HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սերբիայի 300 հոգանոց հայկական համայնքը ձուլվում է

28 տարի Սերբիայում է ապրել մեծանուն Սողոմոն Թեհլիրյանը

«Բացի նրանից, որ ես առաջին անգամ հայերի հետ շփվել եմ Նովի Սադի եկեղեցու միջոցով` իմ երկրորդ հանդիպումը հայերի և Հայաստանի հետ եղել է հունգարացի հեղինակ Զիլախի վեպի միջոցով, որ կոչվում է «Արարատ»: Դա միջազգային չափանիշներին համապատասխանող և աշխարհում ճանաչված վեպ է: Առաջին հերթին գրքի վերնագիրը ինձ շատ հարազատ եղավ, և քանի որ «Արարատ» էր, ես հասկացա, որ այդ վերնագիրը ինձ պետք է Հայաստան բերի»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերբիայի Վոյվոդինայի մարզի Նովի Սադ քաղաքի մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Տիբոր Վայդան:

Նա և սերբ ռեժիսոր Դրագան Իլիչը Հայաստանում են Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով: Այցի նպատակն է ծանոթանալ հանրահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությանը: «Իմանալով, որ Փարաջանովը մեծ արվեստագետ է, եկել ենք Հայաստան, որպեսզի ինչ-ոչ բան տանենք Նովի Սադ, մեր համաքաղաքացիներին ցույց տանք, թե ինչ ասել է Փարաջանով: Վերադառնալով Նովի Սադ` մենք կփորձենք կապեր ստեղծել Հայաստանի և Սերբիայի միջև, որպեսզի իսկապես բարեկամանական, մշակութային լավ օղակ ստեղծվի, որովհետև իմ խորին համոզմամբ` մշակույթը այն միակ ճանապարհն է, որը կարող է ժողովուրդներին իսկապես բարեկամացնել»,- ասաց Տիբոր Վայդան: Դրագան Իլիչն ասաց, որ իրենք նախատեսում են ցուցադրել Փարաջանովի ֆիլմերը և մյուս ստեղծագործությունները ոչ միայն Նովի Սադում, այլև մայրաքաղաք Բելգրադում: «Շատ լավ կլինի, որ Փարաջանովի ֆիլմերը ներկայացվեն Դրամատիկ արվեստների ակադեմիայում, և այս մասին շատ խոսվի, քանի որ խոսքը միջազգային մակարդակի ռեժիսորի մասին է: Երբ Սերբիայում ներկայացվի Փարաջանովի արվեստը, Փարաջանովը արդեն կդասվի մեծագույն ռեժիսորների շարքին»,- ասաց Դրագան Իլիչը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Սերբիայում Փարաջանովին կճանաչե՞ն այնպես, ինչպես Հայաստանում ճանաչում են սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային: Տիբոր Վայդան պատասխանեց. «Ուրախ եմ, որ Կուստուրիցան հայ իրականությանը բավականին ճանաչելի մի ռեժիսոր է: Բայց պիտի ասեմ, որ Փարաջանովը սերբ իրականությանը գուցե շատ ավելի վաղ է հայտնի, քան Կուստուրիցան ձեզ, և շատ ավելի դրական ֆիլմերով, քան Կուստուրիցան` մեր իրականության մեջ»:

Սերբիայում մոտ 300 հայ է ապրում` չնայած հայ-սերբական 750-ամյա կապերին

Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի պատվո հյուպատոս, գրող, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանն ասաց, որ հայ-սերբական կապերը 750-760 տարվա պատմություն ունեն: «750 տարի առաջ սերբ առաջին Արքեպիսկոպոսը առիթ է ունեցել այցելելու Կիլիկյան Հայաստան: Հենց Կիլիկյան Հայաստանում նա, տեսնելով մեր մշակութային, պատմական հուշարձանները, ոգևորվելով այդ հուշարձաններով, հայ շինարար վարպետներ է հիրավիրել Սերբիա, որոնք ավելի ուշ մասնակցել են սերբական եկեղեցիների, վանքերի կառուցմանը: Այսօր կան վավերագրեր, ուսումնասիրություններ, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ կա հայկական ճարտարապետության ազդեցությունը սերբական հուշարձանների վրա»,- ասաց Բաբկեն Սիմոնյանը: Նա հավելեց, որ 1319 թ. Անիի կործանարար երկրաշարժից հետո շատ հայեր հաստատվել են Սերբիայում, և փոքրիկ գաղթօջախ է ձևավորվել: Այնուամենայնիվ, Սերբիայի բավականին մեծ հայկական գաղութը ձևավորվել է 1915 թ. Ցեղասպանությունից հետո: 1950-60-ական թթ.-ից գաղութը սկսել է մարել, և այսօր Սերբիայում առավելագույնը 300-350 հայ է ապրում: Բաբկեն Սիմոնյանի խոսքերով` այս հայերի մեծ մասն էլ կիսասերբ-կիսահայ է. գաղութը փոքր է, ամուսնությունները լինում են սերբերի հետ, և գաղութը աստիճանաբար ձուլվում է: Հյուպատոսը համոզված է, որ որպեսզի հայը Հայաստանից դուրս կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը, պետք է ունանա հայկական դպրոց և եկեղեցի, մինչդեռ Սերբիայում այդպիսի կառույցներ չկան: «Բայց այդ գաղութը իր անվանի մարդկանցով շատ հայտնի է եղել: Գաղթօջախում է 28 տարի ապրել հայ ժողովրդի պայծառ զավակներից մեկը` Սողոմոն Թեհլիրյանը, որը 21 թ.-ին մեր ժողովրդի ամենաոխերիմ թշնամուն` Թալեաթին, Բեռլինում սպանել է: Նշանավոր շատ-շատ այլ հայեր ևս կան: Սերբիայի հիմնի մեղեդու հեղինակը հայ է: Նա այսօր չկա արդեն: Վերջերս մահացավ նաև շատ հրաշալի մի նկարիչ` Վարդապետյանը: Նրանք բոլորը և նրանց ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից 1915 թ.-ից հետո: Մենք փորձում ենք նրանց հայ պահել գրքերի, մշակութային միջոցառումների, Հայաստան փոխայցելությունների միջոցով»,- ասաց Բաբկեն Սիմոնյանը: Ամեն տարի` ապրիլի 24-ին, Սերբիայի հայ համայնքը սգո արարողություն է կազմակերպում սերբական եկեղեցում` իշխանությունների թույլտվությամբ:

Սերբիայում պահպանվել է հայկական եկեղեցու տապանաքարը

Բաբկեն Սիմոնյանի տեղեկացմամբ` Սերբիայում 17-18-րդ դդ-ում հայկական եկեղեցիներ են եղել, սակայն թուրքական տարբեր արշավանքների, մանավանդ 1739 թ. թուրքերի կողմից Բելգրադի պաշարման ժամանակ շատ հայկական եկեղեցիներ կործանվել են, իսկ գաղութում ապրող հայերը ստիպված են եղել տեղափոխվել այսօրվա Նովի Սադի ամրոցներից մեկը` Պետրովարադին: 1746 թ. Վենետիկի Մխիթարյան միաբանության և հայ մեծահարուստների հովանավորությամբ Սերբիայի հայերը եկեղեցի են կառուցել Նովի Սադ քաղաքում: Այս հայ կաթոլիկ եկեղեցին Սերբիայի հայ համայնքի հավաքատեղին ու հոգևոր կենտրոնն է եղել: Սակայն 1963 թ. կոմունիստական վարչակարգը քանդել է ոչ միայն Նովի Սադի հայկական եկեղեցին, այլև շատ այլ եկեղեցիներ: «Ես այդ եկեղեցու միջոցով եմ հայերին ճանաչել: Քանի որ Նովի Սադում քաղաքաշինության խնդիրներ առաջացան` քաղաքը սկսեց աճել և բարեփոխվել, ես մի սովորական առավոտ ելա և տեսա, որ եկեղեցին քանդում են: Քանի որ ընդամենը փոքրիկ մի մատուռ էր, շատ մեծ եկեղեցի չէր, ես զարմացա և ասացի. «Ինչի՞ համար եք քանդում եկեղեցին»: Այնտեղ մի գերդաստանի տապանաքար է, որը, բարեբախտաբար, պահպանվել է, և մի վահանակ կա, որի վրա գրված է, որ այստեղ ժամանակին եղել է հայկական եկեղեցի: Նովի Սադում Դանուբյան մի գեղեցիկ պուրակ կա, որտեղ, բարեբախտաբար, պահպանվել է հայկական մի հուշարձան»,- ասաց Տիբոր Վայդան: «Այդ եկեղեցին քանդողները բոլորովին էլ հայերի նկատմամբ ատելություն չունեին: Կոմունիստական իշխանությունները այդտեղ մեծ պողոտա կառուցելու ծրագիր են ունեցել: Եթե այդտեղ լիներ նույնիսկ սերբական ուղղափառ եկեղեցի, դա էլ պիտի քանդվեր»,- ասաց Դրագան Իլիչը: Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նշեց, որ Ադրբեջանում և Թուրքիայում ոչնչացնում են հայկական եկեղեցիները: Կոսովոյում ևս վանդալիզմ է դրսևորվում սերբական եկեղեցիների նկատմամբ: Հնարավոր չէ՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համատեղել Հայաստանի և Սերբիայի մշակութային համապատասխան գործակալությունների ջանքերը ` վանդալիզմը կասեցնելու համար: Տիբոր Վայդան ասաց, որ «բարբարոսներ, պարզամիտներ և հիմարներ» բոլոր ժամանակներում էլ եղել են, սակայն ինքը չի ցանկանում շեշտը դնել այն մարդկանց վրա, ովքեր քանդեցին Նովի Սադի հայկական եկեղեցին: Նրա համոզմամբ` մարդը վախենում է այն ամենից, ինչ անծանոթ է իրեն, և հուշարձանները քանդում են նրանք, ովքեր գաղափար չունեն, թե ովքեր են հայերը կամ սերբերը: Եվ Բաբկեն Սիմոնյանը, և Տիբոր Վայդան նշեցին, որ Նովի Սադի եկեղեցին հնարավոր չէ նախկին վայրում վերականգնել, քանի որ այդտեղ խանութներ և ստորգետնյա անցում են կառուցել: Պատվո հյուպատոսն ասաց, որ հնարավոր է քաղաքի այլ տեղում եկեղեցի կառուցել նույն նախագծով, քանի որ նախագիծը պահպանվել է, սակայն դա գործող եկեղեցի չի կարող լինել, այլ կարող է թանգարան լինել, օրինակ` եկեղեցու տեսքով հայ-սերբական մշակութային կենտրոն: Որպեսզի եկեղեցին գործող լինի, պետք է Մխիթարյան միաբանությունից հոգևոր հայրեր գան` այդտեղ ծառայելու: «Քանի որ քաղաքաշինության հետևանքով արդեն նախկին եկեղեցու տեղում ուրիշ կառույցներ կան, եթե նույնիսկ հնարավորություն լիներ եկեղեցին կառուցել, այն կողքի մեծ շենքերի կողքին համարյա թե չի երևա: Շատ տրամաբանական չեմ էլ համարում, որ եկեղեցին կառուցվի Նովի Սադ քաղաքի մեկ այլ վայրում, որտեղ եկեղեցի չի եղել: Սա իմ սեփական կարծիքն է: Եկեղեցու կառուցումը պետք է նպատակ ունենա` որ այնտեղ արարողություններ` ասենք, աղոթքներ, պատարգ լինեն: Չկա այնքան հայ, որ հայկական պատարգ լինի: Իմ հիշողության մեջ այդ եկեղեցին շատ բարի հետք է թողել: Հրաշալի մի եկեղեցի էր: Եվ Նովի Սադը շատ ավելի հարուստ կլիներ, եթե ինչ-որ տեղ լիներ այդ եկեղեցին»,- ասաց Տիբոր Վայդան: Անդրադառնալով այն հարցին, թե կա՞ արդյոք հայ-սերբական մշակութային կենտրոն` Բաբկեն Սիմոնյանն ասաց, որ նման կառույց չկա, և միակ կենտրոնը ՀՀ-ում Սերբիայի հյուպատոսությունն է: Հյուպատոսը աշխատում է, որ հյուպատոսությունը լինի ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային օղակ: Բաբկեն Սիմոնյանը 20-րդ դ.-ի սերբական պոեզիայի 2 ընտրանի է կազմել` «Կոսովյան արև» (հայերեն) և «Արարատի երկիր» (հայերեն և սերբերեն): Երկու տարի առաջ Ժողովրդական արվեստի թանգարանում սերբ նկարչուհու ցուցահանդես է կազմակերպվել: «Այդ կապերը շարունակական են: Եթե մենք մշակութային կենտրոն չունենք, չի ենթադրում, որ մենք ոչինչ չպետք է անենք և ոչինչ չենք կարող անել: Կարևորը այն ծրագրերն են, որոնք առաջիկայում պետք է արվեն»,- ասաց պատվո հյուպատոսը: Նա հավելեց, որ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` վերջերս Հայաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական զրույց է ունեցել Սերբիայի արտգործնախարարի հետ, քանի որ այդ երկրի մշակույթի նախարարը այցին չէր մասնակցում: Արտգործնախարարը խոստացել է պաշտոնական զրույցի մասին հայտնել Սերբիայի մշակույթի նախարարին: «Պայմանավորվածութուն կա, և ես Սերբիայի մշակույթի նախարարությունում արդեն բանակցություն վարել եմ, որ մենք կարողանանք Սերբիայի Մշակույթի նախարարին Հայաստան հրավիրել: Այդ այցելությունից հավանաբար մի քանի ամիս հետո մեր մշակույթի նախարար տիկին Պողոսյանը կմեկնի Սերբիա: Այնտեղ արդեն կստորագրվի հայ-սերբական մշակութային կապերի բարելավման միջպետական պայմանագիր»,- ասաց Բաբկեն Սիմոնյանը: Պայմանագրի վավերացվելուց հետո ծրագրվում է անցկացնել սերբական մշակույթի օրեր Հայաստանում և հայկական մշակույթի օրեր Սերբիայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter