HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարտունու ավագանին որոշում է կայացրել` հակադրվելով կառավարության որոշմանը

16_12-gazalcakayan«Հետքն» իր նախորդ մի քանի հրապարակումներով անդրադարձել էր գեներալ Հայկազ Բաղմանյանի որդուն` Պավել Բաղմանյանին պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի  եւ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի միջեւ ծագած վեճին: Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանն իրեն պատկանող հողամասում գազալցակայան կառուցելու նպատակով ստացել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, ձեռք է բերել տեխնիկական պայմանները հիմնավորող բոլոր փաստաթղթերը, փորձագիտական եզրակացությունները: Պավել Բաղմանյանը, օգտվելով պանրագործարանին պատկանող փաստաթղթերից, նրա հողում 6038 քմ հատվածի վրա կառուցել է գազալցակայան եւ շահույթ է ստանում` առանց թույլտվության եւ վարձակալական պայմանագրի: Նախնական պայմանավորվածության համաձայն` ստացված շահույթի 30 տոկոսը պետք է տրվեր Թ. Բաղդասարյանին: Գեներալի որդին խախտել է պայմանավորվածությունը եւ նախընտրել է ստացված շահույթը որեւէ մեկի հետ չկիսել: Դրանից հետո Թ. Բաղդասարյանը մի քանի անգամ դիմել է Մարտունու քաղաքապետին` խնդրելով դադարեցնել իր տարածքում ապօրինի գործող գազալցակայանի գործունեությունը, քանի որ այն ինքնակամ շինություն է: Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը գրավոր դիմել է Թ. Բաղդասարյանին` օրինականացնել ապօրինի շինությունը: Թ. Բաղդասարյանի գազալցակայանն օրինականացնելու համար, դեռեւս 29.08.08 թ. գրությամբ դիմել է քաղաքապետին, սակայն մինչ օրս սեփականատիրոջ դիմումին քաղաքապետարանն ընթացք չի տվել: Մայիսից  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն  հայցով դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` սեփականության իրավունքը ճանաչելու եւ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին: ՍՊԸ-ն դատարանից խնդրում է պանրագործարանին պարտադրել իր հետ վարձակալության պայմանագիրը կնքել 99 տարով: Մայիսից սկսված դատաքննությունից մինչ օրս ոչինչ չի հստակեցվել; Նույնիսկ դժվար է կանխատեսել` դատաքննությունը երբեւէ կավարտվի՞, թե՞ անվերջ շարունակվելու է: Դեկտեմբերի 15-ին նշանակված դատաքննությունն էլ հետաձգվեց` ՍՊԸ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով: Պավել Բաղմանյանը, ինչպես նաեւ դատարանում «երրորդ անձ» հանդես եկող Մարտունու քաղաքապետարանն ու Կադաստրի Մարտունու ստորաբաժանումը, շեղվելով հայցի առարկայից փորձում են դատարանի աջակցությամբ համայնքային սեփականություն դարձնել դեռեւս 1968 թվականին Հայկական մինիստրների սովետի որոշումով պանրագործարանին հատկացված 6 հա հողի 3.7 հեկտարը: Թեեւ կա կադաստրի կողմից տրված վկայական, որ պանրագործարանին պատկանում է 6 հա տարածք, սակայն, այդ կառույցում պնդում են, որ գրանցված է միայն 2.3 հա, իսկ մնացած 3.7 հա-ի մասին` խոսք չկա: Թեեւ  «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն դատարան է դիմել` «սեփականության իրավունքը ճանաչելու եւ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին» հայցով, սակայն` դատարանը ՍՊԸ-ից ընդունում է միջնորդություններ, որոնք ըստ էության կասկածի տակ են դնում 6 հա հողատարածքի պատկանելությունը պանրագործարանին: Հուլիսի 10-ի դատաքննության ժամանակ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարանին, որով պետք է հիմնականում պարզվեր, թե` 1. Որքա՞ն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող հողատարածքը, ըստ նպատակային նշանակության՝ ի՞նչ դասի է, ե՞րբ, ու՞մ եւ ի՞նչ կարգով է հատկացվել, այժմ ու՞մ սեփականությունն է հանդիսանում, եւ ի՞նչ իրավունքներ կան գրանցված այդ հողամասի նկատմամբ: 2. Չափագրման աշխատանքներ կատարելու միջոցով պարզել, թե վերը նշված հասցեում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից փաստացի որքա՞ն շինություն եւ հողատարածք է զբաղեցվում, նշված շենք-շինությունները գտնվում են հատկացվա՞ծ, թե՞ զավթված հողատարածքի վրա: 3. Նշված տարածքում կառուցված գազալիցքավորման ճնշակայանը հանդիսանու՞մ է անշարժ գույք, թե՞ ոչ: Դատավոր Վանիկ Վարդանյանն ընդունել էր միջնորդություննը, որով նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն եւ կատարումը հանձնարարվել էր կադաստրի պետական կոմիտեին: Այսինքն` փորձաքննությունն արել է մի մարմին, որը գործի ելքով շահագրգռված է եւ դատարանում կողմ է հանդիսանում: Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը 11.08.2009թ. գրությամբ դատարանին պատասխան է ուղարկել, որ «փորձաքննությամբ առաջադրված հարցերին հնարավոր չէ եզրակացություն տրամադրել այն պատճառաբանությամբ, որ ներկայացված փաստաթղթերով պարզ չէ` իրավունքի պետական գրանցում ստացած «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի 2.3 հա մակերեսով հողամասի դիրքը, ինչպես նաեւ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի զբաղեցրած հողամասի հատակագիծը, որի պատճառով հնարավոր չէ պարզել ԱԳԼՃԿ-ի զբաղեցրած հողատարածքի պատկանելությունը»: Այս եւ մի շարք այլ պատճառաբանություններ նշելով` Ա. Մուսայանը դատարանին գրել էր, որ մասնագիտական եզրակացություն տալ «չեն կարող»: Դրանից  հետո դատարանը Թաթուլ Բաղդասարյանին դեկտեմբոերի 2-ին ուղարկում է Կադաստրի Մարտունու ստորաբաժանման կողմից տրված «մասնագիտական եզրակացությունը», որի դեմ առարկություններ է ներկայացրել պանրագործարանի տնօրենը` նշելով, որ վիճաբանության կողմ հանդիսացող Կադաստրը մասնագիտացված փորձաքննական հաստատություն չէ: «Գտնում եմ, որ ներկայացված մասնագիտական եզրակացությունը հակասում է գործող օրենսդրությանը, կրում է շահագրգիռ բնույթ եւ չի կարող որեւէ ձեւով նպաստել առկա վեճի օբյեկտիվ կարգավորմանը»,- նշված է առարկության մեջ: Բացի դա, քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվել փորձաքննությանը: Թ. Բաղդասարյանի չի ծանուցվել փորձաքննության անցկացման օրվա եւ ժամի մասին եւ եզրակացության մասին իմացել է դատարանում: Բացի դա, որեւէ մեկը չի դիմել դատարան 6 հա հողամասի նկատմամբ «Մարտունու պանրագործանար» ԲԲԸ-ի գրանցված իրավունքների վիճարկման հարցով: Հետեւաբար դատարանը չպետք է բավարարեր «Պավել եւ ընկերներ»-ի միջնորդությունը, քանի որ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Այս դեպքում դատարանն իր կողմից «լավություն» է արել գեներալի որդուն` ինքնակամ նախաձեռնություն ցուցաբերելով: Յուրօրինակ մոտեցում էլ դրսեւորել է Մարտունու քաղաքապետը: Դեկտեմբերի 11-ին քաղաքապետարանում հրավիրվել է ավագանու հերթական նիստ: Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերել է պանրագործարանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքին: Դատարանի լիազորություններ ստանձնելով` ավագանու 11 անդամից 8-ը քվեարկել են գեներալի որդու գազալցակայանի տակ գտնվող հողը` 0.6 հա, ճանաչել համայնքային սեփականություն: Որոշմանը դեմ է քվեարկել ավագանու անդամներից միայն մեկը` Էդիկ Դարբինյանը: «Ես չէի կարող կողմ քվեարկել, քանի որ հողը Թաթուլ Բաղդասարյանի սեփականությունն է: Ինչպե՞ս կարող էի կողմ քվեարկել եւ քաղաքացուն զրկել սեփականության իրավունքից: Դա չըլնող բան է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Է. Դարբինյանը: Փաստորեն, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն ու իր թիմակից ավագանու անդամները որոշել են իրենց որոշումը դարձնել իրավաբանորեն ավելի գերակա, քան կառավարության որոշումն է, որով ճանաչվել էր ընկերության սեփականությունը 6 հա-ի համար: Բացի դա, ավագանին իրավունք չունի քաղաքացուն զրկել իր սեփականությունից: Այդ իրավասությունը տրված է միայն դատարանին: Սակայն դրանով քաղաքապետը փորձում է հողը դարձնել համայնքային եւ ավելի հեշտությամբ այն նվիրել կամ վարձակալությամբ հանձնել  գեներալի որդուն: Բազմիցս գրել էինք, որ նույն քաղաքապետը եւ ավագանիները բազմիցս Թ. Բաղդասարյանին տվել են փաստաթղթեր, որով ճանաչում են պանրագործարանի սեփականության իրավունքը 6 հա հողատարածքի նկատմամբ: Դեռեւս 17.03.08 թ. նույն քաղաքապետը գրավոր դիմել է Գեղարքունիքի մարզպետին, հայտնելով որ պանրագործարանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքագործման եւ այլ արտադրական նշանակության 1 հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու համար: Նշենք, որ դա այն հողատարածքն է, որի վրա այսօր գտնվում է Պավել Բաղմանյանի գազալցակայանը: Նույն թվականի մարտի 3-ին էլ ավագանին որոշել է «ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող» 1 հա հողամասը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա: Քաղաքապետարանում կայացված իրար հակասող փաստաթղթերը բազմաթիվ են, որոնց համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Դա է պատճառը, որ Մարտունու ավագանին որոշել է իրեն վերապահել դատարանի լիազորություններ եւ արտառոց որոշումներ կայացնել, առանց պատկերացնելու` դրանց իրավական հետեւանքները: «Եթե այդ որոշումը Արդարադատության նախարարությունում գրանցվեց` այն վիճարկելու եմ դատարանում»,- մեզ փոխանցեց Թաթուլ Բաղդասարյանը: Ավագանու դեկտեմբերի 11-ի որոշումը ստանալու համար երեկ գրավոր հարցում ենք փոխանցել Մարտունու քաղաքապետին: Մեր հարցումը գցեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանի տրամադրությունը: «Ես չէի ցանականա, որ այս հարցն այսպիսի հնչեղություն ունենար»,- սրտնեղեց Խ. Խլղաթյանը: Թեեւ քաղաքապետարանը առանց իրավական որեւէ փաստաթղթի ասում է, որ պանրագործարանի հողերի մի մասը համայնքին է, սակայն նույն պանրագործարանից ամեն տարի հարկ է վերցնում 6 հա-ի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter