Վթար մայրաքաղաքում և մարզային մայրուղիներում
Այսօր, ժամը 00.45-ին ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սեբաստիա փողոցում` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար, ինչի հետեւանքով ծառ է շրջվել, փակել ճանապարհի բանուկ հատվածը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-31» մակնիշի տաքսի եւ «Մերսեդես» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաները (պետհամարանիշները ճշտված չեն):
Պատահարի հետեւանքով զոհվել է անձը չպարզված մեկ քաղաքացի, իսկ 1981 թ. ծնված Սպարտակ Ալեքսանյանը եւ 1985 թ. ծնված Արմեն Օհանյանն ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Փրկարարների օգնությամբ վթարված ավտոմեքենաները հեռացվել են, իսկ շրջված ծառը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Վթար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին. զոհվել է վարորդը
Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶ-31105» մակնիշի 01 ՏՕ 266 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ` Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Խաչիկ Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` նույն գյուղի բնակիչներ, 1973 թ. ծնված Էդուարդ Տեր-Գրիգորյանը եւ 1974 թ. ծնված Էդգար Հովհաննիսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ավտոպատահար Աշտարակ-Ապարան մայրուղում. զոհվել է Վրաստանի հայազգի քաղաքաքցին
Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի «FLA-837» եւ «ԳԱԶ-31» մակնիշի 09 ՍՏ 953 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել-Վեկտրա» ավտոմեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Ն. Զուրաբյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-31» ավտոմեքենայի վարորդը` Երեւանի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Մարտիրոսյանը եւ ուղեւորը` Ապարանի բնակիչ, 1982 թ. ծնված Ասքանազ Նիկողոսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել