HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմազավակ ընտանիքներն ամենաանապահով խավն են

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում բազմազավակ ընտանիքները շատ չեն: Ալավերդու սոցիալական «Փարոս» ծառայության 2008 թ. տվյալներով` 6 եւ ավելի երեխաներ ունեցող 7 ընտանիք կա: Սակայն, բազմազավակ ընտանիքների սոցիալական հիմնախնդիրները անուշադրության են մատնված:

Նրանց նկատմամբ պետական ուշադրությունը գործնականում սահմանափակվում է 45-49 հազար դրամ սոցիալական նպաստով, որը, բնականաբար, 6-7 երեխա ունեցող ընտանիքներին չի բավարարում նույնիսկ սննդի համար: Գրեթե բոլոր համայնքների բյուջեներում ամեն տարի սոցիալապես անապահով բնակչության համար սոցօգնության գումարներ են սահմանում, որից, սակայն, բազմազավակ ընտանիքները չեն օգտվում: Օձուն համայնքի բյուջեով 2009 թ. պլանավորված 125, 4մլն եկամուտներից մոտ 6 մլն նախատեսվել է գյուղի սոցիալապես անապահով բնակչությանը օգնելու համար, դրանից արդեն ծախսվել է 4,6 մլն դրամ: Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ասաց, որ կոնկրետ թիվը չի կարող ասել, բայց հաստատ գիտի, որ բազմազավակ ընտանիքների թիվը գյուղում շատ քիչ է: Ու թեեւ նրանք քիչ են, սակայն այդ քչերն էլ մինչեւ օրս չեն օգտվել համայնքապետի սահմանած սոցօգնությունից: «Այդպես չի լինում, որ սոցիալապես անապահով որեւէ օձունցի մեզ դիմում գրի ֆինանսական օգնության համար եւ մենք չօգնենք»,- ասաց Արսեն Տիտանյանը: Օձունցի Սայադ եւ Հայկանուշ Դեմուրխանյանների համար սոցիալական պայմանները վճռորոշ նշանակություն չեն ունեցել շատ երեխաներ ունենալուհարցում: Նրանք ունեն 7 երեխա, 8-րդը կծնվի 2010 թ. փետրվարին:

 Ընկերներից մեկը կատակով ասաց, որ Սայադը որոշել է իր երեխաների թիվը հասցնել 12-ի: Սայադի կինը` Հայկանուշ Դեմուրխանյանը, չի աշխատում: Բազմազավակ ընտանիքի միակ կերակրողը Սայադն է, որն աշխատում է գյուղի ծայրամասում գտնվող, օձունցի գործարար Լորիս Աղվանյանի ալրաղացում: Աշխատանքը սեզոնային է, աշխատավարձը` գործարքային` մինչեւ 35 հազար դրամ: Սայադն ասաց, որ Լորիս Աղվանյանը, աշխատավարձից բացի, հաճախ նյութապես օգնում է իր ընտանիքին: Լ. Աղվանյանի աջակցությամբ Սայադը վերանորոգել էր իր անբարեկարգ սենյակներից մեկը: Սայադի 9 անձից կազմված ընտանիքի հիմնական եկամուտը 49 հազար դրամ սոցիալական նպաստ են: Ընտանեկան եկամուտը տարվա ամռան եւ աշնան ամիսներին հասնում է 80 հազար դրամի: Երեխաներից մեկը՝ Աննան, ստանում է հաշմանդամության կենսաթոշակ` 11 հազար դրամ: Բազմանդամ ընտանիքը երկաթե 3 մահճակալ, մի կիսաջարդ փայտե թախտ եւ երկու փայտե ինքնաշեն աթոռ ունի: Թե ինչպես են Դեմուրխանյանները գիշերը տեղավորվում այդ անհրապույր մահճակալներին, նրանց ընտանեկան գաղտնիքն է: Սայադը միայն պատմեց, որ կիսաջարդ փայտե թախտին քնում է իր զինակոչիկ տղան` Վարդանը, որը հաճախ բողոքում է, թե բանակում էլ է չոր տախտակի վրա քնելու, տա՞նն էլ: Սայադը պատմեց նաեւ, որ Վարդանին բժշկական ստուգման համար Թումանյանի զինկոմիսարիատը արդեն 3-րդ անգամ է ուղարկել Երեւանի հանրապետական հիվանդանոց: «Ամեն ուղարկելիս երկու հազար դրամ են տալիս ու ուղարկում, որը զինակոչիկի միայն Երեւան հասնելու ճանապարհի փողն է: Բա էնտեղ հիվանդանոցում մի քանի օր մնալ, ուտել կա, Երեւանից վերադառնալ կա, դրանց ծախսը ամեն անգամ, չեղած տեղից, ես եմ հոգում»,- ասաց Սայադը: Հայկանուշն էլ պատմեց, որ մեծ աղջիկը` Հեղինեն, ամուսնացել է հույն տղայի հետ, մեկ աղջիկ երեխա ունի, իրենք գոհ են Հեղինեի ամուսնությունից: Ինչպես պատմեց Սայադը, ընտանիքը ծանր փորձություն է ունեցել` կապված աղջիկներից մեկի` Աննայի առողջության հետ: Աննան բնածին արատով է ծնվել: «Աննաս մի տարվա մեջ 4 անգամ վիրահատվել է, առաջին երկու վիրահատությունները վճարովի են եղել, վերջին երկուսը` անվճար: Հիվանդության պատճառով 2-րդ դասարանից ետ է ընկել դասերից, այժմ էլ դպրոց չի գնում, քանի որ հարգելի պատճառով չի կարող նստել իր դասընկերների կողքին: Աննայի վճարովի վիրահատություններին աջակցել է Լորիս Աղվանյանը»,- պատմեց Սայադը: Աննան 2-րդ դասարանից դպրոց չի գնացել: «Տառերը գիտեմ, քույրիկներիս դասագրքերը կարդում եմ: Հիմա պետք է 8-րդ դասարանում սովորեի»,- միջամտեց Աննան: Սայադը պատմեց, որ 2 տարեկան Արմանի ձեռքերից մեկի բութ մատից ի ծնե մսագունդ է կախված. «Հեռացնելու անհրաժեշտություն կա, սակայն միջոցներս չի ներում, որ երեխային տանենք վիրահատության»,- ասաց Սայադը: Ընտանիքի համար ձմեռը նոր հոգսեր է բերում: Տունը տաքացնում են փայտով, չնայած գյուղը գազիֆիկացված է: «Մեկ խմ փայտի արժեքը 12 հազար դրամ է, 7-8 խմ փայտ է հարկավոր, միանգամից չեմ կարող այդքան փայտ առնել, մի կերպ եմ անելու: Իմ աշխատավարձից Լորիսը կանխավճար կտա յուրաքանչյուր ամիս մեկ մետր փայտ առնելու համար, թե չէ երեխաները կցրտահարվեն,- բացատրեց նա ու համայնքապետից աջակցություն խնդրելու մասին մեր հարցին պատասխանեց,- գյուղապետը գիտի իմ վիճակը, բայց ոչ մի բանով չի օգնում»: «Սայադ Դեմուրխանյանը սոցիալական աջակցության հարցով մեզ չի դիմել, պետք է դիմեն, որ իմանանք, թե ինչ աջակցության կարիք են զգում»,- ասաց համայնքապետը: Նա խոստացավ Սայադ Դեմուրխանյանի բազմանդամ ընտանիքին ձմռանը օգնել վառելափայտով. «Ասեք, թող դիմում բերի գյուղապետարան, փողը կտանք, թող գնա փայտ առնի»: Բազմանդամ ընտանիքը սեփականաշնորհված 1 հա հող ունի. «Խոպան է դառնում, վարելու հնար չունեմ, երեխեքի դասագրքերի փողն էլ նպաստով ենք փակում: Էս պահի դրությամբ մթերային խանութներին 300 հազար դրամ պարտք եմ` երեխեքի սննդի ու հագուստի փողն է: Ոչ մի բան չունենք, մի երկու հատ հավ ունենք: Անասուն ունեինք` կով, մոզի: Աննային բուժման տանելու ժամանակ ամեն ինչ մորթել եմ, ծախել: Տարումը մի անգամ ենք միս ուտում, էրեկ մի հատ որձակ ենք մորթել, ես կարա՞մ էսքան քուլփաթի մեջ րեխանցը ամեն օր միս ուտացնեմ»,- նեղսրտած ասաց Սայադը: «Էս վիճակում ապրողներ Օձունում շատ կան, թեեւ Սայադի ընտանիքի նման բազմանդամ չեն: Օձունում մարդիկ բռով են պեսոկ առնում»,- ասաց օձունցի գործարար Լորիս Աղվանյանը: Հրաժեշտից առաջ Սայադ Դեմուրխանյանն ասաց. «Մի օր կյանքը կփոխվի, երեխաները կմեծանան, ամենքը մի տեղ կտեղավորվեն»: Նա հույս ունի, որ իր բազմանդամ ընտանիքը մի օր կապրի անհոգ ու երեւելի կյանքով` դժվարությունները թողնելով անցյալում:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Սայադ Դեմուրխանյանը զանգեց եւ շնորհակալություն հայտնելով տեղեկացրեց, որ համայնքապետը 60 հազար դրամ է հատկացրել ձմեռվա փայտ ձեռք բերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter