HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշխատանք չունենալու պատճառով երիտասարդներն արտագաղթում են Բերդից

Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ տարածաշրջանի 16 գյուղական համայնքներում վերջին մի քանի տարիների ընթացքում երիտասարդ ընտանիքները 3-ից ավելի երեխա չեն ունենում: Բազմազավակ ընտանիքները քիչ են:

Բերդի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) բաժնի պետ Գրետա Դարբինյանի ասելով` Բերդի տարածաշրջանում կարելի է մատների վրա հաշվել բազմազավակ ընտանիքներին: «Հավատացյալներն էլ են շատ ունենում, ասում են` ինչքան Աստված տվել է, այնքան պիտի ունենանք: Ընդհանուր առմամբ, հազարից մեկ է բազմազավակ ընտանիք հանդիպում»,- ասաց Գ. Դարբինյանը:

ՔԿԱԳ պետը քիչ երեխաներ ունենալու փաստը կապեց աշխատատեղերի բացակայության հետ: Ըստ նրա` սահմանամերձ Բերդի նկատմամբ Կառավարության, պետական մարմինների ուշադրության պակաս կա:

«Աշխատանք չկա, ուշադրությունը պակաս է, հարկերն էլ բավականին բարձր են: Երիտասարդությունը զբաղմունք չունի: Ջահելները բանակից գալիս են, մի 2 ամիս էլ պարապ ման են գալիս ու թողնում երկրից գնում են: Արտագաղթը չափից դուրս մեծ է ու օրեցօր մեծանում է»,- ասաց Գրետա Դարբինյանը:

Նոյեմբերի 30-ի դրությամբ Բերդի ՔԿԱԳ-ում գրանցվել է 100 ամուսնություն: Նույն թվաքանակն է եղել նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս տարի գրանցվել է 277 ծնունդ` նախորդ տարվա 285-ի փոխարեն: Եթե այս տարի գրանցված ծնունդների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է, ապա մահացությունն աճ է գրանցել: Այս տարի Բերդի ՔԿԱԳ-ն տվել է 353 մահվան վկայական` նախորդ տարվա 348-ի փոխարեն: Գրետա Դարբինյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի ամուսնալուծությունների թիվը պակասել է 10 դեպքով: Այս տարի գրանցվել է ամուսնալուծության 24, նախորդ տարի` 34 դեպք:

«Երիտասարդները որեւէ լավ բանի հույս չունեն: Զբաղմունք չկա, դրա համար դուրս են գնում: Դա է պատճառը, որ ամուսնություններն ու ծնունդները պակասում են: Եթե այստեղ գործ լինի, երիտասարդը երբեք չի թողնի գնա: Դրսում ի՞նչ լավ բան կա` ոչ մի լավ բան էլ չկա: Երիտասարդներն էլ են գերադասում մնալ իրենց տանը, իրենց ծնողների հետ: Հիմա որ գնաք գյուղեր, միայն ծերեր են` երիտասարդություն չկա: Գյուղում ես ծնողներ ունեմ` 80 տարեկան են, միայնակ են ապրում: Ամբողջ թաղամասում մի երիտասարդ չկա, որ մի բժշկի կարիք զգացվի, վազի գնա բժիշկ կանչի»,- ասաց Գ. Դարբինյանը:

ՔԿԱԳ պետի փոխանցմամբ` իրենց տարածաշրջանում մահացությունը երիտասարդացել է: Հատկապես տղամարդկանց շրջանում շատ երիտասարդներ են մահանում: Հիմնականում սիրտ-անոթային, ուռուցքային, վերջին ժամանակներում էլ արյան հիվանդություններից են մահվան դեպքերը գրանցվում: Կանանց մահվան պատճառը, ըստ Գ. Դարբինյանի, հիմնականում ուռուցքներն են եւ կանացի հիվանդությունները: Նա կարծում է, որ սահմանամերձ շրջանում քիչ ամուսնությունները վտանգավոր են երկրի համար: «Եթե երիտասարդը դուրս է գալիս, չի ամուսնանում ու չի կապվում գյուղի հետ, ինչ-որ առումով թշնամուն է աջակցում: Եթե այսօր Չինարի կամ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը դատարկվի երիտասարդներից, նշանակում է այդ գյուղը տալիս ենք թշնամուն: Բայց այստեղ երիտասարդը մեղավոր չի: Ի՞նչ կարող է անել երիտասարդը սահմանամերձ գյուղում, երբ չի կարող նույնիսկ անասուն պահել, հող մշակել, որովհետեւ ադրբեջանցու կրակի տակ է ընկնում: Այդ դեպքում ջահելն ի՞նչ անի: Ծերն էլ այնքան թոշակ չի ստանում, որ կարողանա երիտասարդին պահել, հետեւաբար նա պիտի դուրս գա ու աշխատանք փնտրի»,- նշեց Գրետա Դարբինյանը:

Իր երիտասարդ որդուն նա մեծ դժվարությամբ է Հայաստանում պահում, որովհետեւ չի ցանկանում այստեղ անաշխատանք մնալ: «Ուզում է ուրիշ տեղ գնա, աշխատի, այստեղ որտե՞ղ աշխատի»,- հարցնում է ՔԿԱԳ պետը: Նշենք, որ Բերդը ցերեկային ժամերին բավականին մարդաշատ է` հատկապես «Սադախլու» կոչվող հատվածում, որտեղ բացօթյա առեւտուր է իրականացվում: Սակայն, մութն ընկնելուն պես քաղաքը միանգամից «դատարկվում» է: Երեկոյան ժամը 17-ից կիսալուսավորված փողոցներում հայտնվում են հավաքարարներն ու սկսում մաքրություն անել: Հատուկենտ անցորդները հիմնականում միջին տարիքի մարդիկ են, երիտասարդներ չեն երեւում:

14_12-a_sharyanԲերդի բնակչությունը ութ հազար է: Քաղաքապետ Անդրանիկ Շառյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքում ունեն մոտ 1200 աշխատատեղ: «Երիտասարդների հիմնական մասը զբաղված է մանր ու միջին ձեռնարկատիրությամբ: Ճիշտ է, կյանքն այստեղ այն թափը չունի, ինչ Երեւանում, բայց ինչ-որ չափով էլի ակտիվ է: Սրճարան կա, թատրոն ունենք, եւ երիտասարդները կարող են իրենց հանգիստն անցկացնել»,- նշեց քաղաքապետը: Թեեւ Ա. Շառյանը հավաստիացնում էր, որ Բերդի բնակչության թիվը վերջին տարիներին կայուն է, այնուամենայնիվ, ըստ նրա` վերջին 10 տարում մոտ 3000 մարդ հեռացել է քաղաքից, իսկ 1500-ն էլ գնում է արտագնա աշխատանքի ու ետ գալիս: Ադրբեջանի սահմանից 700 մետր հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիրաղբյուրի գյուղի համայնքապետ Մանվել Կամենդատյանը նույնպես վստահեցնում էր, թե իրենց գյուղում արտագաղթը մեծ չէ: Սակայն նշեց, որ գյուղում գերակշռում են հիմնականում ծերերը:

«Գյուղերում հիմնականում ծերերն են մնացել, պարզ է, եթե երիտասարդությունը քչանում է, պետք է մահացությունն ավելանա, ծնելիությունն էլ` նվազի,-ասաց Մ. Կամենդատյանն ու ինքն իրեն հակասելով` ավելացրեց:- Մեր գյուղից արտագնա աշխատանքի քիչ են գնացել: Հարեւան համայնքների հետ համեմատած` մեր գյուղում միջին ցուցանիշը պահպանվել է: Երբ կողքից հարցնում են, թե ինչու ձեր գյուղից չեն մեկնել արտագնա աշխատանքի, ասում եմ` հնարավորություն չեն ունեցել, չեն գնացել: Ու, իրոք, դա այդպես է: Եթե մարդը հնարավորություն չունի, գնա ի՞նչ անի: Ավելի լավ է իրա հող ու ջրի վրա ապրի, քան գնա ուրիշ երկրում ավելի վատ ապրի»: Համայնքապետի ասելով` Ներքին Կարմիրաղբյուրում պատերազմական տարիներին ավելի շատ ծնունդ է գրանցվել, քան պատերազմից հետո:

«Եթե 3-4 տարի առաջվա հետ համեմատենք, հիմա ծնունդների թիվն ավելացել է, սակայն մահացությունը միշտ էլ գերազանցել է ծնունդներին: Հիմա տարեկան մոտավորապես ունենում ենք 5-10 ծնունդ եւ 15-20 մահ»,- ավելացրեց համայնքապետը: Մանվել Կամենդատյանի կարծիքին հակադրվում է համագյուղացի Ասլան Ադամյանը: Նրա ասելով` գյուղի երիտասարդությունը «զզվել է իր ապրելակերպից» ու գյուղից հեռանում է:

«Ստեղ ապրելը շատ դժվար ա: Ոչ մի բանով մեզ չեն օգնում: Կառավարությունը մեզ 1991-92 թվականներին է օգնել, դրանից հետո օգնությունը վերացավ: Երիտասարդները թողնում-գնում են գյուղից, բա մնան ի՞նչ անեն»,- ասում է Ասլան պապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter