HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ որոշել է Հայաստանին հատկացնել 100 մլն եվրո մակրոտնտեսական օգնություն

Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունները Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում տեղի են ունեցել ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի (Political and Security Committee) տրոյկայի  մակարդակով Հայաստան-ԵՄ քաղաքական խորհրդակցությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, Քաղաքական եւ Անվտանգության Կոմիտեում Շվեդիայի դեսպան Օլոֆ Սկուգը: Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի ներքին զարգացումները քննարկելիս անդրադարձ կատարվեց համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա եւ դրա հետեւանքների մեղմելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին: Այս համատեքստում նշվեց, որ ԵՄ որոշում է ընդունել Հայաստանին հատկացնել 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն (35 մլն. եվրո դրամաշնորհ եւ 65 մնլ եվրո վարկ): Առաջին հատկացումներն իրականցնելու համար 2010թ. փետրվարին Հայաստան կժամանի ԵՀ առաքելությունը, որը կքննարկի փոխըմբռման հուշագրի կնքման հարցը: Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն հայտնեց շարունակելու աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում: Այս համատեքստում կարեւորվեց ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքը: Ողջունվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկը: Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը ԼՂ հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Ողջունվեց Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը: Եվրոպական կողմը կարեւորեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար անհրաժեշտ է խուսափել ռազմատենչ հայտարարություններից եւ ձեռնարկել վստահության ամրապնդման միջոցառումներ: ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով արձանագրությունների արագ վավերացումը: Արեւելյան գործընկերության ընձեռած հնարավորությունները քննարկելիս անդրադարձ կատարվեց դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած նախարարական համաժողովի արդյունքների եւ նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի մասին ընդունված որոշմանը: Ներկայումս ԵՄ խորհրդի աշխատանքային խմբերում ընթանում է Հայաստանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման մանդատի ընդունման հարցը: Ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի 2010թ. առաջին կեսին: Քննարկվեցին նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը եւ համընդգրկուն ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը նվիրված հարցեր: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter