Ընդհարում ԱԺ-ում
Երեկ ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի միջև հայհոյանքներով զուգորդված վեճ է բռնկվել: Նրանց միջև ծեծկռտուքը կանխել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Քուշկյանը նիստերի դահլիճում, բազմաթիվ անձանց ներկայությամբ, Նիկոյանին մեղադրել է ստախոսության և պատվեր կատարելու մեջ: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ 2010 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոյանն անսպասելիորեն սկսել է քննադատել առողջապահության համակարգը` հայտարարելով, թե սույն ոլորտում համակարգային փոփոխության կարիք կա:
Քուշկյանը փորձել է պատասխանել Նիկոյանին, բայց քանի որ նա, ըստ ԱԺ կանոնակարգի, այդ պահին խոսելու իրավունք չի ունեցել, ԱԺ նախագահը նրան ձայն չի տվել: Նիստից հետո Քուշկյանը մոտեցել է Նիկոյանին և անցել ռազբորկայի:
Նաիրի Հունանյանը հետազոտվել է
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն` օրերս հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկից տարվել է դատապարտյալների հիվանդանոց, որտեղ հետազոտության է ենթարկվել:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ` Նաիրի Հունանյանին դատապարտյալների հիվանդանոց են բերել ծայրահեղ վատ վիճակում, նրան քայլելիս նույնիսկ օգնել են թևերն ընկած ուղեկցողները:
Հետազոտությունն անցնելուց հետո Հունանյանին դարձյալ հետ են տարել Ազգային Անվտանգության Ծառայության մեկուսարան:
Համմարբերգ. «Այդ հարցը փակված չէ»
Շվեդիայում գտնվող ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ երեկ հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգին. «Զրույցը տևեց մոտ 1 ժամից ավելի: Խոսքը հիմնականում Հայաստանի այժմ արդեն 15 քաղբանտարկյալների մասին էր»:
Ռուզան Խաչատրյանը Համմարբերգին է փոխանցել փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների հատուկ կարծիքը և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների ցուցակը, խնդրել է նաև ուշադրություն դարձնել 5 փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումներին. «Անշուշտ, ասվեց նաև 10 զոհերի մեղավորների չբացահայտման մասին: Համմարբերգն ասաց, թե այդ հարցը փակված չէ»:
Երթի էին դուրս եկել
Երեկ, չնայած վատ եղանակին և ընդդիմության վերջին շրջանի պահվածքից համընդհանուր հիասթափությանը, բավական մեծ թվով մարդիկ էին դուրս եկել երթի:
Այն նվիրված է եղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, բայց ավելի շատ ընթացել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու կարգախոսի տակ:
Չպայթած ականներ Ստեփանակերտում
Երեկ ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցները Ստեփանակերտից 6 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են չպայթած ականների հերթական խմբաքանակը, որը մնացել էր հայ-ադրբեջանական պատերազմից:
Աշխատակիցները նախ ճամփեզրին վնասազերծել են T-57 տեսակի հակատանկային մի ական, այնուհետև բրիտանական The Halo Trust կազմակերպության որոնողական խումբը, որն արդեն 10 տարի զբաղվում է ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել և վնասազերծել է ևս 8 նմանօրինակ ական:
Պատերազմի տարիներին տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերն էին, և մեկուկես կիլոմետր ճանապարհահատվածը` դիրքերից մինչև կամուրջ, ադրբեջանցիներն ականապատել էին: Մասնագետներին զարմացրել է այն փաստը, որ հաճախակի երթևեկելի ավտոճանապարհին դժբախտ պատահար չի գրանցվել, բարեբախտաբար:
Ինչո՞ւ ենք անտեսում մեր դերաբաշխումը
Վաշինգտոնում Թուրքիայի վարած բանակցությունների միջազգային հետևանքների ողջ հանրագումարը առաջիկա ամիսների ընթացքում խոստանում է լրջագույն անդրադարձ ունենալ ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա:
Ակնհայտ է, որ ի պատասխան մինչև ապրիլ ամիսը հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու Բարաք Օբամայի պահանջին, որի տակ դժվար չէ նշմարել ԱՄՆ նախագահի` ապրիլի 24-ի ավանդական ուղերձով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անթաքույց ակնարկ-սպառնալիքը, Թուրքիայի վարչապետն էլ առաջադրել է մինչ այդ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու խնդիրը:
Ի վերջո, կողմերը հանգել են հետևյալ փոխզիջմանը` մինչև ապրիլ ամիս ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Ղարաբաղին հարակից որոշ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման համար, որպեսզի Թուրքիայի խորհրդարանի առջև «կանաչ լույս» վառի հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել