
1948թ. դեկտեմբերի 10-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան ընդունել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Այսօր մարդու իրավունքերի օրվան նվիրված կլոր սեղան էր կազմակերպել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:
Կլոր սեղանին մասնակցում էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ մարդկության պատմության զարգացման մեջ մի նոր փուլ սկսվեց: Ճանապարհները, որոնցով մարդու իրավունքները կընդունվեն և կհարգվեն, վարչապետի կարծիքով` լուսավորությունն ու կրթությունն են:
«Պետությունները պետք է իրականացնեն պրոգրեսիվ միջոցառումներ և ծրագրեր, որպեսզի լուսավորության և կրթության ճանապարհով մարդկությունն ըմբռնի մարդու իրավունքների էությունը, և դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան միջավայր և հնարավորություններ: Այն արժեհամակարգը, որը նկարագրված է մարդու իրավունքների հռչակագրում, պետք է յուրաքանչյուրիս համար օդի և ջրի նման անհրաժեշտություն դառնա, առանց որի մենք չենք կարող պատկերացնել բարեկեցիկ կյանք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` ժամանակակից հասարակությունն առանց մարդու իրավունքների հարգման և ընդունման չի կարող զարգանալ: Իսկ ժամանակակից հասարկությունների շարժիչ ուժը գիտելիքն է:
«Մարդը, ով ստանում է կրթություն, գիտելիք և հանդիսանում է ժամանակակից հասարկաության շարժիչ ուժը, չի կարող իր կյանքը պատկերացնել առանց ազատությունների: Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա իրացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ ՀՀ սահմանադրության մեջ արտացոլված են մարդու իրավունքների դեկլարացիայի բոլոր 30 հոդվածների դրույթները»,- ասաց նա:
Տ. Սարգսյանը տեղեկացրեց, որ 2010թ. Հայաստանում անց է կացվելու Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագան» ֆորումը: Վարչապետի հավաստմամբ` կառավարությունը կձեռնարկի միջոցառումներ, որպեսզի այդ հավաքը պատշաճ մակարդակով անցնի:
«Մարդու իրավունքի ոլորտում առկա է ևս մեկ նոր համագործակցություն` Եվրամիություն-մարդու իրավունքներ երկխոսության ծրագիրը, որը նույնպես կարևոր է: Նմանատիպ միջոցառումները կարևոր ազդակներ են հաղորդում մեր հանրությանը, որպեսզի մենք լուսավորության և կրթության ճանապարհով կարողանանք Հայաստանում տարածել մարդու իրավունքների հարգման գաղափարախոսությունը` այն անհրաժեշտություն դարձնելով մեզ բոլորիս համար»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել