HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ներսես Երիցյան. «Ցանկացած միջավայրում ես լիդեր եմ եղել, միշտ իմ ետեւից տարել եմ մարդկանց»

«Դեռ մանուկ հասակից ինձ ու եղբորս կոչում էին քանդող բրիգադ: Մեր տանը չի խոչընդոտվել խաղալիք ջարդելը, երեւի այդտեղից է եկել արհեստի նկատմամբ իմ սերը: Երկուսս էլ չար էինք, բայց երեւի եղբայրս ավելի էր բարկացնում ծնողներիս, քան ես»,- պատմում է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ընտանիքում 2 եղբայր են, տարիքային տարբերությունը` 11 ամիս:

«Որպես զույգ ենք մեծացել, իրար շատ նման էինք, երկուսս էլ բավականին չաղ էինք, նույնատիպ հագուստ էինք հագնում` կապված կառուցվածքի հետ: Դպրոցում ես ավելի լավ էի սովորում, քան եղբայրս, բայց մշտապես մրցակցություն կար: Ցանկացած միջավայրում ես լիդեր եմ եղել, միշտ իմ ետեւից տարել եմ մարդկանց»: Նախարարի խոսքերով` իրենց ընտանիքը միջին եկամուտ ունեցող էր, 10 տարեկանից Երիցյան եղբայրները մեքենա են վարել: Ներսես Երիցյանի մայրը հաշվապահ է, հայրը ինժեներական կրթություն ունի, իսկ իր մասնագիտությունը ինքնուրույն է ընտրել: «Մայրս ավելի շատ է երեխաների դաստիարակությամբ զբաղվել, քան հայրս: Հայրս ինձ ոչինչ չի արգելել, միշտ փորձել է բացատրել այս կամ այն բանի լավ եւ վատ կողմերը»: Նախարարի ծնողները եւ եղբայրը ապրում են ԱՄՆ-ում:

Եթե իմ կյանքը նորից ապրեի, ապա ավելի լավ կսովորեի

«Ես շատ ինքնուրույն եմ եղել 20 տարեկանից սկսած, մշտապես շրջագայել եմ եւ իմ վրա տան ազդեցությունը շատ ցածր է եղել: Ամբողջ Միացյալ Նահանգները եւ Կանադան մեքենայով շրջել եմ: Տարբեր երկրներում եմ եղել, երբեմն` առանց փողի, երբեմն` առանց վիզայի: Եթե իմ կյանքը նորից ապրեի, ապա ավելի լավ կսովորեի, եթե կարողանայի ավելի համակարգված սովորել, ավելի շատ բան կիմանայի»,- ասում է 38-ամյա նախարարը: 1988-1993 թթ. սովորել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ժողովրդական տնտեսության պլանավորման ֆակուլտետում` մակրոտնտեսագետ մասնագիտությամբ: 1993-1995 թթ. Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի մակրոտնտեսության ամբիոնի ասպիրանտ էր: 1993-1994 թթ. աշխատել է ՀՀ գերագույն խորհրդի Սոցիալական եւ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում` որպես գլխավոր փորձագետ, 1994-1995 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի օգնական, 1995-1996 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ, 1996-2001 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2001-2003 թթ. Միջազգային արժութային հիմնադրամի հոլանդական խումբը, ներառյալ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի խորհրդական էր, այնուհետեւ` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական եւ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 2007 թ. հունիսից ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար էր, իսկ 2008 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: Ներսես Երիցյանը իդեալներ չունի, ասում է` երբեւէ չի մտածել այդ մասին. «Ես ոչ մեկին կուռք չեմ դարձրել եւ չեմ ել ուզում ինչ-որ մեկը ինձ կուռք դարձնի»: Նախարարին բարկացնում են մեծամտությունը եւ անպատասխանատվությունը. «Ես ուրախ եմ, կենսախինդ, երբեք չեմ հիասթափվում, լավատես եմ, նպատակասլաց, աշխատասեր: Պետք է ճկուն լինես, որ կարողանաս ցանկացած իրավիճակից դուրս գալ: Կարեւոր է նաեւ, որ մարդ հավատա իր ասածին եւ անկաշառ լինի: Հաջողություններին հասնելու համար անհրաժեշտ են մեծ նպատակներ, հաստատակամություն»: Իսկ նպատակին հասնելու համար Ներսես Երիցյանը կկիրառի բոլոր ընդունելի միջոցները, նախարարի համար ընդունելի է այն, ինչը «զոռբայություն» չէ: Իր հասցեին հնչող քննադատությանը Ներսես Երիցյանը հանգիստ է վերաբերվում, իսկ իր անձի շուրջ հյուսվող առասպելների նկատմամբ անտարբեր է: Իր առավելությունը նա համարւմ է այն, որ մշտապես փորձում է չբավարարվել եղածով, հասնել ավելիին: Իսկ թերություն համարում է իր անհամբեր լինելը: «Եթե կատարելության չեմ հասնում, ես բավարարված չեմ լինում: Երբ ինչ-որ որոշում եմ կայացնում, շրջապատին կարող է թվալ, թե իրեն հաշվի չեմ առնում: Իմ ամենախոցելի կողմը գիտելիքներս են, վախենում եմ`չհերիքեն: Ինքնավստահության հաշվին եմ նախարար դարձել, շատ գիտելիք որ ունենաս, ինքնավստահ չես լինի», -ասում է նախարարը:

Նախարար նշանակվելը անակնկալ էր ինձ համար

Էկոնոմիկայի նախարարը առավոտյան արթնանում է ժամը 6:00-ից-7:00-ը, գալիս է աշխատանքի, թերթեր շատ քիչ է կարդում, պլանավորում է աշխատանքային օրը, հաղորդակցվում աշխատակիցների հետ, խնդիրները ձեւակերպում, հանդիպումներ, քննարկումներ մինչեւ 22:00-23:00: «Եվ դպրոցում, եւ համալսարանում մշտապես եղել են մարդիկ, ովքեր ինձ նկատել են, օգնել են, ուսանող ժամանակ աշխատում էի խորհրդարանում եւ այնտեղ ինձ ընկերս` Մարատ Մանուկյանը օգնեց»,- ասում է Ն. Երիցյանը: Նրա համար պաշտոնը գաղափարներն իրականացնելու միջոց է: «Եթե տեսնեմ, որ չեմ կարողանում գաղափարներս իրագործել, կհեռանամ պաշտոնից իմ կամքով: Այն, ինչով ես զբաղվել եմ, ինձ հոգեհարազատ է եղել, եւ միշտ ես ինչ-որ բան ստեղծել եմ, առաջնորդել եմ: Ինչ-որ մեկը չպիտի գնահատի քեզ, դու քո կատարած աշխատանքից պետք է գոհ լինես: Ես չեմ ձգտել, որ ինձ գնահատեն»,- ասում է նախարարը: Մինչեւ վերջերս Ն. Երիցյանն անկուսակցական էր, այսօր նա ՀՀԿ անդամ է: «Ես կարծում եմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական է: Ես Հանրապետական կուսակցության թիմն եմ ներկայացնում, իրենց բոլոր հավաքներին մասնակցում եմ, ազգային գաղափարախոսությունը ինձ հոգեհարազատ է, բայց դա, իմ պատկերացմամբ, պետք է լինի ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական»,- ասում է հարցազրույցի ժամանակ դեռեւս անկուսակցական նախարարը: Նախարարի կյանքում զավեշտալի դեպքեր շատ են եղել, բայց նա չի սիրում այդ մասին պատմել. «Անակնկալներ էլ են եղել, օրինակ` նախարար նշանակվելն անակնկալ էր ինձ համար»: Ներսես Երիցյանը ընկերներ ընտրելիս կուսակցական պատկանելությունը հաշվի չի առնում, ունի մանկության, աշխատանքային ընկերներ, մասնավորապես` Կենտրոնական բանկից:

Գործը շատ է, չես կարողանում ընտանիքին ուշադրություն դարձնել

Ներսես Երիցյանն ամուսնացած է, ունի 2 երեխա: Նրա կինը 18 տարեկան էր, սովորում էր Բժշկական համալսարանում, երբ հանդիպեցին: Ընկերը նրանց ծանոթացրեց, նամակներ, սերենադներ չեն եղել. «Կնոջս շատ եմ սիրում, սիրում եմ նրա նվիրվածությունը, ինքնավստահությունը»: 14_12-n_yeritsyan-1 Նախարարի կինը չի աշխատում, երեխաներին է մեծացնում, իսկ Ներսես Երիցյանը երեխաների դաստիարակությամբ չի զբաղվում. «Կարող է մաթեմատիկայի խնդիրները գրեմ, մենակ ռուսերենի հարցով չեմ կարողանում օգնել: Երեխաներս ինձանից լավ են սովորում, բայց ժամանակ առ ժամանակ բարկանում եմ իրենց վրա»: Ընտանիքի անդամները դժգոհ են, որ քիչ ժամանակ է իրենց հատկացնում. «Գործը շատ է, չես կարողանում ընտանիքին ուշադրություն դարձնել»,- բացատրում է նախարարը: Ինչ վերաբերում է երեխաների մասնագիտության ընտրությանը, ապա նախարարը չի պատրաստվոմ նրանց ասել, թե ինչ մասնագետ դառնան. «Ինտերնետում երեխաների հետ նայեցինք, թե որոնք են աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող մասնագիտությունները. բժիշկներ, ինժեներներ, օդաչուներ: Ես չեմ ասելու, թե երեխաներս ինչ մասնագետ դառնան, թող իրենք ընտրեն»:

Ես ԱՄՆ-ում եմ ամենաճոխ խաղատները գնացել

Ինչ վերաբերում է հանգիստը կազմակերպելուն, ապա նա գերադասում է ավելի ակտիվ հանգիստ, օրինակ` այս ամառ ընտանիքի հետ շրջագայել է Հայաստանում: Ժամանցը եւս կազմակերպում է ընտանիքի եւ ընկերների հետ` այցելություն տներ, ճաշկերույթներ, հավաքներ քաղաքից դուրս: Երիտասարդ տարիներին Ն. Երիցյանը գիշերային ակումբներ գնում էր, բայց այժմ նման աղմկոտ վայրերը նրան չեն հրապուրում: «Ես ԱՄՆ-ում եմ ամենաճոխ խաղատները գնացել, բայց շատ քիչ եմ խաղացել, միշտ պարտվել եմ, ավելի շատ օգտվել եմ այդտեղի շոուներից: Ժամանակին Խանջյանի օղակաձեւ այգին էի շատ սիրում` մինչեւ այդ սրճարանների առաջանալը, մեր գյուղն եմ շատ սիրում` Ակնաշենը»,- ասում է նախարարը: Ն. Երիցյանը չի երգում, շատ հազվադեպ է պարում, խոհանոցում ինչ-որ բաներ գիտի պատրաստել, բայց չի պատրաստում: Նախարարը չի ծխում, առիթից առիթ է խմում, շատ է սիրում խմորեղեն եւ մրգեր:

Նախարարը նաեւ փականագործ է

Նախարարը առանձնահատուկ սեր ունի արհեստների նկատմամբ, նա փականագործ է, ուսանողության տարիներին աշխատել է այդ մասնագիտությամբ, ասում է` տանը շատ գործեր անում է, եթե ժամանակ է ունենում: Գյուղատնտեսական աշխատանքներ էլ է կարողանում կատարել: Ինչ վերաբերում է մյուս հոբբիներին, ապա գեղարվեստական գրքեր շատ քիչ է կարդացել, ընթերցած վերջին գիրքը չի հիշում: Նախընտրում է դասական երաժշտությունը, թեեւ շատ քիչ է լսում: Այսօր առողջ ապրելակերպ չի վարում, բայց ժամանակին պրոֆեսիոնալ ֆուտբոլով էր զբաղվում: Կինո եւ թատրոն նույնպես սիրում է, միայն թե չի կարողանում ֆիլմերի եւ ներկայացումների անվանումները հիշել: Նախարարն ինքն է ընտրում հագուստը եւ աքսեսուարները, նախընտրում է դրանք գնել արտերկրում. «Այստեղ գները շատ բարձր են, տեսականին էլ` քիչ: Նախընտրում եմ ամերիկյան բրենդները: Եթե ինչ-որ բան լինի որակով, բայց թանկ, անպայման կգնեմ»:

Ես իմ խնայողություններն եմ ծախսում

Ն. Երիցյանին աշխատավարձը չի բավականացնում. «Ես իմ խնայողություններն եմ ծախսում: Իմ ամբողջ կյանքում ես բարձր աշխատավարձով եմ աշխատել, իսկ ԱՄՆ-ում` շատ բարձր: Ֆինանսատնտեսական ճգնաժամը իմ ընտանիքի վրա չազդեց»: Էկոնոմիկայի նախարարը մինչեւ պաշտոնը որեւէ բիզնես չուներ, իր խոսքերով` հիմա էլ չունի, բայց չժխտեց պաշտոնը թողնելուց հետո որեւէ բիզնեսով զբաղվելու հավանականությունը: Ն. Երիցյանը շատ երազանքներ ունի, բայց ոչ Ջինին է հավատում, ոչ էլ` Ձմեռ Պապին. «Ես ինքս ինձ եմ հավատում: Ես երազում եմ, որ հաճույքով ապրեմ իմ հայրենիքում: Ուզում եմ միջավայրս իմ պատկերացումներին համապատասխան տեսնել: Մարդկանց հանգստությունը, կազմակերպվածությունը, վստահությունը իրենց ուժերին. դա կցանկանայի տեսնել մեր երկրում: Ես ինքս ինձ ավելի հարմար եմ զգում ԱՄՆ-ում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter