HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հովիկ Մուսայելյան. «Այս ազգը փրկության կարիք ունի»

Ըստ սոցիոլոգիական հարցումների` եթե ուսանողներն ապահովված են աշխատանքով, ապա հիմնականում նրանցից ոչ ոք Հայաստանը լքելու մասին չի մտածում: Այս մասին դեկտեմբերի 9-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Քննարկումը նվիրված էր «Այբ» հիմնադրամի խոշորածավալ ծրագրին` «Այբ» կրթական հանգույցի ստեղծմանը, որը լինելու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը: «Բայց այսօր նմանատիպ հարցումները ցույց են տալիս, որ համատարած տրամադրություններ կան դուրս գնալու և ընդհանրապես չվերադառնալու: Սա է ինձ ավելի շատ հուզում, և կարծում եմ, որ եթե մենք այսօր անհավանական, հավակնոտ ծրագրեր չառաջարկենք, մեր երկիրը ոչ մի ապագա չունի: Մեր երկիրը փրկել է պետք, այս ազգը փրկության կարիք ունի: Եվ ես, օրինակ, կոչ կանեի, որ մեկ դպրոցի մասին խոսք չլիներ, այլ խոսք լիներ 5-7 դպրոցների մասին, հաշվել` դա ինչ կնստի և ազգափրկության կոչ անելով` հանգանակություն անել ամբողջ աշխարհում»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Նրա կարծիքով` մարդիկ անպայման կարձագանքեն դրամահավաքի կոչին, և պետք է հանգամանկություն կազմակերպել ոչ թե մեկ, այլ մի քանի դպրոցների համար, որովհետև մեկ դպրոցը ուղղակի լոկալ խնդիր է լուծում, մինչդեռ պետք է շղթայական ռեակցիա լինի: «Համատարած հոռետեսության ֆոնի վրա մենք այսօր մի շատ լուսավոր բանի մասին ենք խոսում` մի դպրոցի ստեղծման, մի դպրոցի առաքելության մասին, բայց ինձ թվում է, որ վիճակը շատ ավելի ծանր է և պայթյունավտանգ և դպրոցի շրջանակներում մենք իրականում ոչ մի հարց չենք լուծի: Խոսքը ուղեղների արտահոսքի մասին է»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքերով` այս հարցում կառավարության օգնության կարիքը կա, և որքան էլ ասեն, որ «կառավարությունը, ավելի լավ է, չխանգարի. նվիրյալները և մասնավոր սեկտորը այդ հարցերը կլուծեն, դա այդպես չէ, որովհետև նրանց ամենափոքր խանգարելը մարդկանց ուղղակի թևաթափ է անում»: «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրենը նշեց, որ սփյուռքահայերից շատերը ցանկանում են, որ իրենց երեխաները Հայաստանում սովորեն, և այդ պատճառով պատրաստակամ կլինեն աջակցել Հայաստանում նոր դպրոցների հիմնադրմանը: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում սովորելու եկած սփյուռքահայ ուսանողները շատ դեպքերում չեն համակերպվում այս միջավայրի հետ, որովհետև նրանց պատկերացմամբ Հայաստանը «բյուրեղյա մաքրությամբ» մի բան է: Գալով Հայաստան, տեսնելով սոցիալական անարդարությունները` սփյուռքահայերը հիասթափվում են: «Եվ եթե դպրոցից են նրանք գալիս, այսինքն` գալիս են այստեղ դպրոցում սովորելու` նրանք ռեալ իրավիճակին ավելի են ինտեգրվում, և կարծում եմ, որ շատ ավելի օգտակար կլինի, որ մենք նրանց փորձենք ներգրավել արդեն իսկ դպրոցներում Հայաստանում: Ու եթե որևէ մեկը պիտի խանգարի նույնիսկ մի դպրոցի կայացմանը, դա ազգային դավաճան է ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց Հովիկ Մուսայելյանը: Նա հավելեց, որ, իհարկե, ուրախալի է, որ հայ ուսանողներն այսօր սովորում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ու բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարաններում, սակայն պետք է այդ մարդկանց վերադարձնելու լուրջ մեխանիզմներ ունենալ: Այսօր Հովիկ Մուսայելյանը չի տեսնում այդ հայերին պետության կայացման գործընթացքում ներգրավելու ճանապարհ: Արտասահմանյան բուհեր ընդունված ուսանողներին կրթաթոշակ տալու «Լույս» հիմնադրամի նախաձեռնությունը, ինչպես նաև «Այբ» կրթական հանգույցի ստեղծման նախագիծը նա չափազանց ուշացած է համարում: Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ պետք է ճիշտ սահմանվի, թե որն է հայության շահը և ինչ անելիքներ ու մարդկային ռեսուրսներ ունենք: «Եվ պետք է լրջորեն զբաղվել մարդկային ռեսուրսների նախագծման պրոցեսով ամբողջ աշխարհով մեկ: Եթե մենք կասեցրինք այն մեծ թռիչքը, որի հնարավորությունը որևէ մարդ ունի, ապա մենք այդ մարդուն հոգեպես հաշմանդամ ենք դարձնելու: Եթե ինքը համաշխարհային թռիչքի մարդ է, ինքը պետք է կայանա: Մի մարդ կարող է ահավոր մեծ ազդեցություն ունենալ իր ժողովրդի վրա: Մենք բոլոր մեխանիզմները պետք է ստեղծենք, որ մեր ժողովրդի զավակները լավագույնս կայանան որտեղ որ պատահի, բայց իրենց արժեհամակարգով կապված լինեն երկրի հետ: Այստեղ դպրոցի հարցը ֆունդամենտալ է, որովհետև դպրոցն է դնում այդ արժեքհամակարգային հարցերը երեխաների մեջ: Լավ դպրոց ունեցանք, մենք արտահոսքից կարող ենք չվախենալ»,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Նրա համոզմամբ` դպրոցում երեխան պետք է տեսնի իր դերը պատմության մեջ: Աշակերտը դպրոցում պետք է մասնակցի «ուխտագնացությունների, արշավների, այսինքն` հայրենիքի կոնկրետ ճանաչողության գալ, կոնկրետ հաղորդակցություն այդ սրբավայրերի հետ, նյութեր պատրաստել դրանց վերաբերյալ, պատմության վերաբերյալ, երեխային ռեալ գործիքներ տալ, որ ինքը տեսնի իր դերը պատմության մեջ, իրեն տեսնի ոչ թե պատմությունից խցանի պես թռած մի բան, այլ պատմության օրգանական շարունակություն: Այդ ժամանակ այդ երեխան պատմություն կերտող կլինի ապագայում»: Հովիկ Մուսայելյանն էլ համաձայնեց քննարկմանը հնչած այն մտքի հետ, որ այժմ Հայաստանում կրթության ոլորտը պետք է փրկել այնպիսի շարժման միջոցով, որով 88 թ.-ին հայերը փրկեցին Արցախը: «Ուրիշ տարբերակ չունենք: Ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter