Սանիտարական է՞տ, թե՞ հատում
«Հետքը» գրել էր, որ Ծիծեռնակաբերդի այգում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարող տարածքում գտնվող ռեստորանի մոտ բարդի ծառ է հատվել է: Այգում գտնվող քաղաքացիները հատողից պահանջել են ներկայացնել քաղաքապետարանի գրավոր թույլտվությունը:
«Ինքը թուղթ ուներ, որի վրա գրված էր, որ դիմել է քաղաքապետարան 14 բարդի ծառ թեթեւացնելու համար, քաղաքապետարանն էլ թույլ է տվել, այդ թուղթը միայն ստորագրած էր, կնիք չկար վրան»,- «Հետքին» պատմեց ականատես քաղաքացին, ով ցանկացավ անհայտ մնալ:
Բարդու բոլոր ճյուղերը հեռացրել են` թողնելով միայն 2 մետր բարձրությամբ արմատը: «Հետքը» այս մասին տեղեկացրել էր ԲՆ տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանին, ով խոստացավ տեսուչներին ուղարկել դեպքի վայր, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվում: Այսօր առավոտյան Ռոմիկ Մանգասարյանը հայտնեց, որ տեղի է ունեցել սանիտարական էտում` ծառի երիտասարդացման համար: «Իրենք քաղաքապետարանի թույլտվությունն ունեն, կարող եք ինքներդ գնալ-տեսնել»,- ասաց Բնապահպանական պետական տեսչության պետը:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ծառագետ Կարեն Աֆրիկյանը «Հետքի» խնդրանքով ներկայացրեց, թե որ դեպքում են սանիտարական էտումներ անում. «Երբ կան չորացած, ծուռ, հիվանդոտ ճյուղեր, այս ճյուղերի հեռացումը կոչվում է սանիտարական էտ»,- ասում է մասնագետը:
Երեւանի քաղաքապետարանի կայք-էջից տեղեկացանք, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ծառերը երիտասարդացնելու և դրանց զարդարուն տեսք տալու համար կատարվում է ծառերի սանիտարական էտ, որը կավարտվի դեկտեմբերի 20-25-ը:
Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանի խոսքով` «Հիմնականում հեռացվում են ծառերի այն շիվերն ու ճյուղերը, որոնք գերաճ են տվել և անկանոն են աճում` խոչընդոտելով երթևեկությանն ու արտաքին լուսավորությանը: էտը նպաստում է ծառերի ֆիզիոլոգիական հատկությունների բարելավմանը: Զարդարուն տեսք ստանալուց բացի, կանոնավորվում է ծառերի օդաթափանցելիությունը, կրճատվում է գոլորշիացումը»:
Ակնհայտ է, որ լուսանկարներում պատկերված բարդին չի համապատասխանում թե քաղաքի գլխավոր ծառագետի եւ թե անկախ մասնագետի ներկայացրած սանիտարական էտ կատարելու պայմաններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել