Մոսկովյան ճաշկերույթի արդյունքը. 5 միլիոն 290 հազար դոլար
«Հայաստան» համահայկական հինադրամի «Մեր Շուշին» հեռուստամարաթոնի ժամանակ ամենից շատ գումարներ են խոստացել ռուսահայ գործարարները` 5 միլիոն 290 հազար դոլար: Սա կազմում է հեռուստամարաթոնից ստացված ընդհանուր գումարի մեկ երրորդ մասը: Հիշեցնենք, որ նախքան հեռուստամարաթոնը նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մոտ 80 հայ գործարարների հետ ճաշկերույթ էր ունեցել, որի ընթացքում կոչ էր արել շռայլորեն մասնակցել դրամահավաքին:
Ըստ «Հայաստան» համահայկական հինադրամի հրապարակած տվյալների` այս տարվա հեռուստամարաթոնին ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ ամերիկահայերը` հանգանակելով 2 միլիոն 86 հազար ԱՄՆ դոլար: Եվրոպական 5 պետություններից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հոլանդիայից եւ Ավստրիայից ընդհանուր փոխանցել են 4 միլիոն 126 հազար դոլար: Այնուհետեւ փոխանցված գումարի մեծությամբ հաջորդում են Հայաստանն ու Արցախը` 1 միլիոն 747 հազար 43 դոլարով: Մեծ Բրիտանիայից այս տարի ստացվել է 1 միլիոն 200 հազար դոլարի խոստում:
«Մեր Շուշին» հեռուստամարաթոնի ժամանակ գումարներ են փոխանցվել նաեւ Կանադայից` 560 հազար դոլար, Լիբանանից` 216 հազար, Բրազիլիայից` 200 հազար, եւ Ավստրալիայից` 100 հազար ԱՄՆ դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել