HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Վալդիս Զատլերսին

sargsyan-zadersin_10.12.09Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը: Ինչպես հայտնում են նախագահի մամլո գրասենյակից, Ս. Սարգսյանն ասել է, որ չնայած երկու երկրների միջեւ սա առաջին այցն էր, բայց իրենք բազմիցս հասցրել էին մտքեր փոխանակել: Նախագահ Զատլերսն էլ նշել է, որ լատվիական կողմն ունի գործնական հետաքրքրվածություն, դրա վկայությունն է, որ իր հետ ժամանել են նաեւ մեկ տասնյակից ավելի գործարարներ: Նա նաեւ հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռիգայում: Սերժ Սարգսյանն ասել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, նաեւ կարծիքներ են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ: Կողմերը հատկապես կարեւորել են տնտեսության բնագավառում երկու երկրների գործարար շրջանակների համար խրախուսական քաղաքականություն վարելը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրներում կան ապրանքներ ու ծառայություններ, որոնք պահանջարկ կունենան միմյանց շուկաներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության հնարավորություններին, կարեւորել մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացումը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները համակարծիք են եղել, որ այս այցը համագործակցության նոր սկիզբ է: Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են միջկառավարական եւ միջգերատեսչական չորս համաձայնագրեր, որոնք կոչված են կարգավորելու օդային հաղորդակցությունների, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter