Չպայթած ականներ են հայտնաբերվել
Ղարաբաղում շարունակվում են վտանգ ներկայացնել չպայթած ականները. վերջերս չպայթած ականներ են հայտնաբերվել նաեւ Ստեփանակերտից ընդամենը 6 կմ հեռավորության վրա գտնվող ճամփեզրին: Իսկ ճանապարհը, որն օգտագործվում է փայտահատների, ֆերմերների, հովիվների կողմից, ինչպես նաեւ զբոսաշրջային նպատակներով, մայրաքաղաքը կապում է Ասկերանի շրջանի Քոսալար եւ Ջավադ գյուղերի հետ:
Մասնագետները զարմացած են, թե ինչպես մինչ օրս ոչ մի դժբախտ պատահար չի գրանցվել այդ տեղանքում: ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցներն ականների մասին ահազանգ էին ստացել փայտահատներից: Դեպքի վայր մեկնած բրիտանական The HALO Trust կազմակերպության ղարաբաղյան կառույցի որոնողական խումբը սկզբից հայտնաբերել է 1 հակատանկային ական: Այնուհետեւ, ինչպես «Հետքին» հայտնել է The HALO Trust բրիտանական կազմակերպության ղարաբաղյան կառույցի օպերատիվ բաժնի պետ Յուրի Շահրամանյանը, խումբը հայտնաբերել է նմանատիպ եւս 8 ական եւ սկսել է ականազերծել ճանապարհի 4 կմ-անոց հատվածը:
Յուրի Շահրամանյանի տեղեկացմամբ, այս տարվա առաջին 11 ամսիների ընթացքում իրենց կազմակերպության կողմից ականներից մաքրվել է 5.5 քկմ, իսկ տարբեր զինամթերքներից 40 քկմ տարածք: Արդյունքում հայտնաբերվել եւ վնասազերծվել է 800 ական, 986 կասետային ավիառումբ եւ 2.987 տարբեր ռազմամթերք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել