2010թ.-ից խորհրդային տարիներին հանքերում կորցրած առողջության վնասի փոխհատուցումը պետությունը կվերցնի իր վրա
Հարցազրույց սոցիալական ապահովության ծառայության Թումանյանի տարածքային բաժնի պետ Անդրանիկ Մելիքսեթյանի հետ
Որքա՞ն է Ձեր ծառայության շահառուների թիվը եւ կենսաթոշակային բյուջեն:
Մենք վճարում ենք 220-225 մլն դրամի կենսաթոշակ:
Թումանյանի տարածաշրջանի բոլոր համայնքներում եւ Ալավերդի քաղաքում միասին 9450 կենսաթոշակառուներ են գրանցված, 2200 հաշմանդամներ ունենք, որոնց մեջ մտնում են եւ մանկուց հաշմանդամներ, աշխատանքի խեղում ստացած եւ աշխատանքային 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամներ: Կենսաթոշակային վճարումն իրականացվում է փոստային ծառայության միջոցով, մեր ծառայությունը «Հայփոստի» հետ ունի պայմանագիր, որի հիման վրա նրանք, այսպես կոչված, վճարովի ծառայություն են մատուցում եւ կենսաթոշակները վճարում են հաշմանդամներին: Առաքվում են ուղիղ իրենց տները:
Թոշակառունե՞րն են վճարում այդ ծառայության համար:
Թոշակառուի ցանկությամբ, տվյալ բաժանմունքում աշխատում են նամակատարներ, նամակատարները գումարը վերցնում են եւ տանում են բնակարանի դուռը թակում են, թոշակը վճարում են, ասենք, անկողնային հաշմանդամին, որն ի վիճակի չէ գնալ թոշակ ստանալու: Մեկ էլ անգործունակ կամ հոգեկան հիվանդների համար հոգաբարձուների եւ խնամակալության հանձնաժողովի կողմից նշանակվում է խնամակալ, եւ կենսաթոշակը մենք վճարում ենք խնամակալին:
Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի 50-ից ավելի աշխատողներ, որոնց առողջությունը վնասվել է կոմբինատում, իրենց առողջության վնասի փոխհատուցման վճարները շուրջ մեկ տարի է չեն ստանում «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ից: Մեր հարցմանը ընկերության տնօրեն Աղվան Հովհաննիսյանը պատասխանեց, որ «Մանեսը» պետք է գույք օտարի, որպեսզի կարողանա վճարել: Հնարավոր չէ՞ այդ վճարներն իրականացնել Ձեր ծառայության միջոցով:
Տեղյակ եմ: Ասեմ, որ նույն վիճակում են հայտնվել Ախթալայի հանքերի խորհրդային տարիների շուրջ 40 բանվորներ, որոնց «Մեթըլ Փրինս» կորպորացիան առ այսօր նույնպես հրաժարվում է վճարել հանքերում վնասված առողջության փոխհատուցման գումարները: Եթե չեմ սխալվում, այդ մարդիկ նույնիսկ դատարան էին դիմել, որի ընթացքին տեղյակ չեմ: Որքան գիտեմ, «Մեթըլ Փրինս»-ը իրեն խորհրդային տարիներին հանքերը տնօրինող ձեռնարկության իրավահաջորդ չի դիտում, այդ պատճառով էլ հրաժարվում է կատարել այդ մարդկանց առողջության վնասի փոխհատուցումը:
Չեք գտնու՞մ, որ այդ մարդկանց կորցրած առողջության վնասի փոխհատուցման խնդիրը պետությունը պետք է վերցնի իր վրա:
Մինչեւ 2004-ը, եթե չեմ սխալվում` օգոստոս ամիսը, բոլոր լուծարվող հիմնարկների փոխարեն Սոցապը այդ կարգի ծախսերը վերցնում էր իր վրա եւ շարունակում վճարել: 2004-ից հետո օրենքը փոխվեց, հիմա լուծարվում է, թե չի լուծարվում, 2004 թ.-ից հետո Սոցապն այդ վճարների հետ գործ չունի: Վերջերս ստացել ենք շրջաբերական ՀՀ կառավարության 2009թ.-ի հուլիսի 23-ի թիվ 914 որոշման մասին, որը սահմանում է պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում` կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի համար համապատասխան վճարների կապիտալացման եւ դրանք տուժողին վճարելու կարգը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ.-ից: Ըստ օրենքով սահմանված կարգի` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի գումարները հաշվարկվելու են մինչեւ անձի 70 տարեկան դառնալը, առնվազն 10 տարվա համար: Հաշվարկված գումարը քաղաքացուն կառաջարկվի պարբերական վճարումների տեսքով կամ միանվագ` կախված քաղաքացու ցանկությունից: Որոշումն իրականացնելու է մեր ծառայությունը:
Ձեր մատնանշած օրենքը կվերաբերվի նաեւ Ալավերդու վերը նշված 50-ից ավելի մետալուրգների՞ն: Կարծում եմ` այո: Ձեր ծառայությանը մեր տարածաշրջանի քաղաքացիներից կամավոր կենսաթոշակային վճարներ փոխանցվու՞մ են:
Իմ աշխատած տարիներին մեկ քաղաքացի է այդպիսի դիմում ներկայացրել, տեղացի, բայց ապրում է Հունաստանում, դիմել է, որ անհատական հաշիվ բացի եւ Հունաստանից ամեն ամիս գումար փոխանցի: Անհատական այս հաշվառումը ձեւավորման փուլում է եւ դեռեւս այս պահին փոխանցումներ նրա կողմից չեն կատարվում: Երբ օրենքը գործի, մենք քաղաքացու փոխանցումները կընդունենք:
Լինում է, երբ Ձեր ծառայության կողմից նշանակված կենսաթոշակի չափը գանգատարկվում է թոշակառուի կողմից: 2009 թ.-ին քանի՞ նման բողոք է եղել:
Կարող է լինել այնպիսի դեպք, երբ թոշակի նշանակման արդարության սկզբունքը խախտված լինի: Սակայն, նմանատիպ գրավոր դիմում ոչ մի հատ չենք ստացել: Բանավոր ունեցել ենք բողոք, որ մեր ծառայության աշխատողի վրիպման հետեւանքով, իրոք, թոշակը ճիշտ չի նշանակվել: Դա մենք անմիջապես լուծել ենք` թոշակը նշանակվելուց 3 ամսվա ընթացքում:
Չեք կարծու՞մ, որ Ձեր ծառայությունում անհրաժեշտ է ստեղծել մի բաժին, որը կզբաղվի կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանության հարցերով:
Սոցիալական հիմնադրամում ունենք թեժ գիծ, անվճար, արդեն երեւի 5-րդ տարին: Թեժ գծի հեռախոսահամարն է` 080 080 343 կամ 353: Թոշակառուները այդ թեժ գծից տեղյակ չեն, այլապես իրենց խնդիրների մասին կդիմեին այնտեղ: Ալավերդու բնակիչ, միայնակ կենսաթոշակառու Ռոմիկ Խաչիկյանը դիմել է «Հետք»-ին` պարզելու Վրաստանի Ախալցխա քաղաքում իր երիտասարդ տարիներին աշխատած 2 տարվա աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրը: «Սոցապը հաշվի չի առնում այդ ստաժս, ասում են` գնա Ախալցխայից պեչատած ստաժդ բեր: Գնալ-գալը հեշտ ա՞: Բայց որ իրանք օգնեն, ստաժս ուղարկեն, թոշակս մի 3 հազար դրամ կավելանա»,- իր դիմումում հայտնել է կենսաթոշակառուն: Նման դեպքում գործող օրենքը ի՞նչ է նախատեսում, ի՞նչ պետք է արվի թոշակառուի խնդիրը լուծելու համար: Ախալցխան Վրաստանի Հանրապետության շրջան է: Խաչիկյանի պարագայում խանգարող հանգամանքն այն է, որ նա աշխատել է հանրապետությունում, որը հիմա չի ներառված ԱՊՀ երկրների համաձայնագրի մեջ: ԱՊՀ երկրներում գոյություն ունի կենսաթոշակի համաձայնագիր, այսինքն` քաղաքացին կարող է ՀՀ-ում աշխատել եւ ստաժը ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինայում աշխատել եւ այնտեղից ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն եւ այլն: Վրաստանը չկա այդ պայմանագրի մեջ: Իսկ Խաչիկյանի աշխատանքային գրքույկում իր ասած ստաժը գրանցված է առանց կնիքի, որը իրավական ուժ չունի: Մենք բազմաթիվ այդ կարգի պահանջով գրություններ ենք ուղարկել Վրաստանի Հանրապետության Մառնեուլի եւ այլ շրջաններ, որոնց պատասխանները չենք ստանում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել