
Մարդու իրավունքների օրվան նվիրված «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում. ձեռքբերումներ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան էր կազմակերպել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:
Կլոր սեղանի մասնակիցներից Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը նշեց, որ Եվրոպական միությունը հիմնված է մարդու իրավունքների և ժողովրդավարության ընդհանուր արժեքների վրա: Առանց այդ արժեքների Եվրամիությունը չէր լինի այնպիսին, ինչպիսին հիմա է:
«Եվրոպական հարևանության և Արևելյան հարևանության ծրագրով մենք այս արժեքները նաև տարածում ենք մեր հարևանների` այդ թվում նաև Հայաստանի վրա` երկխոսության միջոցով: Մենք փորձում ենք ձեզ հետ կիսել զարգացումները, որոնք տեղի են ունեցել այս արժեքների շուրջ և փորձում ենք ձեզ ցույց տալ` ինչպես կարելի է դրանց օգռտագործել` կայուն և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար»:
Ռ. դե Լուցենբերգերը նշեց, որ Եվրոպական հանձնաժողովը ակտիվ աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում: Իրենք հզորացնում են օմբուդսմենի գրասենյակը խորհրդատվական խմբի միջոցով:
«Մենք նաև աջակցում ենք կանխարգելման ազգային մեխանիզմի ստեղծմանը, աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը` մի շարք ծրագրերով ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության շրջանակներում: Մենք նաև աջակցում ենք արդարադատության համակարգի բարեփոխումներին»,- ասաց նա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան էլ նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2000թ-ից աջակցել է Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիական հասարկությանը` ժողովրդավարական ինստիտուտնների ստեղծման և զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծումից հետո մենք աջակցել ենք այդ գրասենյակին և մեր գործընկերների հետ միասին կշարունակենք օգնել. դա լինելու է մեր հիմնական աշխատանքներից մեկը»,- ասաց նա:
Վերջինի խոսքով` իրենք Վիենայից հետևում են Հայաստանի խոսքի ազատության վիճակին, զբաղվում են հակաթրաֆիքինգային գործունեությամբ և այլն: «Մենք ծրագրեր ունենք` դատական համակարգի բարեփոխումներին նպաստելու համար: Ուզում եմ նշել օմբուդսմենի դերը այս ինստիտուտի զարգացման գործում: Օմբուդսմենն իր աշխատանքով ոչ միայն մարդու իրավունքներն է պաշտպանում, այլև նպաստում է թափանցիկության կայացմանը պետական մարմիններում»,- ասաց նա:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն էլ կարևորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը` որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց:
«Մենք բոլորս շատ ուշադիր հետևում ենք Ստարսբուրգի դատարանի գործունեությանը: Դատարանի շատ լավ և կարևոր ֆունկցիան նաև այն է, որ այն աշխատում է որպես կանխարգելման միջոց. դատարանի որոշումները բոլոր երկրներում ընդունվում և հարգվում են: Եվրամիության հետ միասին Եվրախորհուրդը մեծ ծրագիր է սկսել: Շատ կուզենայի, որ մյուս տարի միասին աշխատեինք դատական համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասաց նա:
Ս. Զեհենի խոսքով` մարդու իրավունքները լայն հասկացություն է, և անհրաժեշտ է դրա առանձին ոլորտներին ավելի մեծ ուշադրություն դարձնել:
«Եթե կարողանանք շարունակել բարելավել դատական համակարգը, երիտասարդ իրավաբանների կրթական համակարգը, մյուս տարի դեկտեմբերի 10-ին ավելի մեծ նվաճումներ կարձանագրենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել