
1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվեց Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագիրը` իրենով ազդակելով բոլորովին այլ շրջան, երբ մարդը դարձավ անօտարելի իրավունքի սուբյեկտ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հաստատումով ֆիզիկական անձը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Մինչ այդ միջազգային իրավունքի սուբյեկտ կարող էր լինել միայն եւ միայն պետությունը:
«Դատական բառապաշարի մեջ մտան արտահայտություններ, որոնք անսովոր էին այն ժամանակվա համար, օրինակ` Հարությունյանն ընդդեմ Հայաստանի: Դա նշանակում է, որ մարդու իրավունքների այդ գործընթացը բերում է բոլորովին այլ իրավիճակի, երբ մարդը եւ պետությունը հավասարազոր են դառնում իրավական դաշտում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս Մարդու իրավունքների միջազգային օրը համարում է
մարդկության համար շատ լուսավոր օր, երբ հասարակությունը պետք է ահազանգի, հստակեցնի, խրախուսի:
Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը շատ են հատկապես չորս ոլորտներում. «Սարսափելի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում, ոստիկանության եւ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ արդարադատության մարմիններում: Այս 4 ոլորտներում են տեղի ունենաում արձանագրված խախտումների 60 տոկոսը»:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը նշում է, որ դաժանությամբ են ուղեկցվում նաեւ սոցիալական եւ տնտեսական իրավունքների խախտումները: Նա նշեց, որ տնտեսական իրավունքի մեջ ամենաշատը հիշատակելի են սեփականության իրավունքի ոտնահարումները:
«Քանի դեռ Հայաստանում սեփականության իրավունքն ուղղակի, կամայականորեն եւ մասսայաբար խախտվում է, մենք չենք կարող խոսել մեր երկրում տիրող ժողովրդավարության մասին: Որովհետեւ իրական ժողովրդավարությունը սեփականության իրավունքի պաշտպանվածությամբ է կայանում»:
Լարիսա Ալավերդյանը մարդու իրավունքի խոշոր խախտում է համարում նաեւ ընտրական իրավունքը: Բանախոսն արձանագրում է, որ 1995 թվականից մենք ունեցել ենք այնպիսի ընտրություններ, որտեղ իշխանությունը զավթվել է:
«Ես ցավով պիտի նաեւ նշեմ, որ այսօր հարձակման մեթոդները եւ հարձակում իրականացնող մարմիններն ավելի ուժեղ են, կոպիտ ասած` ավելի արդյունավետ են գործում, քան ամբողջ հասարակությունը, հասարակական կազմակերպությունները եւ օմբուդսմենը կարողանում են պաշպանել: Սա պատահական չէ, քանի որ բոլոր այն մարմինները` իրավապահ, արդարադատության, դատախազության մարմիններ, կոչված են նախ եւ առաջ մարդու իրավունքները պաշտպանելու: Իսկ մեզ մոտ հակառակն է: Նույնիսկ Սահմանադրության 3-րդ կետում հստակ ասվում է, որ պետությունն է մարդու իրավունքներով սահմանափակված` իր լիազորությունները կատարելու ընթացքում: Այնինչ, մենք մինչեւ անգամ օրենքներ ենք ընդունում, որով տալիս ենք ավելի շատ լիազորությոններ մարդու իրավուքները սահմանափակելու նպատակով»:
Այսքանով հանդերձ, Լարիսա Ալավերդյանը մնում է այն համոզման, որ հայաստանի համար հատկապես ամոթաբեր է քաղբանտարկյալների առկայությունը:
Մարդու իրավունքների խախտումների համար նախկին օմբուդսմենը մեղադրում է ե´ւ իշխանություններին, ե´ւ ընդդիմությանը, ե´ւ հասարակությանը, բայց ոչ հավասարապես:
«Նախ եւ առաջ պատասխանտու է իշխանությունը: Իրեն դրա համար է ժողովուրդն ընտրել: Կամ ոչ` դրա համար է բյուջե հարկեր տալիս, որ նա (իշխանությունը) կատարի իր պարտականությունները: Եվ, ի վերջո, իշխանություններն ունեն լծակներ եւ պարտավորություններ, իսկ ընդդիմությունը եւ հասարակությունը լծակներ չունեն, սակայն կրկին նրանք էլ են պատասխանատու»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել