Ճանապարհի բարեկարգման աշխատանքներ այդպես էլ չեն կատարվել
1988թ.-ի երկրաշարժից հետո Ալավերդի քաղաքի սոցիալ-կենցաղային օբյեկտների շուրջ 74 տոկոսը դարձել էին վթարային: Այն ժամանակ Պետական հանձնաժողովի կողմից վթարային և բնակության համար ոչ պիտանի ճանաչվեցին քաղաքի բնակֆոնդի 45 բնակելի շենքեր: Այդ շեների բնակիչներին վերաբնակեցնելու համար, ՀՀ կառավարության որոշմամբ, 1989թ.-ին թուրքմենների կողմից Ալավերդի քաղաքում սկսվեց բնակարանային շինարարություն:
«Թուքմենշինի» կողմից կառուցվեցին շուրջ 14 բնակելի շենքեր, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թուրքմենները հեռացան, որի պատճառով էլ 5 շենքեր մնացին անավարտ: Անավարտ մնացին նորակառույց թաղամասի առանձին բնակելի շենքերի բակերի և դեպի թաղամաս տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները:
Թաղամասը բնակիչների կողմից կնքվեց Թուրքմենշին անունով:
Թեև թաղամասի բնակիչների բազմաթիվ ահազանգերին, ետխորհրդային տարիներին ճանապարհի բարեկարգման աշխատանքներն այդպես էլ չեն կատարվել: Ներկայումս այս թաղամասում բնակվող բնակիչների համար թաղամասից դեպի ճոպանուղի տանող ճանապարհը, հատկապես անձրևային եղանակներին, դառնում է անանցանելի: Չեն շարունակվել նաև անավարտ շենքերի շինարարական աշխատանքները:
Թաղամասում վխտում են անասունները, հակասանիտարական վիճակում է գտնվում թաղամասի աղբանոցը: Աղբը ժամանակին չտեղափոխելու պատճառով այն քամու և անասունների աջակցությամբ տարածվում է ողջ թաղամասով: Ինչպես հայտնեցին թաղամասի բնակիչները, հետիոտնի մի նեղ ճանապարհ բարեկարգելու համար դիմել են նաև Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: Քաղաքապետը, ըստ բնակիչների, պատասխանել է, թե մի քանի բնակչի համար չեն կարող ճանապարհ բարեկարգել, այդքան ֆինանսներ չունեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել