«Կարող ա մե բարերար կարդա ու մեզի օգնե»
Արեգնադեմում աղքատ ընտանիքները քիչ չեն, սակայն համայնքապետ Աղունիկ Հազրյանը որոշեց մեզ ուղեկցել Տոնականյանների բնակարան: «Մեր գյուղում հարուստ ապրողներ չկան, բայց մի երեք ընտանիք ունենք, որ, իրոք, շատ աղքատ են ու ոչ մի կերպ չեն կարողանում իրենց վիճակը բարելավել,- ասաց Արեգնադեմի համայնքապետը:
- Դե, կին ղեկավարի համար նման ընտանիքների առկայությունն ավելի մեծ հոգս է. ես ավելի շատ եմ մտնում իրենց դրության մեջ, շատ եմ ուզում ինչ-որ ձեւով օգնել ու երբ չի ստացվում ինչ-որ բան անել, ավելի ծանր եմ տանում»:

Տոնականյան ընտանիքի հայրը` Աշոտը, տանը չէր: Կինն ասաց, որ դաշտ է գնացել. բակը մաքրելու համար ավել է պետք, գնացել է ցախ հավաքելու: Երկուսն էլ` եւ Գայանեն, եւ Աշոտը, երկրորդ անգամ են ամուսնացել: Աշոտի առաջին կինը մահացել է` ամուսնու խնամքին թողնելով երեք զավակներին: Հարս գալով Տոնականյանների օջախ` Գայանեն սիրով մեծացրել է երեքին էլ, ինքն էլ ունեցել է երկու արու զավակ:
«Աղջկաս արդեն ամուսնացրել ենք,- ժպտալով պատմում է Գայանեն,- ամուսնուս առաջին կնոջից է, բայց ինձ համար տարբերություն չկա, ես եմ մեծացրել, հիմի 6 հոգով ապրում ենք էս երկու քյորփեքիս նպաստի փողով: 25 հազար դրամ են տալիս, ուրիշ եկամուտ էս տուն չի մտնում»: Գայանեի 2 փոքրիկներն էլ հիվանդ են: Արմանը 6 տարեկան է, այս տարի դպրոց են ուղարկել: Երեխան անընդհատ բողոքում է գլխացավից: «Հենց կզգա, որ վատ է, կուգա կպառկի, կհարցնեմ` Արման ջան, ի՞նչ է եղել, կըսե` գլուխս կցավա, հետո շատ վատ կտեսնի, իրանից մե մետրի վրա եղած առարկաները լավ չի տարբերե,- տխուր պատմում է Գայանեն:- Գյումրի ստուգման մե անգամ տարել եմ, Ղուկասյանի հիվանդանոց էլ եմ տարել, բայց կըսեն` պիտի Երեւան տանես, ընտեղ լավ մասնագետներ կան, իրանք ավելի լավ կհասկընան` ինչն ինչոց է»:
Գայանեն բացատրում է, որ 25 հազարով ու ամուսնու պատահական աշխատած գումարներով իրենք հազիվ կարողանում են սննդի հարցը լուծել: Ամուսինն ու 17-ամյա տղան` Հովհաննեսը, որն առաջին կնոջից է, գյուղում սրա-նրա գոմն են մաքրում, սեզոնին կարտոֆիլ են հավաքում: Եթե գյուղում որեւէ ծրագիր է իրականացվում, ապա տիկին Հազրյանն անպայման ընդգրկում է Աշոտին ու տղաներին, որ գոնե ինչ-որ գումար վաստակեն:
«Ես զգում եմ, որ փոքրս էլ աչքերի պրոբլեմ ունի,- ասում է Գայանեն,- Նարեկս 2 տարեկան է, բայց ախպոր նման աչքի տակով կնայե, այսինքն` նույն ձեւի, ինչխոր Արմանս: Հնար չկա հեչ մե ձեւի, 25 հազարով մենք ապրի՞նք, թե՞ երեխեքիս գոնե մե անգամ Երեւան տանինք, հեչ չիդեմ, թե ինչ պիտի էնենք: Չորս դաս հետո Արմանս պիտի տառերն անցնի, դասատուն զգուշացրել է, որ երեխեն շուտ կհոգնի, չի կենտրոնանա, բայց դե մենք էլ չենք ուզե դպրոցից հանենք. ախր անգրագետ կմեծնա: Գոնե մեկմ էղներ, ձեռք բռներ, երեխեքիս կրնայի բժշկի տանեի»:
Զրույցը ձգվում է, եւ այդ ընթացքում դաշտից վերադառնում է ընտանիքի հայրը: Աշոտը քչախոս է: «Ի՞նչ խոսամ, ինչ կա` երեւի Գայանեն պատմել է, կապրինք, էլի,- ասում է Աշոտն ու կնոջ գրկից վերցնում ձեռքերն իրեն պարզած Նարեկին:- Իմ սաղ դարդս էս երեխեքս են, մենք լավից-վատից վախտին կյանք տեսել ենք: Հմի շատ նեղն ենք, գյուղացի՞ն էլ մենակ մե հորթմ ունենա, գոմն էղնի, բայց մեջը դատարկ էղնի՞: Ստիպված ուրիշի անասունը կբերենք մեր գոմը կպահենք, որ թրիքն աթար էնենք, ձմեռը կրնանք պեչկ վառել, տաքնալ»: Ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով մեծ տղան` Նիկոլայը, գնացել է Ռուսաստանում ապրող հորաքրոջ մոտ: Աշոտը երբեք Հայաստանից չի մեկնել, չի փորձել արտագնա աշխատանքով ընտանիքի ապրուստը հոգալ: Հովհաննեսին էլ մի քանի ամսից բանակ են տանելու: Թվում է, թե տան հոգսը պիտի թեթեւանա, սակայն փոքրիկների` պրոգրես ապրող հիվանդությունը հուսահատության գիրկն է գցել Տոնականյան ամուսիններին:
«Կարո՞ղ ա ձեր գրածը հանկարծ մեզի քիչմ օգուտ տա,- հույսով լի աչքերով` հարցնում է Գայանեն,- ձեր թերթը շատ են կարդում, հա՞, երեւի, կարող ա մե բարերարմ կարդա ու մեզի օգնե: Կարող ա վերջապես Աստված մե դուռմ բանա մեզի համար»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել