Փոխվարչապետը Ժնևում անդրադարձել է Ադրբեջանից բռնագաղթածների հիմնախնդիրներին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-10-ը Ժնեւում մասնակցել «Երկխոսություն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ» խորագրով երրորդ համաժողովին:
Ինչպես հաղորդում են Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, համաժողովում նա հանդես է եկել ելույթով և անդրադարձել Հայաստանում ներքին տեղահանված անձանց, Ադրբեջանից բռնագաղթած փախստականների, ապաստան հայցողների հիմնախնդիրներին, ներկայացրել այդ ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը:
Փոխվարչապետը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության եւ նրանց սոցիալական խնդիրների լուծման գործում մեր երկրի արձանագրած հաջողությունները ՄԱԿ-ի ՓՀՀ գրասենյակի հետ ամենօրյա սերտ համագործակցության ու անմիջական մասնակցության արդյունք են:
Առիթից օգտվելով` Արմեն Գեւորգյանը Հայաստանի կառավարության անունից կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին ու դոնոր կառույցներին, առաջարկել անհրաժեշտ համագործակցություն ցուցաբերել եւ աջակցել քաղաքային բնակավայրերում կենտրոնացած փախստականների բնակարանային խնդրի լուծմանն ու համաֆինանսավորել այդ ուղղությամբ իրականացվող ծրագիրը:
Ժնեւում դեկտեմբերի 9-ին փոխվարչապետն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո ուտերեշի հետ: Փոխվարչապետը կարեւորվել է նաեւ բնակարանային ապահովման խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը` հաշվի առնելով սոցիալական բնակարանների կառուցման առկա դրական փորձը:
Արմեն Գեւորգյանը նշել է, որ 2008 թ.-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փախստականների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիր, որի լիարժեք իրականացման համար կառավարությունն ակնկալում է միջազգային կառույցների աջակցությունը: Փոխվարչապետն Անտոնիո ուտերեշին փոխանցել է, որ ՀՀ իշխանությունների համար ընդունելի չէ, որ մինչ այսօր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գարսենյակը գործունեություն չի ծավալում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նշվել է, որ նմանատիպ կոնֆլիկտային տարածաշրջանում հենց ՄԱԿ-ն է այն կազմակերպությունը, որը կոչված է անկողմնակալ գործունեություն ծավալելու:
Նույն օրը Արմեն Գեւորգյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլիամ Լեյսի Սվինգի հետ: Փոխվարչապետը ողջունել է սահմանային կառավարման բարեփոխումների իրականացման հարցում ՄՄԿ կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերած աջակցությունը: Կարեւորվել է նաեւ ՄՄԿ մասնակցությունը կենսաչափական չափորոշիչներով անձնագրերի ներդրման գործընթացում:
Դեկտեմբերի 10-ին փոխվարչապետը Ժնեւում հանդիպել է նաև ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային ատյանների, մասնավորապես` ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից ցուցաբերվող աջակցությունն ընդլայնելու հնարավորությունը:
Փոխվարչապետը ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է 2008 թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում ներքին տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը: Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ այն ամբողջական իրականացնելու համար ՀՀ կառավարությունը միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցության կարիքն ունի:
Ակնկալվում է, որ այս հարցում Ուոլտեր Կալինի համապատասխան աջակցություն կցուցաբերի: Այս նպատակով փոխվարչապետը Ուոլտեր Կալինին առաջարկել է 2010 թ.-ին Ժնեւում կամ Երեւանում համաժողով կազմակերպել, որտեղ կհրավիրվեն բոլոր հնարավոր այն կազմակերպությունները, որոնք կարող են ծրագիրը կյանքի կոչելու հարցում օգնել Հայաստանին:
Այսօր երեկոյան Արմեն Գեւորգյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու դեկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ Տնտեսական խորհրդի 44-րդ նիստին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել