«Սուրբ տեղը» դատարկ չի մնա
Երեկ լրացավ Աբովյանի «Վան» ռեստորանում ձերբակալված հեղինակությունների 72 ժամը: Օրենքով գող Ռաֆայել Խոյեցյանին և «Պռատ» մականունով հեղինակությանը կալանավորել են, իսկ օրենքով գող Մանեթի տղա Սամոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ առաջին երկուսի մոտ հայտնաբերվել է հաշիշ տիպի թմրանյութ, Իսկ Սամվել Հարությունյանի մոտ` գաղտնի փականով դանակ:
Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր օրենքով գողի կարիք ուներ. օրերս այնտեղից ազատվել էր Օշականցի Գևորգը, և քանի որ «սուրբ տեղը» դատարկ չի մնում, շտապ նոր գողի կարիք էր եղել, ինչը և լրացվել է: Կալանավայրերի ադմինիստարցիան առանց օրենքով գողերի կամ հեղինակությունների չի կարողանում իրավիճակը վերահսկել, և նրանք ըստ էության դառնում են ռեժիմն ապահովող պարտադիր ատրիբուտներ:
Գրական մրցանակը ստացել է Վահագն Գրիգորյանը
Այս տարի գրականության հանրապետական մրցականին է արժանացել արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը: 2009 թվականի գրականության պետական մրցանակին ներկայացվել են հինգ ստեղծագործություններ` Վահագն Մուղնեցյանի «Տաբու», Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման», Ռուբեն Մարուխյանի «Չի կարելիի նոր արկածները» և լուսահոգի Արմեն Մարտիրոսյանի «Ներաշխարհի լռություն» բանաստեղծությունների ժողովածուն: Համապատասխան հանձնաժողովը` Լևոն Անանյանի նախագահությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է Գրիգորյանի գործը:
Վահագն Գրիգորյանն ապրում է Լատվիայում, Հայաստան այցելում է տարին 1-2 անգամ: Իսկ գրականության համար պետական մրցանակը տրվում է երկու տարին մեկ: Անցյալ տարի այդ մրցանակը կազմել է 5 000 ԱՄՆ դոլար: Սակայն այս տարվա մրցանակը դեռ պարզ չէ, թե որքան կկազմի:
«Շարմի» տղաներին «նեղում են»
«ՉԻ» իրազեկ աղբյուները փոխանցում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում շարունակվում է «Շարմ» ընկերության և դրա հետ կապված բոլոր ընկերությունների ներկայացուցիչների «հարցաքննությունը»: Հիշեցնենք, որ հայտնի չեմպիոն Ալբերտ Ազարյանի նույնքան հայտնի դարձած հայհոյանքներից հետո թեև որևէ քրգործ չկա հարուցված, այնուամենայնիվ իրավապահներն են զբաղվում այդ խնդրով` փորձելով բացահայտել, թե ովքեր են կազմակերպել այդ խայտառակությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի:
Ըստ դեռևս ճշտվող տեղեկությունների, 6-ում սովորության համաձայն, լավ ծեծել են «Շարմի» տղաներին` ստիպելով խոստովանել, թե կոնկրետ ով է նկարահանել Ալբերտ Ազարյանի և Հրանտ Թոխատյանի` Սերժ Սարգսյանին գովերգող հոլովակները: Իսկ «Շարմն» էլ ամեն ինչ անում է` ապացուցելու, թե իրենք որևէ կապ չունեն այդ տեսանյութի հետ և որ այդ ամենը հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Ի դեպ, ԱԱԾ-ից ամենևին էլ հեռու չէ նաև այս գործառույթը, քանի որ այդ կառույցը վաղուց մտել է «մուտիլովկաների» դաշտ` կորցնելով իր իրական դերակատարությունը:
Ամուսնալուծվել են
Հայաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Շուշան Պետրոսյանը, կրկին ամուսնալուծվել է: Նրա արդեն նախկին ամուսինը` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր աշխատակից (կրտսեր տեսուչ) Արման Հարությունյանն, այժմ ստիպված է ավելի քիչ հայտնվել հանրության առջև:
Շուշան Պետրոսյանն, ըստ էութայն, դեպի շոու-բիզնես կանաչ ճանապարհ էր բացել այլևս նախկին ամուսին Ա. Հարությունյանի համար, իսկ այժմ վերջինս երգչուհու սև ցուցակում է հայտնվել: Այս երիտասարդը, սակայն, ավելի հայտնի դարձավ 2008թ. մարտի մեկին նախորդած իրադարձությունների ժամանակ. հենց Ա. Հարությունյանն էր դաժան ծեծի ենթարկել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և նրա հաշմանդամ եղբորը, ինչպես նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Թերթի տեղեկություններով, այժմ ընթանում է ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի բաժանման գործընթաց:
Կոալիցիան` «ուժեղների միավորում»
«Անցած տարի նախագահական ընտրություններից հետո, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր քաղաքական թիմով որոշում կայացրեց մաս կազմելու քաղաքական կոալիցային, ծանր և դժվարին իրավիճակ էր, բայց դժվարին իրավիճակները թույլերին բաժանում են, ուժեղներին միավորում»,- շաբաթ օրը կայացած ՕԵԿ 9-րդ համագումարում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:
«Մեր միավորումը Սերժ Սարգսյանի հետ ուժեղների միավորում է, որովհետև մենք չգնացինք արյունահեղության ծավալները մեծացնելու, հասարակությունը պառակտելու, թշնամությունը խորացնելու ճանապարհով»,- եզրակացրեց ՕԵԿ նախագահը:
«Առավոտի» խնդրանքին` հակադարձել այս հայտարարությանը` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց. «Հակադարձել հնարավոր է գոյություն ունեցող բանին»:
Քրդերը ֆիլմ են նկարահանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ
«Հայերը Քրդստանում»` այսպես է կոչվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը, որը պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քրդստան փախած և Թուրքիայի և Իրաքի ներկայիս սահմանին գտնվող Զախո քաղաքի մերձակա գյուղերում հաստատված հայերի մասին:
Այս ֆիլմը նկարահանում է քուրդ ռեժիսոր Ռանջդար Ռիզգարը քուրդ կինեմատոգրաֆիստների օգնությամբ: Ֆիլմը պատմում է քրդերի և հայերի հարաբերությունների մասին, ինչպես նաև ներկայացնում Քրդստանի հայերի նկատմամբ քրդերի վերաբերմունքը:
Վերջին տարիներին որոշ քուրդ առաջնորդներ ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությանը քրդերի մասնակցության համար: Ֆիլմը նաև պատմում է Քրդստանի հայերի կրոնի, լեզվի և սոցիալական ավանդույթների մասին: Նշվում է, որ վերջին ընտրություններում հայերը մեկ տեղ են ստացել Քրդստանի խորհրդարանում:
Շտաբը ձևավորվեց
Անցած շաբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «ՀԺ» գլխավոր խմբագիր, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի անդրանիկ նիստը:
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել է, որ թիվ 10 ընտրատարածքը բաժանվել է յոթ մասերի, որոնցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ստանձնել է Կոնգրեսի անդամ կոնկրետ քաղաքական ուժ կամ անհատ:
Ըստ այդմ, յոթ ենթաշտաբները կձևավորեն հետևյալ քաղաքական միավորները. Հայաստանի ժողովրդավարական, Հայոց համազգային շարժում, «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը և Կոնգրեսի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Ի պաշտոնե, նախընտրական շտաբի կազմում ընդգրկված են նաև Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև` նախընտրական քարոզչության, «Դռնեդուռ» ակցիայիև վստահված անձանց ուսուցման պատասխանատուները:
Հուշարձան
Աշխարհահռչակ աստղագետի` Վիկտոր Համբարձումյանի անվան այգում այսօր տեղի կունենա նրա հուշարձանի բացումը:
Ինչպես տեղեկացրեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, հուշարձանի ստեղծման գաղափարն առաջացել է դեռ մի քանի տարի առաջ: Իսկ անցյալ տարի, աստղագետի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, կառավարությունը որոշում կայացրեց իրականություն դարձնել այդ մտահղացումը: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել