
ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր Մամուլի ազգային ակումբում, ամփոփելով 2009 թվականը, նշեց, որ անցնող տարվա ընթացքում կորուստներն ավելի շատ էին, քան ձեռքբերումները:
Ընթացիկ տարվա ամենակարևոր իրադարձությունը, որն, ըստ պատգամավորի, ալեկոծեց մեր հասարակությունը, հայ-թուրքական հարաբերությունների «արագընթաց և ոչ մտածված ձևն էր»:
«Դեռ տարվա սկզբին պարզ դարձավ ճանապարհային քարտեզի մասին, որի շուրջ քննարկում չի եղել, ինչն ապացուցում է, որ նման ձևով որոշում կայացնող իշխանությունների հետ մենք համատեղ անելիք չունենք: ՀՅԴ-ն դուրս եկավ կոալցիայից` անցնելով ընդդիմադիր դաշտ»,- ասաց նա:
Հայ-թուրքական ամբողջ գործընթացը, ըստ Վ. Հովհաննիսյանի, ճնշումների արդյունք է, և այդ ճնշումները դեռ կշարունակվեն: «Նախագահը կարող էր ասել` մենք ժողովրդավարական երկիր ենք, և մեզ մոտ գործադիր իշխանությունը չի կարող կանխորոշել պառլամենտի քվեարկության վրա, և պառլամենտն ազատ է քվեարկելու: Եվ եթե Ազգային ժողովն ազատ քվեարկի, արձանագրությունները չեն վավերացվի»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանը կարող է նաև վերապահումներ առաջ քաշել, որոնք ոչ թե ուղղակի կմերժեն բանակցային ընթացքում ծնված փաստաթղթերը, այլ կբարեփոխեն դրանք:
«Եթե Թուրքիան համաձայնի, շատ լավ, եթե ոչ, ուրեմն նոր փուլից կսկսեն: Բայց կարծում եմ` մեր իշխանությունների վրա ճնշումներ դեռ լինելու են: Իսկ Թուրքիան արձանագրությունները կվավերացնի շանտաժի որոշակի չափաբաժնից հետո»,- ասաց նա:
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը, և այդ օրերին, Վ. Հովհաննիսյանի խոսքերով` «Հայաստանում հանգիստ չի լինելու»: Դաշնակցությունը կազմակերպելու է ցույցեր, երթեր, տարբեր միջոցառումներ, որոնք տեղի կունենան որոշման կայացմանը նախորդող օրերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել