Գայ գյուղում գյուղտեխնիկա չկա
Ոչ էլ հույս կա, որ առաջիկայում կենանան
Արմավիրի մարզի Գայ գյուղի մոտ 900 հեկտար հողից մշակվում է ընդամենը 20 տոկոսը: Գյուղում ստորգետնյա ջրերը բավականին բարձր են, ինչի պատճառով հողերն աղակալել են եւ մշակման համար դարձել գրեթե անօգտագործելի: Մոտ 680 հա հող էլ գյուղն ունի հայ- թուրքական սահմանի հարեւանությամբ: Այստեղ էլ մշակվում է դրանից 15-20 հեկտարը:
«Այդ մասում էլ ոռոգման ջրի խնդիր ունենք: Մի քանի տարի առաջ այդ հատվածում 2 պոմպ ենք ունեցել, բայց դրանք գողացել, տարել են: Արդեն այդ հատվածում էլ է հողերն աղակալում: Գտնվելով Արարատյան դաշտավայրում` մեր հողերը հիմնականում արոտավայր է դարձել: Իսկ Արարատյան դաշտավայրը Հայաստանի սիրտն է: Այստեղ գյուղատնտեսությունը պետք է այնպես զարգացնել, որ ամբողջ Հայաստանին բավականեցնի իր արտադրությունով: Դրանից հետո ոչ մի բան չենք ներմուծի ո’չ Թուրքիայից, ո’չ էլ Պարսկաստանից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը:
Ըստ գյուղապետի` այսօր գյուղացին շատ դժվարությամբ է ապրում, քանի որ մշակելու հող չունեն: Գյուղացիները հայտնվել են «վարկային կառուսելի» մեջ եւ շատ դեպքերում` մի բանկից վարկ են վերցնում, որ մյուս բանկի կամ վարկային կազմակերպության գումարը փակեն: «Մարդիկ ապրում են հիմնականում իրենց տնամերձ հողամասերով: Մեր գյուղացին աշխատող գյուղացի է: Եթե ջուրը, ամեն ինչն ապահովվի` հողը կմշակի, կապրի»,- նշեց Ս. Մարկոսյանը: Գյուղացիները մեզ դժգոհեցին, որ գյուղում չկա եւ ոչ մի գյուղատնտեսական տեխնիկա, ինչը նույնպես նպաստում է հող չմշակելուն: Գայ գյուղի բնակիչները հարեւան գյուղի տրակտորիստներին են խնդրում, որ գան իրենց հողերը վարեն կամ այլ աշխատանքներ կատարեն:
Գայ գյուղի բնակչուհի Աշխեն Միրզախանյանն արդեն 10 տարի է չի մշակում իր 1.5 հա հողամասը, քանի որ այդ հատվածում ստորգետնյա ջրերը բարձր են, իսկ հողն արդեն աղակալել է: Նա խաղողի այգի ունի, բայց այստեղ էլ տեխնիկայի պակասը զգացնել է տալիս իրեն: «Էդ մարդիկ էլ իրանց գյուղի հողերը վարում են նոր գալիս մեր գյուղի գործերն անում: Ո´չ տրակտոր կա գյուղում, ո´չ կոմբայն: Ոչ մի բան չկա:Եթե նույնիսկ մեր հողերը վատ վարեն, մենք չենք կարողանում ռիսկով ասենք, որ վատ են վարում, որովհետեւ վախենում ենք` էլ չգան ու շիվար մնանք»,- ասաց Աշխենը: Նրա ասելով` արդեն 10 տարի է` ջրային տնտեսությունը ոչ մի քայլ չի անում գյուղի դրեժանային համակարգը մաքրելու համար եւ ամբողջ ջրերը լցվում են հողամասերը. «Այնպես են անում, որ ստեղից թողնենք, գնանք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել