HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Բանուչյանը «խուսափեց» Հովհաննես Թումանյանի նվիրատվության համար հարկվելուց

«Ինչպես դատավարության հենց սկզբում եւ հնարավորության դեպքում նաեւ ընթացքում, այնպես էլ նախաքննության ժամանակ ես հայտարարել եմ, որ այս քրեական գործը քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների, քաղաքացիական դիրքորոշման համար, որը սանձազերծվեց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների, համակիրների,

նախընտրական շտաբի անդամների եւ ակտիվիստների, վստահված անձանց եւ պարզապես ընտրություններին ակտիվորեն մասնակցած քաղաքացիների նկատմամբ»,- դատարանում իր վերջին խոսքում այսպես բնութագրեց իր դեմ հարուցված քրեական գործի էությունը Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նա 2008 թ. ընտրություններին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Վայքի նախընտրական շտաբի պետն էր: 2008 թ.-ի մարտի 24-ի երեկոյան Ա. Բանուչյանի բնակարան են ներխուժել իրավապահները, խուզարկել եւ այնուհետեւ զրույցի հրավիրել դատախազություն: «Ընտրողի իրավունքը խոչընդոտելու եւ ընտրակաշառք տալու մեղադրանքով» Արշակ Բանուչյանին կալանել են: 4 ամիս անազատության մեջ պահելուց հետո հուլիսի 25-ին նախ խափանման միջոցն են փոխել, իսկ հետո` հոկտեմբերի 25-ին, քրեական գործը կարճել ապացույցների բացակայության հիմքով: Մինչ Արշակ Բանուչյանը գտնվում էր անազատության մեջ, Օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները ներխուժել են «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամ եւ «Մագաղաթ» հրատարակչություն, առգրավել ամբողջ փաստաթղթային տնտեսությունը եւ սկսել հարցաքննել Մատենադարանի աշխատակիցներին: «Նախաքննության մարմնում օպերատիվ հետախուզական մարմնի ստեղծած լեգենդը հօդս է ցնդել: Իմ գործունեության մեջ չեն հայտնաբերվել խախտումներ: «Ընտրակաշառք» մոգոնված թեզը որեւէ ձեւով ֆինանսավորման աղբյուր չի գտել, հորինված նաղլը փոխվել է մեկ ուրիշով: Արշակ Բանուչյանին որեւէ ձեւով պատժելու կամ վարկաբեկելու համար նրանից որոշել են դարձնել տնտեսվարող լուրջ սուբյեկտի, խոշոր չափերի հարկեր թաքցնողի, բարեգործական միջոցների վատնողի»,- ասում է Ա. Բանուչյանը: Արշակ Բանուչյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 38-205-րդ հոդվածի 1-ին կետով` խոշոր չափով յուրացում կամ վատնում, ինչպես նաեւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը: Ըստ մեղադրանքի` լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Արշակ Բանուչյանը վատնել է այդ հիմնադրամի նպատակների եւ խնդիրների համար տրամադրված գումարը, չի հրատարակել Մատենադարանի հիմնադրման 1600-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ հանդեսը: Բացի այդ, Արշակ Բանուչյանը մեղադրվում է նաեւ «Մագաղաթ» հրատարակչության ՍՊԸ-ի միջոցով, որի սեփականատերն ինքն է, 2005-2006 թթ. ընթացքում առանց հաշվապահական փաստաթղթերի եւ շահույթ ստանալու նպատակով ձեռք բերած 5000 բուկլետը եւ 71 հազար բացիկը իր երկու աշխատակիցներին վաճառել հանձնարարելու մեջ: Բանուչյանի հետ 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Մագաղաթ» հրատարակչության ՍՊԸ-ի տնօրեն Նունե Շահումյանի եւ գլխավոր հաշվապահ Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ` ընկերության շրջանառության իրական ծավալները թաքցնելու եւ հաշվետվություններում այլ տվյալներ ներկայացնելու համար, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե ենթակա է վճարման ընդհանուր առմամբ մոտ 10.7 մլն դրամ, մոտ 5.7 մլն դրամը` հարկ, իսկ մոտ 5 մլն դրամը` տույժ-տուգանք: Արդեն 1 տարի է` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մատենադարանի արդեն նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործը: Մինչ դատավարություններն ընթանում էին, նրան փոխտնօրենի պաշտոնից տեղափոխեցին մեկ այլ պաշտոնի` Հնագրագիտության բաժնի վարիչ: Դատաքննության ընթացքում երկու աշխատակիցների նկատմամբ համաներում կիրառվեց: Շարունակվեց քննությունը միայն Ա. Բանուչյանի մասով: «Վատնման» հոդվածով պետք է տուժող լիներ: Սակայն «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի մասով տուժող այդպես էլ չի գտնվել: Հիմնադրամի հոգաբարձության անդամները գրությամբ հրաժարվել են հիմնադրամը ճանաչել տուժող կողմ եւ ներկայանալ դատարան: Նրանք իրենց գրություններում դրվատանքով են նշել հիմնադրամի եւ ի նպաստ Մատենադարանի իրականացված ծրագրերի մասին: Որպես տուժող մնացել է միայն ամբաստանյալը: Բացիկների մի մասն առգրավել են Հարկայինի օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցները` Մատենադարանին պատկանող գրապահոցից: Մնացած բացիկները Ա. Բանուչյանն ինքն է ներկայացրել նախաքննության մարմնին ու դատարանին: Նվիրաբերված բացիկների մասին էլ տեղեկանքներ են ներկայացվել: Իսկ հանդեսի հրատարակումը հետաձգվել է, ինչի մասին վկայել են նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամները: Ա. Բանուչյանի դատապաշտպան Տիգրան Աթանեսյանը դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ դատավարության ընթացքում պարզվել է, որ այդ բացիկներից ոչ մեկը չի վաճառվել. «Բացիկների իրացման փաստ չկա»: Մեղադրող դատախազ Արմեն Բոշնաղյանը 4,5 տարի ազատազրկում է պահանջել Արշակ Բանուչյանի համար: Իսկ Արշակ Բանուչյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ կրկնեց, որ ներկայացրած այս քրեական գործը համարում է քաղաքական հայացքների համար հետապնդում: Որպես ասվածի հիմնավորում Արշակ Բանուչյանը մեջբերեց մի դրվագ իր եւ Օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներից մեկի զրույցից: Աշխատակիցը Բանուչյանին ցույց է տվել «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հրատարակած տարեգիրքը եւ ասել. «Ահա, փաստերն այստեղ են»: Հարցնում եմ` ի՞նչ փաստեր: Նա բաց է անում Մատենադարանի նվիրատուների ցանկը եւ ասում. «Էստեղ 7 հազարից ավելի նվիրատուների անուններ կան, ո՞ւր են նրանց տված փողերը»,- պատմում է Ա. Բանուչյանը: Հետո աշխատակիցը մատը դրել է պատահական մի տողի եւ շարունակել` «Թումանյան Հովհաննես, 1922, Երեւան: Ինչքա՞ն փող է տվել»: «Ես պատասխանում եմ` հարգելիս, դա մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է: Ձեռագիր է նվիրել Մատենադարանին: Նա թե` ոչ, դա նրա ծննդյան թիվն է: Լեգենդի այս հատվածը փուչիկի պես պայթում է, երբ ես խորհուրդ եմ տալիս նրան կարդալ այդ ցանկի վերջում տպագրված ծանոթությունը, ուր բառացիորեն գրված է հետեւյալը. «Ցանկում արտահայտված են միայն Մատենադարանի Ձեռագրատուն մուտք գործած ձեռագրերի նվիրատուների անունները: Վաղագույն արձանագրված անունը` 1795 թ.-ից»: Չլիներ այս բացատրությունը, ես պատասխան պետք է տայի 1795-ից առ այսօր Մատենադարանի հարկային պարտավորությունների համար»,- ասում է Արշակ Բանուչյանը: Դեկտեմբերի 9-ին դատավոր Գագիկ Պողոսյանը պետք է հրապարակեր Ա. Բանուչյանի դատավճիռը, սակայն նիստի քարտուղարը հայտարարեց, որ դատավորը դեռ խորհրդակցական սենյակում է եւ հրապարակման մասին կողմերին կհայտնվի լրացուցիչ: Դեկտեմբերի 11-ին դատավորը հրապարակեց դատավճիռը: Ա. Բանուչյանը մեղավոր ճանաչվեց խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ (ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 38-205-րդ հոդվածի 1-ին կետով): Նա դատապարտվեց համապատասխանաբար 2 — 1 տարի ազատազրկման` առանց որոշակի զբաղեցրած պաշտոնի կամ գործունեության զրկման: Համաներում հայտարարելու ԱԺ որոշմամբ Արշակ Բանուչյանն ազատվեց 3 տարի ընդհանուր պատիժը կրելուց: Դատարանը վճռեց հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի բռնագանձել մոտ 2.3 մլն դրամ: ՊԵԿ-ի` ընդդեմ «Մագաղաթ» հրատարակչության պետբյուջե բռնագանձելու պահանջը դատարանը թողեց առանց քննության` վարչական դատարանի վերջնական որոշմանը: «Մագաղաթ» ՍՊԸ-ի բանկային հաշիվների եւ համակարգչի վրա դրված կալանքը մնաց անփոփոխ: «Ենթադրվում է, որ վատնման մասով այդ գումարները պետք է վերադարձվեն «Մատենադարանի բարեգործներ» հիմնադրամին, սակայն Հիմնադրամն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, որ վատնման փաստ չկա»,- «Հետքին» պարզաբանեց Տիգրան Աթանեսյանը: Արշակ Բանուչյանը նշեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը. «Հանցանք չգործած արարքի վրա պատիժ կիրառելը, հետո համաներում կիրառելը ո՞նց կարող ենք արդարացի վճիռ համարել»: Անդրադառնալով գումարի բռնագանձման պահանջին` Ա. Բանուչյանը նշեց, որ, ըստ էությանը, գումարը ամսագրի տպագրության համար էր նախատեսված. «Այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե գումարը ետ վերադարձնենք հիմնադրամին, հետո նորից այդ ամսագիրը տպագրելու համար նույն գումարը պետք է փոխանցեն»: Հարկերից խուսափելու եւ դրանք բռնագանձելու մասով գործի քննությունը շարունակվում է վարչական դատարանում: Ըստ մեղադրանքի` Բանուչյանը մոտ 10.8 մլն դրամի չափով խուսափել է հարկերից, իսկ ըստ փորձագետի եզրակացության` 7 մլն 300 հազար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter