Ախուրյանում 182 անօթեւան սպասում է բնակարանի
«Տատին մի քանի տարի առաջ ինֆարկտը զարկեց, ինձ էլ անցյալ տարի համ ինֆարկտը զարկեց, համ` ինսուլտը, ձեռիս մեջ էլ ուժ չի մնացել, էս տարի հնար չեղավ, որ նորմալ ցախ-մախ հավաքեմ, թե էս դոմիկի մեջ ի՞նչխ պիտի յոլա էրթանք` չիդեմ, հըլը լավ է, որ եղանակները շատ չեն ցրտել,-21-ամյա տնակային ապրելակերպի բոլոր «հրաշքները» համառոտ այսպես է ներկայացնում Ախուրյանի բնակիչ 78-ամյա Սերոժ պապը:
Ղազարյան ամուսինները երկրաշարժից առաջ էլ էին բնակվել Ախուրյանում: Շենքը փլվել էր, երկու աղջիկներին փլատակների տակից էին հանել ու փառք տվել Աստծուն, որ դուստրերը ողջ են մնացել: Զոհ չեն ունեցել, բայց արդեն 21 տարի է իրենք են վերածվել «դոմիկի զոհերի»: Ախուրյան շրջկենտրոնում երկրաշարժից հետո 50 տնից բաղկացած մի թաղամաս հանձնվեց, որտեղ տանտեր դարձան աղետին զոհ գնացածների ընտանիքները: Ղազարյաններն այդ ծրագրից չօգտվեցին:

Նոր Ախուրյան կոչվող բնակավայրում եւս Ղազարյանները չուզեցին բնակարան ստանալ: Տնակը դրել էին ավերված շենքի տեղում եւ հույս ունեին, որ մի օր էլ շրջկենտրոնում շինարարություն կսկսվի, իրենք էլ բնակարանամուտ կտոնեն: Բնակարանների գնման ծրագրից էլ չեն օգտվել: Տված գումարի վրա իրենք պիտի ավելացնեին, որ կարողանային տուն առնել, իսկ հավելյալ գումար Ղազարյանները չունեին: Ախուրյանում 182 անօթեւան սպասում է բնակարանի: «Ես քանի անգամ մեր գյուղապետի մոտ եղել եմ, ըսել է` Սերոժ պապ, չմտածես, երբ ստեղ տուն սարքին, առաջնահերթ դուք կստանաք,-պատմում է Սերոժ պապը,- հիմի իմացել ենք, որ մյուս տարի Ախուրյանի մեջ քոթեջներ պիտի սարքեն, դե մենք էլ ժաժքին 3 սենյակ ենք կորցրել, էդքան էլ կուտան, էլի, բալա ջան, հույս ունինք: Թե չէ` էս 20 տարվա մեջ սաղ փտել է: Գետնի վրա դրինք դոմիկները, ըսին` ժամանակավոր է, գիտեինք, թե 2 տարի հետո տուն կուտան, լավ, գոնե 5 տարի հետո, բայց արդեն 20 տարի է անցել: Հըմի էլ կըսեն, թե 2010-ի ապրիլին նոր շինարարություն կսկսվի: Է~, կմնա, որ ապրինք մինչեւ էդ օրը»:
«Տուն չունենալու պատճառով է, որ տղես հարի հըմի անկնիկ է,- բողոքում է Սերոժ պապի կինը՝ 75-ամյա Վիկտորյա տատը,- կըսեմ` բալա ջան, եղել ես 42 տարեկան, ինչքա՞ն պիտի մնաս անպսակ, կըսե` մինչեւ տուն տան, մամ ջան, ես ու՞մ աղջկան բերեմ էս «դոմիկների» մեջը հարս, կամ թե` հըմի ո՞ր մե աղջիկը կհամաձայնվի, որ ըստեղ գա ապրի»: Ղազարյանների տնակը գազիֆիկացված չէ: Ամռանը փայտի վառարանը դրսում են դնում, ցախ, հին կոշիկ են վառում, որ կերակուր եփեն: Աշնան ցրտերն ընկնելուն պես վառարանը տեղափոխում են տնակ: Աշնան արեւ օրերին ծերունի ամուսիններն ավելի շատ դրսում են նստում, ասում են` ավելի տաք է, քան ներսում: Ջրով լցված պլաստիկե շշերն արեւ օրերին դնում են դրսում, որ օգտագործելու համար տաք ջուր ունենան, այդպիսով մի քիչ էլ էլեկտրաէներգիա են խնայում, մյուս կողմից էլ` ավել փայտ չեն վառի: Սերոժ պապն ու Վիկտորյա տատը միասին 55 հազար դրամ կենսաթոշակ են ստանում: 2008 թ. փետրվարից դուրս են մնացել նպաստի «Փարոս» համակարգից, որովհետեւ թոշակն էր ավելացել, թեպետ մշտապես ստացել են նպաստառուին տրվող բազային գումարը:
«Թոշակը կստանանք, 25 կգ-ոց մե մեշոկըմ ալյուր կառնինք, հաց կեփենք-կուտենք, էս է մեր ապրուստը: Մե 10 հատ էլ հավ կպահեմ, աղջիկ ջան, հացի վրա պանիր չենք ունենա դնելու, գոնե հավկիթ ուտենք,- ժպտալով ասում է Վիկտորյա տատը,- փողի մե մասն էլ դեղերին կերթա: Չամուսնացած աղջիկս էլ մեզի հետ կապրի: 4 հոգի ենք ու էդ թոշակը: Մենք ի՞նչխ պիտի կրնայինք տուն առնել կամ սարքել, թե որ պետությունը չօգնե»: Սերոժ պապը շատ է նեղվում, որ հիվանդության պատճառով չի կարողանում օգնել ընտանիքին:
«Ես ձեռքս տնկած ուզելու սովոր չեմ, սաղ կյանքս աշխատել եմ, ջեբս միշտ փող է եղել,- ասում է Սերոժ պապը,- մե երկու անգամ դիմել եմ գյուղապետին, 10 հազար դրամով օգնել է, Վիկտորի համար դեղ եմ առել, շատ շնորհակալ եմ, անցած տարվա աղբի վարձն էլ է ինքը փակել, մենք իրանից դժգոհ չենք, մենակ թե էս ապրելակերպն է արդեն անտանելի»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել