Առաջ Հայաստան` դեպի 37 թվական
Երեկ տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) վարչությունը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «6-րդ վարչություն» անվամբ, սկսել է հավաքել բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն են ունեցել Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» հոլովակների նկարահանումներին:

Ինչպես կռահեցիք, նպատակը այն անձի կամ անձանց հայտնաբերումն է, ովքեր կազմակերպել են Ալբերտ Ազարյանի և Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ կադրերի չմոնտաժված տարբերակների` «Youtube»-ում հայտնվելու գործընթացը:
Երեկ առավոտվանից, մեր ստացած հավաստի տեղեկություններով, «6-րդ վարչությունը» մոտ մեկուկես տասնյակ մարդ է հավաքել: Ըստ մեր աղբյուրի` ոստիկանությունը մարդկանց հրավիրել է հեռախոսազանգերով, առանց որևէ ծանուցագրի: Նրանց, ովքեր փորձել են պարզել, թե ինչու են իրենց հրավիրում, և ընդհանրապես փորձել են ընդդիմանալ ու շատ հարցեր են տվել, ոստիկանության աշխատակիցները սկսել են հեռախոսով սպառնալ:
Ոստիկանություն «հրավիրվածների» թվում են, մասնավորապես, «Շարմ» և «Պրոքսի» ընկերությունների նախկին և ներկա աշխատակիցները, այսինքն` նրանք, ում ձեռքի տակ կարող էին հայտնվել հոլովակների չմոնտաժված տարբերակները: Հենց այդ ընկերություններն են իրականացրել Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակների նկարահանումները:
Երեկոյան արդեն տեղեկացանք, որ մի քանի ժամ հարցաքննելուց հետո ոստիկանները անցել են իրենց սիրած զբաղմունքին` սկսել են ծեծել «կասկածյալներին»: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների` ծեծը եղել է դաժան: «Կասկածյալներից» մի քանիսին ուշ երեկոյան ազատ են արձակել, իսկ մնացածի մասին որևէ տեղեկություն կեսգիշերի դրությամբ ստանալ չհաջողվեց:
Ընդամենը պետք է արձանագրել, որ տեսահոլովակներում անկեղծացած Ալբերտ Ազարյանը և Հրանտ Թոխատյանը որևէ հակաօրինական արարք թույլ չեն տվել: Ամենևին էլ հանցագործություն չէ նաև չմոնտաժված հոլովակները «Youtube»-ում տեղադրելը: Հետևաբար, տեղի ունեցածը ընդամենը «վհուկների որս է», «հակասովետական էլեմենտնեի բացահայտում»...
Բարև, Ջոնօ
Բելգիայում քաղաքական ապաստան ստացած արտաշատցի Գրիշա Վիրաբյանը բաց նամակ է գրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին: Նամակը լի է սկանդալային բացահայտումներով:
«Բարև, Ջոնօ». այսպես է սկսվում Գրիշա Վիրաբյանի նամակը, որտեղ բացատրվում է, որ նախկին պատգամավորը ժամանակին իր անունը «կլոր օ»-ով է գրելիս եղել: Նամակում նաև խոսվում է Ջոնիկ Աբրահամյանի կատարած «սխրանքներ» մասին:
Ազատության մեջ գտնվելն ավելի ծանր է
Անդրադառնալով առկա քաղբանտարկյալների խնդրին` Պետրոս Մակեյանն ասաց. «Ես գիտեմ իրենց հոգեվիճակը, մի բան հստակ է` նրանց համբերություն, ամրություն ասելն անիմաստ է, քանի որ այդ բոլոր որակներն էլ ունեն: Նրանք պարզապես պետք է դիմանան, որ երկիրն ազատագրենք, ու բոլորս միասին այս բանտից դուրս գանք: Թող կալանքի տակ գտնվող իմ ընկերները չնեղանան, բայց հոգեբանորեն և հոգեպես ազատության մեջ գտնվողներն այսօր ավելի ծանր վիճակում են: Մի բան է, երբ գործընթացը գնում է, դու էլ բանտից հետևում ես: Այլ բան է, երբ այդ գործընթացը տանողն ես դու. ճնշվում ես, որ չես կարող օր առաջ այդ մարդկանց բանտերից ազատել»:
«Գիտեմ, թե ով է մեղավոր»
«Այն, ինչ որ սպասում էի, չպարզվեց: Չստացվեց հիմնական հարցի պատասխանը` ով էր մեղավորը: Ես իմ կարծիքն ունեմ. դա այն մարդն է, ով ասել է` այս գիշեր այնքան հանգիստ եմ քնել: Ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն այդ գիշեր ինչքան հանգիստ էր քնել, բայց այդ մարդու ասածն ուղղակի ինքնամատնության պես մի բան էր»,- մարտի 1-ի մասին «Առավոտի» հարցին ի պատասխան` ասաց գրող Պերճ Զեյթունցյանը:
Այծագրիպ` Հոլանդիայում
Հոլանդիայում գրիպի նոր վիրուս է հայտնաբերվել, որը կենդանուց (այծից) անմիջականորեն փոխանցվում է մարդուն: Վիրուսով, որին տվել են Q անվանումը, արդեն վարակվել է 2300 հոլանդացի: Հիմնականում վիրուսը տարածված է հարավային և արևելյան շրջաններում, որտեղ ֆերմաներում պահվում է 375 հազար այծ: Այս համաճարակը ընդգրկել է երկրի 350 ֆերմայից 55-ը:
Նիդեռլանդների առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները պահանջում են ոչնչացնել հասնյակ հազարավոր վիրուսակիր այծեր: Միևնույն ժամանակ առողջապահության նախաար Աբ Քլինկը հայտարարել է, որ վիրուսը չի փոխանցվում մարդուց մարդուն, և խնդրել է բնակչությանը տագնապի չմատնվել:
Բժիշկների խոսքերով` «այծագրիպի» ախտորոշիչներն են կոկորդի ցավը, գլխացավը, ցավերը վերջույթներում, բարձր ջերմությունն ու հոգնածության զգացողությունը:
Փաստաթուղթ կստորագրվի՞
«Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց ակնհայտ է, որ շատ մոտ ապագայում լինելու է որևէ փաստաթուղթ: Ի՞նչ կկոչվի դա` շրջանակային փաստաթո՞ւղթ, շրջանակային համաձայնագի՞ր, թե՞ մեկ այլ բան, կարևոր չէ»,- երեկ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով «168 ժամի» թղթակցի այն հարցին, թե եկող տարեսկզբին սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կստորագրվի՞:
«Եվ արդեն ժամանակն է, որ ՀՀ-ն կատարի իր տված խոստումները, ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները: Դրա համար էլ ԵԽԽՎ-ն հանկարծ հիշել է 4 բանաձևերի չկատարած պայմանները»,- ավելացրել է նա:
Կներկայացվի թարմացված տարբերակը
Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու տարվա քննարկումների արդյունքները` համանախագահները պատրաստել են Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Այն մոտ ապագայում կներկայացվի կողմերին: Այդ մնասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եկիր` Ռուսաստանը, հակամարտության լուծումը կապում է կողմերի` հիմնարար սկզբունքների շուրջ շուտափույթ համաձայնեցման հետ: Այդ սկզբունքներն արտահայտված են Մադրիդյան փաստաթղթում»,- հավելել է Նեստերենկոն:
10 հազար դրամը կյանքի գին է ունեցել
Հերթական սպանությունն է տեղի ունեցել Վանաձորում: Դեկտեմբերի 9-ին` ժամը 18:25-ին, Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 1993 թ. ծնված Սարգիս Աբրահամյանը` որովայնի առաջին պատի ծակած-կտրած, թափանցող վերքերով: Նույն օրը նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Երեկ` ժամը 15:30-16-ի սահմաններում, պատանին մահացել է:
«Հրապարակին» հասած տեղեկություններով` Սարգիս Աբրահամյանը որովայնի շրջանում մետաղե լարով հարված է ստացել ընկերոջ բջջային հեռախոսի պատճառով հասակակցի հետ ունեցած «ռազբորկայի» ընթացքում: Ըստ տղայի հասակակիցների` հեռախոսը վաճառելու արդյունքում 10.000 դրամ պակաս են տված եղել, ինչն էլ մի կյանքի գին է ունեցել:
Կալանավորվել է նաև Մհերյանի փեսան
Հատուկ քննչական ծառայություն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրել քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մանուկ Միքայելյանին և նույն հիմնարկի ցմահ դատապարտյալների բաժնի պետ Սերժիկ Թամրազյանին: Դեկտեմբերի 1-ից նախնական կալանքի տակ է ՔԿՀ-ի ևս երեք աշխատակից:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` երեքից մեկը երիտասարդ Աղասի Սմբատյանն է, որը եղել է հերթափոխի պետը: Վերջինիս այդ պաշտոնում նշանակել են շուրջ մեկ ամիս առաջ: Սմբատյանը վերջերս սպանված ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանի փեսան է` քրոջ ամուսինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել