HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քիչ ա մնում պարանը գցեմ վիզս` խեղդվեմ պրծնեմ»

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակչուհի Մարգարիտա Մարտոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում քիչ-քիչ վաճառել է տան իրերը` սառնարանը, լվացքի մեքենան, հեռուստացույցը, ոսկեղենը, միայն թե հացի գումար ունենա 5 երեխաներին պահելու համար:

Նույնիսկ հագուստի պահարանն է վաճառել ու հիմա իրենց հագուստները կախում են պատերին խփած մեխերից, իսկ «ոչ սեզոնային» հագուստները լցնում են պարկերի մեջ կամ էլ գցում աթոռների վրա: Սենյակում դրված էր խորհրդային արտադրության հեռուստացույց, սակայն դա էլ չէր աշխատում: Մարգարիտան աղջկան ամուսնացրել է, 2 որդիներն արդեն չափահաս են, սակայն այդպես էլ չի կարողանում տարիների ընթացքում վաճառած իրերի փոխարեն նորերը գնել: Բնակարանը, որտեղ նրանք ապրում են, կիսանկուղ է հիշեցնում:

Պատերը կիսով չափ խոնավ են եւ տեղ-տեղ նույնիսկ բորբոսած: Պատուհանների ապակիների մեծ մասը բացակայում է, դրանց փոխարեն պոլիէթիլեն է փակցված: Մարգարիտայի 2 անչափահաս երեխաները` 11 տարեկան Արմանն ու 14-ամյա Արփինեն, առողջական լուրջ խնդիրներ ունեն: Արմանը էպիլեպսիկ հիվանդ է: Մոր ասելով` Արփինեն ցրտի ու խոնավության պատճառով 3 ամիս գամվել է սայլակին եւ բժիշկների օգնությամբ է ոտքի կանգնել: Հիմա էլ օր է լինում, որ աղջնակի ոտքերը խոնավությունից ցավում են, իսկ ձեռքերի մատները նյարդերից ձգվում են:

«Ես ու երեխեքս դեղերով ենք ապրում: Նորմալ ապրելու ոչ մի պայման չկա, բա ո՞նց չհիվանդանանք: Նկուղային հարկում ենք ապրում ու տանս պատերի կեսը ջրի մեջ կորած ա: Ում դիմում եմ օգնության համար, ասում են` հնարավորություն չունենք: Միշտ էլ քաղաքապետարան գնացել եմ օգնության համար, բայց ասում են, թե հնարավորություն չունեն: Անցյալ տարի քաղաքապետը մի անգամ 10000 դրամով օգնել ա: Ես հիվանդանոցը պառկած էի, աղջիկս էդ փողը տարել, ինձ սապոգ էր առել: 24 տարեկան տղես Երեւանում վարձով ա ապրում: Ձեռի հետ առեւտուր ա անում, իրան պահում ա: Մի տղես էլ բանակից նոր ա եկել, անգործ թափառում ա»,- պատմեց Մարգարիտան:

Նրա ասելով` Արմանն ու Արփինեն բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում, սակայն Երեւան հասնելու ճանապարհածախսը մեծ դժվարություն է իրենց համար:

14_12-jambarak-1

«Արմանս 3 տարի է բուժզննում չի անցել: Երեխուս բուժման ժամկետը լրացել ա, դրա պատճառով պրիստուպները շուտ-շուտ ա տալիս: Ճիշտ ա, բուժումն անվճար ա, բայց որ տանեմ Երեւան ամենաքիչը մի 10 օր կպառկեցնեն: Ես 10 օր ի՞նչ կերակրեմ նրան` ընդհանրապես ի վիճակի չեմ»,- ասաց Մարգարիտան: Նա պատմեց, որ շատ դեպքերում չի կարողացել Արփինեին էլ Երեւան` բուժզննման տանել: «Ստիպված զանգել եմ աղջկաս բժշկին, հեռախոսով երեխուս հետ մի 2 բառ է խոսել, որ մի քիչ Արփինես հանգստանա: Վրես կրակ ա լցվում, բայց չեմ կարողանում: Քիչ ա մնում պարանը գցեմ վիզս` խեղդվեմ պրծնեմ»,- հուզված պատմում էր հիվանդ երեխաների մայրը: Մարգարիտան նույնպես հիվանդ է` բրոնխներն են, ունի հիվանդության 3-րդ կարգ: Հիվանդության համար նա ստանում է 10500 դրամ թոշակ, 11200 դրամ էլ անչափահաս երեխաներն են ստանում: 22000 դրամն էլ պետության հատկացրած նպաստն է: «4 ամիս աղբի փող չեմ տվել` 2000 դրամ պարտք ունեմ: 2000 դրամն ի՞նչ փող ա, որ չեմ հասցնում տամ: Տղա ջան, երեւի դու ասես, թե 2000 դրամը մեծ փող չի, բայց ինձ համար, իրոք, մեծ փող ա: Որ ասեմ` սոված ենք քնում, հավատա: Հիվանդ տղես սոված ա գնում դասի: Ամեն օր փլավ եմ եփում, երեխեն էլ ամեն օր փլավ չի ուտում: Արփինես մի շաբաթ ա խաղող ա ուզում: Շուկան տանս դեմն ա, բայց փող չկա` ինչո՞վ առնեմ: Երեխեքս ամիսներով քաղցրավենիքի կարոտ են մնում: Կարամ գնամ խանութներից նիսյա վեկալեմ, բայց հետո ինչո՞վ տամ»,- ավելացրեց Մարգարիտան: Նրա ասելով` քաղաքի խանութներին արդեն 200 հազար դրամից ավելի միայն սննդի պարտք ունեն:

14_12-jambarak-2

Երբ Մարգարիտան ներկայացնում էր իրենց ապրելակերպը, ամուսինը` Վաղինակը, լուռ էր, հետո դուրս եկավ սենյակից: Վաղինակ Մարտոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամիսը 10500 դրամով աշխատում է Ճամբարակի հացի փռերից մեկում: Նրան հարցրինք` գո՞հ է իր ստացած աշխատավարձից:

«Գոհ եմ այնքանով, որ թեկուզ ցամաք հացը երեխեքիս համար ապահովում եմ: Ամեն օր հետս 1-2 հատ հաց եմ տուն տանում: Ամսվա վերջում հաշվարկ ենք անում ու դատարկ տուն եմ գալիս: Ամիս է լինում, որ իմ տուն տարած հացի գումարը շատ ավելին է լինում, քան աշխատավարձս: Ես երբեք գումար տուն չեմ տանում, բայց գոհ եմ, որ գոնե դատարկ ձեռքով տուն չեմ գնում: 1-2 հացն էլ երեխեքիս համար մեծ բան է»,- պատասխանեց Վաղինակը:

Զրուցեցինք նաեւ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հետ: Նրա ասելով` ինչքան կարողացել է, կարիքավոր ընտանիքներին օգնել է: «Ես էլ եմ ուզում օգնել նման ընտանիքներին, բայց դուք էլ հասկացեք, որ մեր բյուջեն այդքան մեծ չէ եւ չենք կարող»,- ասաց Յ. Ավալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter