Այսօր Աբխազիայում առաջին նախագահական ընտրություններն են
Ընտրողների 20 %-ը հայեր են
Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 5 թեկնածու` գործող նախագահ Սերգեյ Բաղապշը, նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, տնտեսական զարգացման կուսակցության նախագահ, գործարար Բեսլան Բուտբան, Աբխազական ջերմանավային պետական ընկերության ղեկավար ղեկավար Զաուր Արձինբան, ինչպես նաև փիլիսոփայական և տնտեսական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիտալի Բգանբան:
Նրանք բոլորն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացման օգտին: Ռուսաստանը Աբխազիայի անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Բացի Ռուսաստանից` Աբխազիայի անկախությունն են ճանաչել նաև Վենեսուելան և Նիկարագուան:
Ինչպես հայտնում է «Ռեգնումը», նախագահական ընտրություններին հետևելու է 83 միջազգային դիտորդ` 21 երկրից:
Ըստ փորձագետների` պայքարն ընթանալու է երկու վաղեմի մրցակիցների` Սերգեյ Բաղապշի և Ռաուլ Խաջիմբայի միջև, որոնք արդեն դեմ առ դեմ հանդիպել են նախորդ ընտրություններին: Այդ ընտրությունների արդյունքում Բաղապշը դարձավ նախագահ, իսկ Խաջիմբան` փոխնախագահ: Այս ընտրություններից առաջ Խաջիմբան լքեց պաշտոնը: Բարձր են գնահատվում նաև գործարար Բեսլան Բուտբայի հնարավորությունները:
Ընտրացուցակներում ընդգրկված է մինչև 131.000 ընտրող: Ընտրողների մոտ 20 %-ը հայեր են, և նրանց ձայները կարող են որոշիչ լինել: Հայկական համայնքում հակված չեն խոսել այս կամ այն թեկնածուի նկատմամբ ունեցած համակրանքի մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, հայերի հիմնական մասը կքվեարկի գործող նախագահ Սերգեյ Բաղապշի օգտին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել