HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ադրբեջանական ռեւերանսների արձագանքը Վաշինգտոնում

Ադրբեջանը պահպանում է կառուցողական դիրքորոշումը եւ Ադրբեջանի ԼՂ տարածաշրջանի հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ ու համագործակցված համակեցության կողմնակից է։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման հիմք կստեղծի, իսկ Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի»,

- Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթում նշել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները որեւէ կերպ չարձագանքեցին այս հայտարարությանը, չնայած ակնհայտ երեւում էր, որ Մամեդյարովի դիրքորոշումը հակասում էր հենց Աթենքում համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության բովանդակությանը։ Հիշեցնենք, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակել 2007 թ. նոյեմբերին ներկայացված մադրիդյան սկզբունքների եւ 2009 թ. հունիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությամբ հրապարակված մոտեցումների հիման վրա։ Դրանք ամրագրում են տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից խուսափելու մասին Հելսինկյան Եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքների հիման վրա հակամարտությունը կարգավորելու կողմերի հանձնառությունը։ Ադրբեջանը Փարիզում առաջին անգամ ստորագրեց մի փաստաթուղթ, որտեղ տարածքային ամբողջականությանը զուգահեռ նշվում էր նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Դա, փաստորեն, այն միակ զիջումն էր, որին միջազգային հանրությունը հասավ Թուրքիայի եւ Ռուսաստանի ակտիվ ներգործության շնորհիվ։ Սակայն, արդյոք այն իրական զիջու՞մ էր։ Մամեդյարովը ԼՂ-ի՝ Ադրբեջանի շրջան լինելու մասին հայտարարությունը չարեց Բաքվում, հետեւաբար այն ներքին օգտագործման համար չէր։ Մամեդյարովը պարզորոշ հասկացրեց, որ հնգյակի համատեղ հայտարարության մեջ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հավասարազորության վերաբերյալ առաջացած տպավորությունը միրաժային է։ Այլ կերպ ասած՝ Բաքուն վերադարձավ այն նախկին դիրքորոշմանը, ըստ որի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դիտարկում է տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։ Նման շրջադարձը ցույց է տալիս, որ երկու հակասող սկզբունքների զուգահեռ հիշատակումը աթենքյան հնգակողմ հայտարարության մեջ արվել է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանը ստիպված լինի ստորագրել այն։ Որից հետո Բաքվի համար գործնականում որեւէ բարդություն չէր ներկայացնում կրկին սեփական հայեցողությամբ մեկնաբանել այս երկու սկզբունքների հարաբերակցության հարցը։ Խնդիրն այն է, սակայն, որ աթենքյան հայտարարության առկայության պայմաններում Բաքվի այդ դիրքորոշումն ավելի հիմնավորված է դառնում եւ հստակ ցույց տալիս, թե ինչին էր ուղղված այդ հայտարարությունը։ ԵՄ համանախագահող, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը Աթենքում նշեց. «ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որն ուղղված է միջազգային իրավունքի նորմերի «տեղին կոմբինացիաներով» հակամարտությունը կարգավորելուն, եւ որը հիմնված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ԵԱՀԿ այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ուժի չկիրառումն ու ժողովուրդների՝ հավասար ինքնորոշման իրավունքը»։ Բիլդտը հատուկ ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը, որն ուղղակի ակնարկ է այն մասին, թե «կոմբինացիաները» տեղի են ունենում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Դա այն է, ինչ, ըստ էության, հակամարտության կարգավորման գոնե առաջին փուլի համար նախատեսում են «մադրիդյան սկզբունքները»։ Եվ դրա մասին թափանցիկ կերպով խոսում են ԼՂ հակամարտությանը վերաբերող վերջին երկու տարվա ընթացքում ընդունված բոլոր հայտարարությունները։ 2009թ. հունիսին Աքվիլայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը նման առաջին փաստաթուղթն էր, որ հրապարակավ ներկայացրեց մադրիդյան սկզբունքները եւ բավականին լույս սփռեց ընթացող պրոցեսների վրա։ Այդ հայտարարությունը ներկայացնում է կարգավորման 6 սկզբունքներ, որոնք չափազանց ընդհանրական լինելով` տարատեսակ, նույնիսկ իրարամերժ մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Սակայն, այնտեղ կան երկու կետեր, որոնք առավել քան թափանցիկ կերպով ցույց են տալիս, որ մադրիդյան սկզբունքները տարածքային ամբողջականության ներքո ժոովուրդների ինքնորոշման տրամաբանությունն են զարգացնում։ «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի»,- ասում է այս սկզբունքներից մեկը։ Մյուսով սահմանվում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, իրավական պարտավորեցնող նախատեսումներով»։ «Միջանկյալ կարգավիճակ» տերմինը պարզորոշ ցույց է տալիս, որ դա ճանաչված չի լինելու, անգամ չի ունենալու այն կարգավիճակը, որն ունի ներկայիս ԼՂ-ն։ Խոսքը միայն ինքնակառավարման ու անվտանգության մասին է, այն էլ ոչ թե իրավունքի, այլ տրվելիք երաշխիքների մակարդակով։ Մամեդյարովը Աթենքում խոսում է հենց «Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ինքնակառավարման իրավունքի տրամադրման մասին։ Եվ այս իմաստով նրա եւ Աքվիլայի հայտարարությունների միջեւ հակասություն չկա։ Մյուս սկզբունքով ԼՂ իրավական վերջնական կարգավիճակը որոշվելու է «իրավական պարտավորեցնող նախատեսումներով»։ Հայտնի է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունել ԼՂ տարածքում հանրաքվե անցկացնելու եւ այդ ճանապարհով Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հնարավորությունը։ Պատճառաբանությունն այն է, թե դա հակասում է երկրի սահմանադրությանը, որով արգելվում է հանրապետության առանձին շրջաններից մեկում ինքնորոշման հետ կապված ցանկացած հանրաքվեի անցկացում։ Ստացվում է, որ Աքվիլայի հայտարարությունը լիովին համապատասխանում է նաեւ Բաքվի այս դիրքորոշմանը։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը համաձայնում է մադրիդյան սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի «ժամանակավոր կարգավիճակը» դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Ի պատասխան այս աննախադեպ զիջման` Ադրբեջանը համաձայնում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները ընդամենը ներկայացվում են կողք-կողքի։ Չի կարելի բացառել, որ ներկայիս չհամաձայնեցված հիմնական կետերը վերաբերում են հենց հանրաքվեի եւ դրա անցկացման նպատակահարմարության խնդիրներին։ Եվ պարզ է դառնում երկու սկզբունքների «կոմբինացիայի» ամբողջ նպատակը՝ «եւ գայլերն են կուշտ, եւ ոչխարները՝ ամբողջական»։ Սակայն փարիզյան հնգակողմ հայտարարությունը եւս մեկ խնդիր լուծեց Ադրբեջանի համար։ Եվ այդ խնդիրը լուծեց Վաշինգտոնում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի թեթեւ ձեռքով։ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում, ինչպես հաստատում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Էրդողան-Օբամա բանակցությունների հիմնական թեման եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը։ Հենց Վաշինգտոնում Էրդողանը ուղղակիորեն հայտարարեց. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ դրանից հետո մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ ...Երբ մենք Հայաստանի արձանագրությունները ստորագրել ենք, այնտեղ ոչ մի նախապայման չի եղել։ Սակայն մեր խորհրդարանում այդ արձանագրությունների ընդունումը նախապայման է պահանջում»։ Էրդողանին, փաստորեն, հաջողվել է ճեղքել Վաշինգտոնի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ իրենք հայ-թուրքական եւ Ղարաբաղյան գործընթացները դիտարկում են որպես առանձին, զուգահեռ պրոցեսներ։ Այն հանգամանքը, որ Էրդողանը դրա մասին հայտարարում է Վաշինգտոնում, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն զիջման է գնացել այդ հարցում։ Դա կարող էր տեղի ունենալ հիմնականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված նոր իրավիճակով։ Փարիզի հնգակողմ հայտարարությունը եւ դրանում ամրագրվող «կոմբինացիաները» Թուրքիայի ձեռքին զենք են դառնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելու մեծացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ եւ ձեռք բերելու սկզբունքների համաձայնեցման մասին վերջնական փաստաթուղթը։ Թուրքիան ոչ թե ձգտում է Ղարաբաղյան հարցով դառնալ միջնորդ, այլ արդեն ձեռք է բերել այդ կարգավիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter