
Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ քաղաքական-տնտեսական համակարգի տեսակետից թերություններ դեռևս կան, և այստեղ որևէ լուրջ առաջընթաց ինքը չի տեսնում: «Պարզապես այսօր իշխանությունն ավելի ուշադիր է մարդու իրավունքների նկատմամբ, և երևույթներ կան` դատական համակարգում և մնացած ոլորտներում, որոնք ցույց են տալիս, որ իշխանության մոտեցումը փոխվել է, բայց համակարգերի փոփոխություն դրական իմաստով տեղի չի ունեցել»,- ասաց նա:
Օմբուդսմենի գրասենյակ ուղղված նամակներում բողոքներ են լինում հիմնականում ոստիկանության, դատախազության և քաղաքապետարանի դեմ: Ա. Հարությունյանի խոսքով` խնդիրներ կան խոշտանգումների, ոստիկանների, քրեակատարողական հիմնարկների, սեփականության, աշխատանքային իրավունքների հետ կապված և այն:
«Սրանք առավել խոցելի ոլորտներն են: Ըստ էության` եթե հակակշիռների համակարգը չի աշխատում, այդ իրավունքները չեն երաշխավորվում: Պետք է քայլեր ձեռնարկել, որ այն, ինչ մենք օրենքներում ունենք, դրանց գոնե 70 տոկոսը կյանքի կոչվի: Մենք բոլորս պետք է դա անենք, և առաջին հերթին իշխանությունը: Քաղաքացին էլ իր իրավունքը պետք է պաշտպանի: Նա պետք է հասկանա, որ ինքն իր իրավունքների տերն է»,- նշեց օմբուդսմենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել