Հայաստանում վտանգված է Եվրադատարանի վճիռների և ՍԴ-ի որոշումների կատարման պրակտիկան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008թ. հունիսի 17-ին որոշել է, որ ՀՀ իշխանությունները խախտել են Մելտեքս ընկերության (Ա1+) ազատ արտհայտվելու իրավունքը, քանի որ հեռուստահեռարձակման արտոնագրի համար անցկացված յոթ մրցույթներն անցկացվել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներով: Վճռից անմիջապես հետո գործը փոխանցվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որն էլ մինչև այժմ իրականացնում է ՀՀ իշխանությունների կողմից վճռի կատարման վերահսկողությունը:
ՀՀ իշխանությունները մինչև այժմ զեկուցել են Նախարարների կոմիտեին, որ իրականացրել են մի շարք միջոցառումներ վճռի կատարման ուղղությամբ. վճարվել է Եվրոպական դատարանի վճռով սահմանված փոխհատուցումը, վճիռը թարգմանվել և հրապարակվել է, օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ: 2009թ. սեպտեմբերին ՀՀ իշխանությունները զեկուցել են, որ որպես խախտված իրավունքների վերականգնման միջոց, 2010թ. հուլիսին անցկացվելու է նոր մրցույթ:
Ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Եվրոպական դատարանի վճռով սահմանված խախտված իրավունքների վերականգման լավագույն միջոցը գործի վերաբացումն է ազգային մակարդակում` նախկին դատական որոշումների վերանայումը: Այս նպատակով Ընկերությունը 2008թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան գործը վերաբացելու դիմումով` հիմնվելով Եվրոպական դատարանի վճիռը որպես «նոր հանգամանք» սկզբունքի վրա: 2009թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դիմումն ընդունել է վարույթ, քննել և այնուհետև մերժել ընդունելիության մասին հարցը` պատճառաբանելով, որ Ընկերության դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք չեն բխում Եվրոպական դատարանի վճռից և որպես այդպիսին Եվրոպական դատարանի վճիռը չի կարող հանդիսանալ նոր հանգամանք: Իր դիմումով Ընկերությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների խախտման փաստը (այն, ինչ արել էր Եվրոպական դատարանը), անվավեր համարել ՀՌԱՀ վիճահարույց որոշումները և անցկացնել նոր մրցույթ:
Գործի վերաբացման դիմումը մերժվել էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20428 հոդվածի 1-ին մասի համաձայն: Սույն թվի սեպտեմբեր ամսին Ընկերությունը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վիճարկելով վերը նշված դրույթի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանը, դիմումը միացնելով մեկ այլ նմանատիպ պահանջով բերված դիմումի հետ, համարել է այն ընդունելի և դատաքննության օր նշանակել սույն թվականի դեկտեմբերի 15-ին ժամը 11:00-ին: Դատաքննությունն անցկացվելու է գրավոր:
Ընկերությունը պնդում է, որ նշված օրենսդրական դրույթը զրկում է ՀՀ քաղաքացիներին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և միջազգային ատյաններում իրենց խախտված իրավունքներն արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորությունից` ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածների հիմքերով: Գործի վերաբացում ըստ էության տեղի չի ունեցել: Դա նշանակում է, որ Եվրոպական դատարանի վճիռը իրավական հետևանք չի առաջացրել Ընկերության համար: Ընկերությունը գտնում է, որ եթե Եվրոպական դատարանի վճիռը համարվում է «նոր հանգամանք» ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի հիմքով, ապա այն պետք է հանգեցնի վարույթի վերաբացմանը և նախկինում կայացված որոշումների վերանայմանը:
Եթե Եվրոպական դատարանը որոշել է, որ ՀՀ իշխանությունները սխալ են կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դա ինքնին նշանակում է, որ ՀՌԱՀ-ի որոշումները 2003-2004թթ. դատական ստուգման ենթարկելիս ՀՀ դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Մինչդեռ, վերը նշված դրույթը թույլ է տալիս ազգային դատարաններին մերժել Եվրոպական դատարանի որոշումները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները որպես նոր հանգամանք դիտելը: Հետևաբար, ոչ միայն Ա1+ հեռուստաընկերության վճռի, այլ նաև Եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան ՀՀ-ում վտանգված է:
Արա Ղազարյան
Արտակ Զեյնալյան
«Մելտեքս» ընկերության ներկայացուցիչներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել