Մարզպետի եղբայրը վերջապես ասաց, որ պատգամավոր է ուզում դառնալ
Արգածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` «Հայդուկ» ՀԿ-ի հիմնադիր, մի շարք այլ ՍՊԸ-ների սեփականատեր Նաիրի Սահակյանը, վերջին մի քանի ամիսներին մերթ ընդ մերթ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Նրա հետ կապված վերջին խոսակցությունն այն էր, որ ծեծի է ենթարկել 7 երեխաների հայր, Սասունիկ գյուղի բնակիչ Ժորա Նազարյանին:
Նաիրի Սահակյանը չէր ցանկանում այդ պատմության հետ կապված պարզաբանումներ տալ` ասելով, թե «չոր հաշվարկով» Հայաստանում 1500 լրագրող կա, ինքը ժամանակ չունի հերթով բոլորին պարզաբանում տալ, ու այդ խոսակցությունների հետքերով իրավապահ մարմինները գնացել են եւ առաջիկայում կպարզեն, թե իրականում ինչ է եղել: Նաիրի Սահակյանն, այնուամենայնիվ, համաձայնեց հեռախոսով պատասխանել «Հետքի» մի քանի հարցերի:
Հանրապետության մեջ 20 տարի մենակ ազատամարտիկներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, սպորտսմեններին օգնել եմ, այս պատմությունը կա, մենք արել ենք ու շարունակելու ենք անել:
Ինչ վերաբերում է, որ ես մարդ եմ ծեծել, չէ, չեմ ծեծել, թերթերը ինչի՞ են գրում:
Թերթերն ի՞նչ գիտեն, որ գրում են, որտեղի՞ց իմացան, իրենք այնտե՞ղ էին, որ գրում են: Իմ ախպերը մարզպետ է, շատ բաներ դրա համար եմ կուլ տալիս:
Այսինքն, եթե Ձեր եղբայրը մարզպետ չլիներ, մարդ կծեծեի՞ք:
Չէ, ես այդպես չեմ ասում, որ իմ ախպերը մարզպետ չլիներ` մարդ կծեծեի: Ասում եմ, որ լիքը բաներ կա, կուլ ենք տալիս, որ մեր ախպորը չտանեն գցեն շառի մեջ, որովհետեւ այս երկրում օրենքը խիստ գործում է: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով որեւէ մեկը պատասխան տա: Ես չեմ ասում, որ ախպերս մարզպետ չլիներ` մարդ կխփեի: Ասում եմ, որ մի բան էլ դեռ հարթում ենք, ասում ենք` լավ, ախպեր ջան, քո էշը ոսկուց ա, մենակ թե հեռու գնա, ախպեր ջան: Ինձ ճանաչում են որպես բարերար, հանցագործ ինձ ոչ մեկ չի ճանաչում:
Բայց վերջին մի քանի ամիսներին Ձեր անվան հետ կապված մի շարք ոչ հաճելի խոսակցություններ եղան:
Ի՞նչ եք ուզում, ի՞նչ խոսակցություններ կան իմ անվան հետ:
Մեկն էլ այն, որ Ձեր ուսման վարձը Արագածավանի եւ Արտենիի գյուղապետերն են վճարում:
Ոչ, նման բան չկա, թյուրիմացություն է: Ես ուսանող էլ չեմ, արդեն ավարտել եմ:
Իսկ ճի՞շտ է, որ Դուք ցանկանում եք պատգամավոր դառնալ եւ մասնակցելու եք գալիք ընտրություններին:
Հա, պիտի դառնամ պատգամավոր, որովհետեւ ժողովուրդն է պահանջում, ես ոչ մի բան չեմ ուզում: Ժողովուրդն է ուզում, որ դառնամ պատգամավոր, որովհետեւ գիշեր-ցերեկ ժողովրդի համար եմ աշխատում, իրենց հոգսերով ու դարդերով եմ: Իրենց կողքից հեռու չեմ գնում, իրենց կողքը կանգնած մարդ եմ, բոլորի դիմումներին էլ արձագանքում եմ:
ՀՀԿ խմբակցության անդամ Խաչիկ Մանուկյանի ընտրատարածում եք պայքարելու պատգամավորական տեղի համար:
Խաչիկ Մանուկյանի ընտրատարածքը չհասկացա, պապենակա՞ն ա, ի՞նչ ա: Խաչիկ Մանուկյանն ի՞նչ ընտրատարածք ունի: Թիվ 15 ընտրատարածքն ա, ես չգիտեմ, թե ում ընտրատարածքն ա: Պետականորեն բաժանված ընտրատարածք ա, թե չէ, որ ասում եք Խաչիկ Մանուկյանի ընտրատարածքն ա, ես չգիտեի, որ էդ իրա սեփականությունն ա:
Իսկ Ձեր անվան շուրջ պտտվող խոսակցություններն արդյոք կապված չե՞ն պատգամավոր դառնալու Ձեր ցանկության հետ:
Դե կան մարդիկ, որ իրանց դուրը չի գալիս, որ ես ուզում եմ պատգամավոր դառնալ: Կան մարդիկ, որ թալանով են այս երկրում զբաղված, փող են կուտակում, մենք էլ ասում ենք` չէ, ախպեր ջան, ժողովուրդը մեղք ա, մի տեղ կարելի ա ժողովրդի ձեռքից փուշը հանել, ինչ որ բանով օգնել: Գնում են, կորում են, օրերով տարիներով չեն տեսնում մարդիկ իրենց դեպուտատին: Իսկ ես ապրում եմ Թալինի շրջանի Դիան գյուղում: Այդ գյուղում են իմ երեխեքը գնում դասի, ես ապրում եմ այդտեղ, իմ գյուղին, հարեւան գյուղերին, մարզին պետք եմ գալիս: Այսօր կարամ գնամ Երեւան, Մոսկվա մի տեղ ապրեմ, իմ գլուխը պահեմ, բայց ես ապրում եմ իմ ժողովրդի հետ, որովհետեւ ստեղ եմ ծնվել, մեծացել, իրանց հետ եմ չարություններ ու բարի գործեր արել, դրա համար ուզում եմ մնալ իրանց հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել