
«Հայաստանը միացել է ավելի քան 30 երկրների, որոնք երկխոսություն են վարում Եվրամիության հետ մարդու իրավունքների ոլորտու: Հայաստանի մարդու իրավունքներին նվիրավածության ապացույցներից մեկն է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ստեղծումը»,- Մարդու իրավունքների օրվան նվիրված կլոր սեղանի ժամանակ ասաց Եվրամիության նախագահության Շվեդիայի մարդու իրավունքների դեսպան Յան Աքսել Նորդլանդերը:
Վերջինի խոսքով` մարդու իրավունքների ոլորտում Եվրամիության նվաճումների թիվն աճում է. մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրամիության արտաքին քաղաքականության կարևոր մասերից մեկն է:
Անդրադառնալով առկա առաջընթացին` պրն Նորդլանդերը նշեց, որ բազմաթիվ երկրներ ամեն տարի վերացնում են մահապատիժը: «Դա արդեն արվել է Հայաստանում, բայց 69 պետություններում դեռ մահապատիժ կիրառվում է»:
«Մենք պրոգրես ունենք 7 հիմնական կոնվենցիաների վավերացման առումով: Համարյա բոլոր պետությունները վավերացրել են կանանց դեմ խտրականության կոնվենցիան, երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Խոշտանգումների մասին կոնվենցիան ավելի քիչ է վավերացված: Առանց մարդու իրավունքների ժողովրդավարություն չի կարող լինել»,- ասաց նա:
Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի տնօրինության մարդու իրավունքների վարչության ղեկավար Ռոլֆ Թիմոնսն էլ նշեց, որ անհրաժեշտ է անհատների ֆունդամենտալ իրավունքների կոնկրետ պաշտպանություն իրականացնել: Ընդհանրապես, նրա կարծիքով, այսօր պետք է անհատներին ուշադրություն դարձնել:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության առումով, բայց մենք գիտակցում ենք, որ դեռ անելիքները շատ են: Ստանդարտները պետք է ավելի լավը և ավելի ընդունելի լինեն: Դեռ կան բացեր միջազգային փաստաթղթերի կամ պետական օրենքների կիրառման առումով: Խնդիրը պետք է լուծվի: Հայաստանը ճիշտ ուղղությամբ է զարգանում», -ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել