HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նույնիսկ գնդակահարությունը փոքր պատիժ ա անասնապահության համեմատ»

a-gasparyan_14.12.09Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Արշակ Գասպարյանը գյուղի անասնապահն է: Հերթական մի օր դաշտից տուն գալով իմացել է, որ համագյուղացիներից մեկը մարմնական վնասվածքներ է հասցրել հորը: Բժիշկները տարեց մարդու մոտ կոտրվածք են արձանագրել, եւ որդին որոշել է իր ձեւով պատժել հորը մարմնական վնասվածք հասցրած համագյուղացուն: «Էդ մարդն ինձ չի վնասել, բայց կպել ա իմ սրբությանը: Ջղայնացած եմ եղել, մի 2 հատ էլ խփել եմ նրան ու մեղքս ընդունել եմ: Իմ կարծիքով բոլորն էլ նման բան կանեին, եթե վնասեին իրենց ծնողին»,- արարքը պատճառաբանեց Արշակ Գասպարյանը: Նա չգիտեր հորը մարմնական վնասվածք հասցրած  համագյուղացուն պատասխանատվության ենթարկե՞լ են, թե՞ ոչ: «Ես իրա հետ գործ չունեմ, չգիտեմ ինքը պատասխանատվություն կրե՞լ ա, թե` չէ: Ես վնաս եմ տվել` իմ պատիժը կրել եմ»,- ասաց նա: Այս դեպքի առիթով Ապարանի ոստիկանական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն): Օրեր առաջ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան իր կատարած արարքի համար տուգանել է 100 000 դրամով: Արշակը նախաքննության ընթացքում պաշտպան չի ունեցել: Իր ասելով` «քննիչը շուտ-շուտ գիրքը կարդաց (նկատի ունի օրենսգիրքը,-Գ. Բ.), բայց երեւի այդ պահին չհասկացա, թե ինչ ա ասում ու ասեցի, որ ինձ փաստաբան պետք չի: Համ էլ` հոգնել էի միլիցիայություն ու դատարան գնալ-գալուց»: «Քննիչն ինչպե՞ս  է ձեզ բացատրել, որ պաշտպան ունենալու իրավունք ունեք»,- հարցրինք Արշակին: «Քննիչն ասեց, թե` մթամ ես կարող ա չհասկանամ օրենքները, պաշտպանը պիտի գա, որ ինձ պաշտպանի: Ես անասնապահ եմ, բայց կարամ պրոֆեսորի հետ հանգիստ խոսամ»,- ասաց Արշակը: Նա պատմեց, որ անձրեւի ու կարկուտի տակ մնալով է իր ընտանիքի հացը վաստակում եւ ի վիճակի չէր պաշտպան ունենալ: «Հո ես Ամերիկայից չեմ եկել, որ ֆինանսապես ապահովված լինեի: Ուղղակի թասիբով մարդ եմ, ոչ մեկին օգնության համար չեմ դիմում: Համ էլ խնդրում եմ` էլ քննիչից չխոսանք: Չգիտեմ գործը ճիշտ ա քննվել, թե չէ, բայց ես եմ հրաժարվել պաշտպանից: Համ էլ իմ համար պատիժը միեւնույն էր` նույնիսկ գնդակահարությունը փոքր պատիժ ա անասնապահության համեմատ: Դրանից բեթար պատիժ իմ համար էլ չկա»,- պատասխանեց Արշակը: Թեեւ Արշակի «սրտով» չէր քննիչի մասին մեր  հարցերը, այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է եղել, որ հանրային պաշտպան ունենալու իրավունք ուներ, որի համար պետությունն է վճարում: «Եթե այդքան բան իմանայի, որ անվճար պաշտպանի իրավունք ունեի` էլ ինչի՞ էի անասնապահ լինում»,- անկեղծացավ Արշակը: Նրա խոսքից պարզ էր, որ քննիչը «շուտ-շուտ» կարդացել է օրենսգիրքն ու այդպես էլ չի բացատրել պաշտպանի իրավունք ունենալու մասին, իսկ օրենսգրքի տերմինները անհասկանալի են եղել Արշակի համար: Քննիչը նաեւ չի ասել, որ նա հանրային պաշտպան ունենալու իրավունքից կարող է օգտվել, այլապես Արշակը առաջին անգամ մեզնից չէր լսի հանրային պաշտպանի մասին: Քանի որ գործը դատարանում քննվել է արագացված կարգով, օրենքի պահանջով պաշտպան ունենալը պարտադիր է: Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը գործին ներգրավել է մարզի հանրային պաշտպան Արսեն Գալստյանին: Սակայն, սովորաբար արագացված դատաքննությունների ժամանակ պաշտպանի մասնակցությունը գործին ձեւական բնույթ է կրում: Պարզապես ապահովվում է նրա ներկայությունը դատարանում: «Դատի վերջում նոր եմ իմացել, որ իմ կողմից փաստաբան ա մասնակցում գործին, մինչեւ էդ` չգիտեի»,- ասաց Արշակը: «Իսկ պաշտպանը դատարանում ձեր օգտին որեւէ բան ասա՞ց»,- հարցրինք նրան: «Դե, ասեց անասնապահ մարդ ա, Նոր տարի ա գալիս` ըտենց բաներ էլի»,-պատասխանեց Արշակը: Փաստ է, որ կոնկրետ այս գործով պաշտպանություն չի իրականացվել, պարզապես օրենքի պահանջով գործին ներկա են դարձրել պաշտպանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter