«Ժառանգության» զորակցության բաց նամակը` մարտի 1-2-ին զոհված 10 քաղաքացիների ընտանիքներին և վիրավորվածներին
Սիրելի' համաքաղաքացիներ,
Այսօր դեկտեմբերի 10-ն է, եւ ողջ առաջադեմ մարդկությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօրվա խորհուրդը պարտավորեցնում է ոչ միայն ավելի գոտեպնդվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեր ջանքերում, այլեւ վերհիշել այն մարդկանց, ովքեր նահատակվել կամ տուժել են իրավունքի ու օրինականության համար պայքարում: Այդպիսիններից էին նաեւ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված մեր 10 համաքաղացիները: Նրանցից շատերը ընդվզում էին հանուն իրենց եւ մեր իրավունքների, ընդդեմ կեղծված նախագահական ընտրությունների, իսկ մարտի 1-ին` Ազատության եւ Մյասնիկյանի արձանին հարող հրապարակներում իրավունքի իշխանության համար համաժողովրդական պայքարն ահաբեկելուն ուղղված հրոսակախմբերի գործողությունների: Պետության բիրտ ուժի թիրախ դարձան բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պահին հայտնվել էին Երեւանի այդ տարածքում եւ հատուցեցին կամ կյանքով, կամ առողջությամբ, կամ ազատությամբ:
Չնայած Փաստահավաք խմբում «Ժառանգության» եւ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների ջանքերին` ուղղված այդ հանցագործության լիարժեք բացահայտմանը, խմբի ապօրինի ու միտումնավոր լուծարումն ու հանցագործությունը կոծկելու իշխանության բացահայտ քայլերը տակավին խոչընդոտ են մնում հասարակությանը հուզող հիմնական հարցերի պատասխանը ստանալու համար: Այդուհանդերձ, իբրեւ եղելության լիարժեք բացահայտման հետեւողական ջատագով` «Ժառանգությունը» հայտարարում է, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ վաղ թե ուշ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության են կանչվելու: Մեզ մնում է նաեւ այսօր հարգել 10 անմեղ զոհերի հիշատակը, զորակցություն հայտնել հարյուրավոր վիրավորներին ու ավելի եռանդուն պայքարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության ու սահմանադրական կարգի հաստատման համար:
Հարգանոք`
«Ժառանգություն» կուսակցություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել