HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բացօթյա շուկայում վաճառողները հիմնականում կանայք են

 Ալավերդիում տարիներ շարունակ անլուծելի է մնում բնակչության 52 տոկոսը կազմող կանանց աշխատանքի ապահովվածության խնդիրը: Խորհրդային տարիներին այստեղ կանանց աշխատուժը հիմնականում տեղավորվել էր 2000 աշխատատեղ ունեցող Կարի արտադրական միավորումում, որը փակվեց հետխորհրդային հենց առաջին ամիսներին:

Ըստ Ալավերդու զբաղվածության կենտրոնի` այս տարի գրանցված 1845 աշխատանք որոնողներից 1114-ը և 1389 գործազուրկներից 987-ը կանայք են: Ստեղծված իրավիճակում կանայք իրենց համար աշխատատեղեր են ստեղծում փողոցներում: Ալավերդի համայնքի Հայպետշին թաղամասի բացօթյա շուկայում ձմռան այս սառնամանիքին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյանը 17-ը, այսինքն` մինչև մութն ընկնելը, առևտուր են անում 20-ից ավելի կանայք: Նրանք ողջ օրը նստած են իրենց «ապրանքի» մոտ: Ցուրտն ու սառնամանիքն առայժմ չեն ընկճում նրանց: Հիմնականում 50-ից բարձր տարիքի են, թեև շուկայում կանգնած են նաև երիտասարդ կանայք: Ալավերդին խորհրդային տարիներին ունեցել է շուկայի իր տիպային շենքը, որտեղ քաղաքի եւ հարեւան շրջաններից եկած առեւտրականներն առեւտուր են արել իրենց առողջության համար համեմատաբար անվտանգ պայմաններում: Ներկայումս այդ շուկան Ալավերդու քաղաքապետի եւ նրա «ախպերության» սեփականությունն է, որը տարիներ շարունակ անմատչելի է մնում քաղաքի առևտրով զբաղվող բնակչության  համար: Այդուհանդերձ, ինչպես են այս կանայք ապրում եւ գնահատում իրենց կյանքը: Մեր հարցումների պատասխանները ավելի քան տխուր են: Անահիտ Աբրահամյանը, ով նախկինում Ալավերդու տեքստիլ ֆաբրիկայում ջուլհակ է աշխատել, երանությամբ հիշելով նախկին աշխատանքը, ասաց. « էս մի 5-6 տարի ա` էս գործով եմ ստիպված զբաղվում: Երեկոյան, երբ հոգնած ու սառած տուն եմ գնում, որպես կին ոչ մի լավ բան չեմ նկատում: Ուշքի եմ գալիս առավոտյան և նորից գալիս աշխատանքի:  ...Չէ, հա, ի՜նչ կոսմետիկա, ի՜նչ վարսավիրանոց»: Սվետլանա Թարվերդյանի կարծիքով` կանանց վիճակը շուկայում շատ ծար է. «Սառը վիճակ ա: Ես էլ առավոտից իրիկուն սառը վիճակում կանգնած եմ, որ մի երկու կոպեկ աշխատեմ, հիվանդ ամուսնուս պահեմ: Երկրորդ կարգի հիվանդ ա, ուռուցք ունի: 40 հազար դրամ է պետք իր դեղն առնելու համար, ստիպված կանգնում եմ էստեղ»: Սվետլանան ներկայացրեց կնոջ լավ ապրելակերպի իր պատկերացումները. «Կինը պետք է իր նորմալ աշխատատեղն ունենա, աշխատանքից հետո, ժամանակին գնա տուն, որ կարողանա երեկոյան ամուսնուն և երեխաներին բարձր տրամադրությամբ ընդունի: Ամբողջ օրը դռանը կանգնում եք, որ երկու կոպեկ աշխատենք, այն էլ չեն թողնում: Հարկայինները նեղացնում են, տուգանել են 60 հազար դրամ, որ հունվարից պետք ա գանձեն մեզանից: Հա, իրիկունը, որ տուն եմ գնում, հայելու մեջ ինձ նայում եմ ու տեսնում` գետնին հավասարվել եմ: Հոգնած ու սառած կինը, որ երեկոյան գնա տուն, էլ կարո՞ղ ա որպես կին ծառայի իր ամուսնուն: Չի կարա»: Ալավերդու հարկային տեսչության որդեգրած աշխատաոճից ոչ միայն Սվետլանան, այլև շուկայում շատերն են դժգոհում: Բնակչության աչքից չի վրիպում, որ հարկային տեսչության պետ Նորիկ Այվազյանի ուժը հատկապես այս շուկայի կանանց է պատում: 12_12-haipetshin«Ես մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի եմ, էս ա 20 տարի է` էսպես եմ ապրում: Երաժշտական դպրոցում կրճատվել եմ աշխատանքից եւ էստեղ հացի կոպեկ եմ աշխատում»,- ասաց Արմենուհի Թամազյանը, ով շատ կոկիկ էր հագնված: Թե ինչպես է ծանր աշխատանքի հետ զբաղվում իր արտաքինով, տիկին Արմենուհին բացատրեց. «Էստեղ մեկին ասում եմ ապրանքիս նայի, վազելով գնում եմ մազերս սարքում, գալիս: Դե, եթե փողոցում ենք կանգնած, հո չե՞նք կարա փնթի լինել: Կոսմետիկան էլ, երեխեքի կոսմետիկայից եմ օգտագործում: Ամուսինս դժգոհում է երեկոյան, որ հոգնած, սառած ու անտրամադիր եմ գնում տուն, բայց, որ դժգոհում ա, ի՞նչ անեմ: Ստիպված ենք: Էս ա Ալավերդու աշխատանքը, ուրիշ աշխատանք չկա: Գոնե էս երիտասարդ կանանց համար աշխատատեղ ստեղծեն: Հես ա, կողքս երիտասարդ կին կա, պոլետեխնիկ ինստիտուտն է ավարտել, Մստոյի Կարինեն»: Մեր հարցմանն էլ պոլիտեխնկն ավարտած Կարինե Դալլաքյանն  պատասխանեց. «Շատ նվաստացած եմ, որորհետև սա աշխատանք չէ. առավոտից իրիկուն դրսում եմ: Նոր եմ սիստեմաներ ընդունել, երեկոյան սրսկվում եմ, առավոտը գալի աշխատում»: «Երեւի արդեն 10-ը տարի այս բացօթյա շուկայում առևտուր եմ անում: Շատ վատ է առողջությունս` երեքից հանած: Ոտքերիցս եմ դժգոհում, ներվերից, ամբողջ օրը  բետոնի վրա կանգնած եմ, 50 տարեկան եմ, ամուսին ունեմ»,- ասաց շուկայի առեւտրական Անյուտա Պեպանյանը, որը Ալավերդիում հանրահայտ է իր գեղեցիկ ասմունքով: Այն հարցին, թե երեկոյան տուն հասնելով` որպես կին ինչ է զգում, Անյուտան պատասխանեց. «Արդեն 10-ը տարի է, որպես կին ոչինչ չեմ զգում, 10 տարի է կին չեմ զգում ինձ: Հինգ տարի է` մոռացել եմ, որ ամուսին կա կողքիս: Ես ինվալիդ ոտքով, ես ծանր աշխատանքով տանն էլ հիվանդ սկեսուր եմ պահում: Սկեսուրս անկողնային է. ոչ ձեռք ունի, ոչ ոտք: Ու ես հիմա տառապում եմ իմ ոտքիս ցավից ու նրան պահելու դժվարությունից: Հաշմանդամ եմ դարձել: Սա աշխատանք չի: Վերևից ներքև հարցնես, մի հատ առողջ կին չես գտնի այստեղ»: «Սովն ավելի վատ ա, քան առողջություն կորցնելը, էլ առողջությանը չենք նայում: Առավոտից իրիկուն կանգնած եմ էստեղ, բա որ չկանգնենք, մեր հացն ով հայթհայթի, էսա 65 տարեկան եմ: 65 տարեկանը էս դաժան սառնամանիքին կանգնում ա, որ իրա օրվա հացը հայթայթի: Այսինքն` պետությունն իրա թոշակառուին այնքան թոշակ չի տալիս, որ  գազի, լույսի ու ջրի վարձը փակի, տակին էլ մի երկու կոպեկ մնա, ուտի ու  իրա տաք տանը նստի: Այ, դրա համար ենք էս սառնամանիքին առավոտից իրիկուն  էստեղ կանգնում»,- ասաց Շողիկ Վերանյանը: Մասնագիտությամբ բուժքույր Լաուրա Միրզոյանն էլ ասաց. «Երեկոյան, երբ տուն եմ հասնում, ամուսնուս պատերովն եմ տալիս: Ինչքան լավ բան էլ խոսում է, ես չեմ ընդունում: Վիրավորվում եմ, ջղայնանում, գրգռված վիճակի մեջ եմ լինում: ...Ոչ, ես որպես կին տանը նորմալ վիճակ չեմ կարողանում պաշտպանել: Ամուսինս քաղցր էլ խոսա, դառն էլ խոսա, նրանից նեղված վիճակ եմ ապրում, չեմ ընդունում»: 12_12-haipetshin2Շուկայում առանձնահատուկ եղանակ էր ստեղծում այրումցի Մարինե Բաղդասարյանը: Մարինեն մեկ ձեռք ունի եւ միշտ կենսախինդ է: Մարինեի մուտքը շուկա  ալավերդցի կանայք սիրով չեն ընդունում: Նա իր բերած ապրանքը տալիս է «կուրտում» եւ համեմատաբար էժան, որով խփում էր մյուս առևտրականների գործին: «Ես 42 տարեկան եմ: Երկու տղա ունեմ, ավտոմեքենան էլ եմ ես վարում: Սաղ ես եմ: Ընտանիքս ես եմ պահում: ...Այո, 1984 թ.-ից եմ հաշմանդամ, զավոդումը ռեմենը թևս քաշել ա, Այրումի կանսերվի զավոդումը: Ամուսին չունեմ»,- իր մասին պատմեց Մարինեն: Իր «ապրանքի» գնի մասին հարցնողներին Մարինեն պատասխանում էր. «4կգ-ին մի հատ Չարենց եք տալիս ու գնում»: «Ես, որպես հայ տղամարդ, շատ վատ եմ նայում մեր քաղաքում կանանց կողմից իրենց համար աշխատատեղ ստեղծելու և ընտանիք պահելու համար փող աշխատելու այս տխուր պատկերին: Եթե անգամ թշնամու ազգից լինի, ինչպե՞ս կարելի է լավ նայել, երբ կինն արևին, անձրևին ու սառնամանիքին առավոտից իրիկուն նստած է փողոցում ու չգիտի` առավոտից իրիկուն հացի փող կաշխատի՞, թե՞ չի աշխատի: Հիմա պետությունն ա, ղեկավարությունն ա, թե ով ա, իրանք էլ գիտեն, որ պետք ա կանանց առողջության համար անվնաս աշխատատեղեր ստեղծեն: Ցանկացած նորմալ երկրում դրա մասին մտածում են»,- ասաց  շուկայի անհատ ձեռներեց Դավիթ Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter