավոր չէ, եթե պաշտպանի պարտադիր դեպք ունեք, եւ եթե քննիչը չի ներգրավում, միանշանակ կարող եմ ասել, որ նման գործով կայացված ցանկացած որոշում ենթակա է բեկանման: Հետեւապես, եթե քննիչը սկսնակ է կամ բավարար գիտելիքներ չունի, ինչ եք կարծում, դատախազն էլ դա չնկատեց, հետագայում դատարանն էլ չնկատեց: Չեմ բացառում, որ լինեն դեպքեր, բայց ինձ նման դեպք հայտնի չէ: Ս. Պետրոսյան- Ես իմ ասելիքը կառուցեցի նշված երեք մարզերի օրինակի վրա, որտեղ, իրոք, կան շատ լավ պաշտպաններ, բայց կարող եմ նշել նաեւ, որ լավ պաշտպանների ներգրավվածությունը գործերի քննությանն ավելի քիչ է, հատկապես նախաքննության շրջանում: Այս տարվա առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում նախաքննության ժամանակ 40 հոգի հրաժարվել էր պաշտպանից, իսկ դատարանում նրանցից 39-ը պաշտպան էր ցանկացել: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին ներկայացրել եմ Ճամբարակում արված առաջարկը նոր պաշտպանի հաստիք ավելացնելու մասին, եւ նա ասում է` ես կանգնել եմ փաստի առաջ, պետք է մի հաստիքը կրճատեմ, որովհետեւ այդ մարզի հ/պ-ների մասնակցության թիվը փոքր է: Այն, ինչ որ ասում եմ օրինակներով լուսաբանված է մամուլում: Կան փաստեր, երբ փաստաբան (ոչ հանրային պաշտպան), տարիներ շարունակ քննչական մարմինների հետ համագործակցել է իր օրդերը տրամադրելով: Զիվորական կայազորի դատախազն ինձ ասում է, թե Ճամբարակում չկա հ/պ, ես էլ չեմ կարող Գավառից կամ Վարդենիսից նրան ներգրավել, ճանապարհի դժվարություն կա, չեն գալիս, կամ` ես պետք է որոշում ուղարկեմ հ/պ գրասենյակ սպասեմ մի քանի օր, որպեսզի պաշտպան ուղարկեն, ինքը ձերբակալված անձի հետ քննչական գործողություն պետք է կատարի: Եվ այս տեխնիկական խնդիրը լուծելու փոխարեն ընտրում են կարճ ճանապարհը`  ոտնահարում են քաղաքացու պաշտպանության իրավունքը A-Mkhitaryan_10.12.09Ա. Մխիթարյան-Ես կուզենայի այսօր քննարկումը տանեինք ընդհանրապես պաշտպաններից հրաժարվելու դեպքերի առնչությամբ եւ ոչ միայն հ/պ-ների, որովհետեւ համատարած հրաժարումներ կան: Բայց, ամեն դեպքում, անդրադառնալով հրաժարումներին ասեմ, որ ես ներկայացրել եմ բոլոր այն դեպքերը, որոնցով իմ աշխատանքային գործունեության ընթացքում հրաժարվել են ինձնից: Ընդամենը 3-4 դեպք է եղել, եւ ես չափազանց վիրավորված եմ եղել ե’ւ նախաքննության մարմնից, ե’ւ դատարանից: Ինչու, որովհետեւ առավելապես վերջին 2 դեպքում ես ակնհայտ օրենքի խախտում եմ նկատել եւ այդ մասին բարձրաձայնել եմ, բայց, ցավոք, այդ հարցին որեւէ անդրադարձ չի եղել նաեւ դատարանի կողմից: Հիմա այդ գործը քննվում է դատարանում: Ես ներգրավվել եմ գործով, ընթացել է մինչեւ նախաքննության ավարտման օրը եւ ստացվում է այնպես, որ իմ պաշտպանյալը հրաժարվում է ինձնից, նա վճարովի պաշտպան է բերել: Նույնիսկ, եթե ընդունենք, որ հրաժարումը կարող է լինել, սակայն օրենքի պահանջ է, որ պաշտպանի ներկայությամբ հրաժարումը լինի, սակայն, չգիտես ինչու, քննիչն առանց պաշտպանի հրաժարման արձանագրությունը ստորագրել էր, եւ դատարանն էլ այն ընդունել էր, որպես օրինական փաստաթուղթ: Ես այս հարցը բարձրացրել եմ Հ/պ գրասենյակի ղեկավարի մակարդակով, որովհետեւ համոզված եմ, որ այս դեպքը կրկնվելու է: Ճիշտ է, ես սպասարկում եմ Հրազդանի տարածքը, բայց մենք աապահովում ենք նաեւ այլ մարզերին նաեւ քննիչների հետ համագործակցելով, ի վերջո, մեր բոլորի նպատակը արդարադատություն իրականացնելն է: Ուղղակի հիմա ավելի շատ են անփորձ քննիչները եւ իրենց թվում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Նույնիսկ, եթե ընդունենք որ հ/պ գրասենյակը իրեն լավ չի գովազդում, միեւնույնն է, դա չէ պատճառը, որ մեզնից հրաժարվում են: Վ. Յանիկյան- Այստեղ էլ մարդիկ կան, որ հ/պ-ի մասին պատկերացում չունեն, մի քննչական բաժնի պետի տեղակալի հետ եմ խոսել, որին երբ ներկայացա, որ հ/պ գրասենյակից եմ, ասաց` դա ինչ բան է: Ս. Պետրոսյան- Անուշ Մխիթարյանի գործունեությունից գոհ են եղել անգամ նրանք, ովքեր հրաժարվել են, ես զրուցել եմ այդ մարդկանց հետ, իսկապես կան շատ բարեխիղճ պաշտպաններ, բայց նույն Կոտայքի մարզում մասնակցել եմ դատավարության այլ հ/պ-ի մասնակցությամբ, որոնց անունը դատախազ պետք է լիներ եւ ոչ թե պաշտպան: Ա. Այվազյան- Ընդունում եմ, կան նման դեպքեր, նույն հ/պ-ների մեջ կան եւ շատ լավերը եւ վատերը: Մարզերում ճանաչում եմ որոշ հ/պ-ների, որոնք մարզում այնքան համբավ ունեն, որ անգամ վճարունակ քաղաքացիներն ուզում են նա իրենց իրավունքները պաշտպանի: 2000 թ.-ից այս համակարգում եմ աշխատում, եւ վստահեցնեւմ եմ, որ մեր կողմից քննվող քրեական գործերով պաշտպանների մասնակցությունն ավելացել է: Այսինքն, բարձրացել է նաեւ մարդկանց իրավագիտակցության մակարդակը, բայց ասենք, որ համատարած բնույթ է կրում իբրեւ քննիչները չեն ուզում պաշտպանի հետ աշխատել` ճիշտ չէ: Ընդհակառակը ես միշտ իմ գործունեության ընթացքում ուզել եմ պաշտպան մասնակցի, լավ պաշտպանը, եթե ծարակշիռ փաստարկներ է ներկայացնում, որոնք ես որեւէ կերպ չեմ կարողանում հերքել, ուրեմն անմեղ մարդու հետ գործ ունեմ: Մենք հակված չենք մարդուն զրկելու պաշպանության իրավունքից եւ բերենք անմեղ մարդուն դատենք: Ասվեց, թե քննիչն իբրեւ համոզում է, որ պաշտպան չլինի, որպեսզի իր գործը հեշտացնի` ես համաձայն չեմ: Վ. Յանիկյան- Ինչով եք բացատրում երբ քննիչների մոտ չեն ուզում պաշտպան ունենալ, բայց  դատարանում ցանկանում են: Քննիչները խորամանկում են մեղադրանք առաջադրելիս, օրենքն ասում է, որ պաշտպանից հրաժարվելու դեպքում քննիչը պարտավոր է կազմել առանձին արձանագրություն: Ընդհանուր ձեւով ներկայացնում են, այդտեղ 70 տեսակի իրավունքներ է գրված եւ մարդը չի էլ կարդում,  իսկ այն արձանագրությունը, որ պետք է կազմեն իրեն տան, նա էլ գնա իր խուցը կարդա` չի արվում: Ես ինքս քննչական ապարատում 30 տարի աշխատել եմ եւ լավ գիտեմ: Կտամ օրինակներ, երբ քննիչի որոշումը կարդում ամաչում եմ: Ա. Մխիթարյան- Ճնշում կա քննիչների կողմից, պետք է խոստովանենք, որ կա ու պայքարենք դրա դեմ: Ա. Այվազյան- Իրականում պետք է ընդունել որ այդպիսի քննիչները բավականին շատ են: Դուք նշեցիք 70 կետից բաղկացած իրավունքներ եւ այլն, պետք է ասեմ, որ պաշտպանից հրաժարվելու համար կազմվում է առանձին արձանագրություն, ավելին, կա 2 տեսակի արձանագրություն, հատուկ համարակալված, հատուկ ձեւի: Քննիչների մի մասը դրանցից միայն մեկն է լրացնում: Պարզապես օրենքի մի փոքր բաց ունենք, նշված չէ 1 թե 2 արձանագրությամբ ամրագրել պաշտպանից հրաժարումը: Ես ինքս, որպես բաժնի պետ, նորեկ քննիչներին պարզաբանում եմ, որ կարեւորագույն հայտարարությունները անպայման գրվեն մեղադրյալի ձեռքով, ինչու, որովհետեւ մարդը հետո հրաժարվում է: Այսինքն, ասենք, որ մարդը չի ցանկանում պաշտպան ունենալ եւ թռուցիկ անց ենք կացնում, ես դրա հետ համաձայն չեմ: Վստահ եմ, գործերի մեծամասնությունը, եթե հենց հիմա բացենք` կտեսնեք իմ ասած արձանագրությունները, մարդը իր ձեռքով գրել է` հրաժարվում եմ պաշտպան ունենալուց: Մենք միշտ պահանջում ենք քննիչներից, որպեսզի նշեն պաշտպանից հրաժարվելու պատճառը: Ինչ վերաբերում է, թե ինչու են նախաքննության ընթացքում պաշտպաններից հրաժարվում, բայց գալիս են դատարան` ուզում են, տարիների իմ փորձից ասեմ, որ նոր ձերբակալվածների   առաջին ցուցմունքները, որպես կանոն, խոստովանություն են: Այնուհետեւ մարդը մտնում է մեկուսարան, իսկ գաղտնիք չէ, որ մեր մեկուսարանները մեծ դպրոց են կալանավորվածների համար, որտեղ պատիժ է կրում նախկինում դատվածը, ով այդ ուղին անցել է, եւ նրան խորհուրդ է տալիս իր ճանաչած լավ պաշտպանին հրավիրել: Մեկուսարանից նա զանգահարում է իր ազգականին եւ ասում, որ ուզում է այդ անձը լինի իր շահերի պաշտպանը: Այսինքն, այդ օրերի ընթացքում անձը հասկանում է վերջնականապես, որ իրեն պաշտպան է պետք, որ իր մեղավորությունը ապացուցված է, նա այլընտրանք չունի եւ գիտակցելով այդ ամենը` սկսում է պաշտպանվել օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Սա է պատճառը. մարդը մինչեւ լիարժեք չի գիտակցում, որ վաղը իր մեղադրական դատավճիռն է լինելու, չի դիմում իրավաբանական օգնության: Ես չեմ բացառում որ կարող է լինել դեպք, երբ քննիչը կամ դատավորը համոզեն, բայց ասենք, որ դա համատարած է` համաձայն չեմ: E-danielyan_10.12.09Ե. Դանիելյան- Ձեր ելույթից, հարգելի Սառա, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ խոսում ենք մի իրավիճակի մասին, որում գտնվում էինք մի 20 տարի առաջ: Այսօր ասել, որ կան այդպիսի պաշտպանության իրավուքի ռեալ խոչընդոտներ` ես համաձայն չեմ: Ս. Պետրոսյան- Տկն Դանիելյան, եկեք հստակ տարբերակենք Երեւանը մարզերից: Ե. Դանիելյան- Այո, ես հիմա խոսում եմ  որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, բնական է, դա կվերաբերվի նաեւ մարզերին: Այսօր այնքան լայն տարածում է գտել այն գաղափարները, որ անձը պաշտպանության իրավունք ունի, որ ինձ թվում է դրա մասին նույնիսկ վիճելն անիմաստ: Ուրիշ բան է, որ, իրոք, կան տեխնիկան դժվարություններ, ուղակի մենք պետք է փորձենք տարանջատել այն խոչընդոտները որտեղ տարրական խախտումներ են, եւ նրանք, որոնք տեխնիկական են: Վերջինը, իմ կարծիքով, գերատեսչական խնդիր է, շատ լավ է, որ բարձրացվել են, բայց դրանք ՀՊ գրասենյակի եւ Փաստաբանների պալատի քննարկման խնդիրներն են: Այսօր, իմ կարծքով, մենք պետք է խոսենք իրավունքի իրական խախտումը բացառելու մասին: Նախ` ես չեմ կարծում, որ ասյօր ՀՊ գրասենյակը զիջում է այլ փաստաբանական ծառայություններին: Շատ ուրախ եմ, որ գրասենյակը նաեւ համալրվել է բանիմաց եւ երիտասարդ կադրերով: Ես առնչվում եմ բազմաթիվ վճռաբեկ բողոքների հետ, որոնք նույնիսկ կարելի է գիտական աշխատություններ համարել: Ինչ վերաբերում է պաշտպանության իրավունքի իրականացմանը, ուզում եմ հարգարժան պաշտպանի հետ համաձայնել այն առումով, որ, ինչպես հայտնի է, պաշտպանության իրավունքի խախտումը դա այն դատավարական խախտումն է, որը պարտադիր առաջացնելու է դատական ակտի բեկանում: Եկեք տեսնենք այդ դատական ակտի բեկանումն է վտանգավոր պետության համար, քան թե մի իրավիճակով պայմանավորված պաշտպանության իրավունքին խոչընդոտելը: Հավատացնում եմ, որ չի լինի այդպիսի մի դատարան կամ դատավոր, որն իր առաջ պատկերացնելով այս գործի հետագա ընթացքը թե’ Հայաստանի ներպետական մարմիններով, թե’ հետագայում Եվրոպական ատյաններով, ինքը թույլ տա միտումնավոր պաշտպանական իրավունքի խախտում: Եթե այդպիսի բան կա` մենք դա պետք է դիտենք որպես պետական հանցագործություն: Այսօր նույնիսկ մեր իրավագիտակցությունը չպետք է հասնի այն մակարդակի, որ պաշտպանության իրավունքը պետք է պահպանել, մի բան փաստ է, որ դրա հետեւանքով ձեր դատական ակտը կբեկանվի: Ս. Պետրոսյան- Եթե բողոքարկվի, իսկ եթե չկա այդ բողոքարկողը: Ե. Դանիելյան -Ինչ վերաբերում է անձի իրավունքին, ի վերջո այդ պաշտպանության իրավունքը մարդու իրավունքն  է, որը նա պետք է ակտիվորեն իրականացնի: Պաշտպանվելու իրավունքը տրված է մեզ բոլորիս, եթե մենք մեր իրավունքը չենք իրականացնում, ինչու ենք փորձում դիմացինին մեղադրել: Այտեղ հայտնեցին դեպքեր, երբ հ/պ-ից հրաժարվել են, այս պաշտպանից հրաժարվելու խնդիրն էլ է, իմ կարծիքով, երկիմաստ, մենք պետք է նայենք, թե պաշպանից հրաժարվելն արդյոք առաջացրել է պաշտպանական իրավունքի խախտում,  թե` ոչ, որովհետեւ հնարավոր է, որ հ/պ-ից հրաժարվի, որովհետեւ նրա հարազատները, թեկուզ անվճարունակ էլ են, կընկնեն դռնեդուռ, հարազատներից կհավաքեն, կտանեն մի հանրաճանաչ պաշտպանի կտան, որ պաշտպանի, չմտածելով որ իրականում հ/պ-ն միգուցե ավելի լավ պաշտպանի: Բայց այստեղ պետական մարմնի խնդիրը որն է, եթե իրավունքի իրականացումը ապահովել է, եթե պաշտպանության իրավունքի խախտում դե յուրե տեղի չի ունեցել, դե ֆակտո էլ տեղի չի ունեցել: Ինչ իրավուքի խախտման մասին է խոսքը եւ ինչպես դատարանը կարող է գնահատել` այստեղ խախտում եղավ թե` ոչ: Հակառակը, կարող է հասկանալ, որ մարդը իր ընտրության իրավունքն է իրականացրել: Մի փաստարկ ես կուզեի բերել, 2009 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանում չի ստացվել ոչ մի բողոք, որում վիճարկվի պաշտպանության իրավունքի խախտումը: Վ. Յանիկյան- Շատ մեծ խոչընդոտ է, երբ մարդը չի կարողանում անձամբ դիմել գրասենյակին: Հ/պ գրասենյակի կանոնադրության մեջ այդ կետը կա, որ քաղաքացին անձամբ կարող է դիմել հ/պ գրասենյակին, բայց դա չի կիրառվում: Երբ  քաղաքացին դիմում է գրասենյակ, մենք նրան ասում ենք` գնա քննիչից կամ դատարանից որոշում բեր, որ հ/պ ես ցանկանում ունենալ: Մենք դեպքեր ունենք, երբ հարազատը եկել հայտնել է, թե մի շաբաթ առաջ դիմում է գրել քննիչին  հ/պ ներգրավելու պահանջով, չի ուղարկել այդ որոշումը: Որոշում չէին ուղարկել մեզ, այ, տեսեք պաշտպանության իրավունքի խոչընդոտը որտեղ է: Ճիշտ է, նման դեպքերը շատ չեն, բայց կա այդ խնդիրը: Ինչու պետք է պաշտպան ներգրավելու մասին որոշումը կայացնի վարույթն իրականացնող մարմինը, թող հարազատը գա մեզ դիմի: Երբ հ/պ-ն գնում քննիչի մոտ է ներկայանում մեղադրյալին, նա սկսում է մտածել` այս ում բերեց քննիչը, հետո չեք կարող կոտրել այդ միտումը: Ա. Մխիթարյան-Սա կոռուպցիոն ռիսկերի խնդիր է նաեւ, հաճախ լինում են քննիչներ, որ ուղղակի հայտարարում են` քեզ պետք չէ պաշտպան: Նրանք ասում են` ես որոշումս կայացնեմ, հետո հ/պ-ով կապահովեմ: Ա. Այվազյան- Ես առաջին անգամն եմ լսում, որ նման բան կարող է լինել: Հետո այստեղ մտածելակերպի խնդիր էլ կա, մարդկանց թվում է, որ եթե ինքը վճարովի պաշտպան բերի, տեղում ինքը ազատվելու է, արդարացվելու է եւ այլն : Kid-peterson-110.12.09Ք. Պետերսոն-Մենք գնահատում ենք, որ նման հետազոտություն է կատարվել մարզերում: Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունն առարկել է այն դրույթի դեմ, որ հ/պ-ի ներգրավելը վերապահված է նախաքննական մարմնին: Մեր կարծիքով, այս օրենքն իր մեջ ռիսկ է պարունակում, վարույթն իրականացնող մարմնի նպատակը նախաքննություն իրականացնելն է, միչդեռ դա կարող է բախում առաջացնել նրանց նպատակների եւ քաղաքացու իրավունքների իրականացման միջեւ: Կան առարկություններ այն դրույթի հետ կապված, թե որքանով է հ/պ գրասենյակը պատրաստ ճշտել մարդկանց անվճարունակությունը: Օրինակ, ԱՄՆ-ում դա թողնված է հ/պ գրասենյակին, միայն անհրաժեշտության դեպքում կարող է քննչական մարմնին կամ դատարանին վերապահվել: Միանշանակ է, որ դա ոստիկանության շահերից է բխում. որքան ուշ հ/պ ներգրավվի` այնքան լավ, սա ամբողջ աշխարհում է այսպես: Պատրաստեց` Բելլա Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter